Այս հարցը ես բարձրացրել եմ Լենին ժամանակ, Ստալինի ժամանակ․ ԼՀԿ պատգամավորը՝ Փաշինյանին

Այս հարցը ես բարձրացրել եմ Լենին ժամանակ, Ստալինի ժամանակ․ ԼՀԿ պատգամավորը՝ Փաշինյանին

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ծրագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սրբուհի Գրիգորյան անունով մի պատգամավոր ուշագրավ ձևակերպմամբ հարց հնչեցրեց։ Նրա հարցը վերաբերում էր բնակչության անվատնգությանը, մասնավորապես՝ վթարային շենքերին։

«Այս հարցը ես, ինչպես ժողովուրդն է ասում, բարձրացրել եմ Լենին ժամանակ, Ստալինի ժամանակ, բայց լուծում չի գտել»,-ասաց պատգամավորը։ Վարչապետն էլ առիթը բաց չթողեց և կոմպլիմենտ արեց կին պատգամավորին՝ ակնարկելով, որ Լենինի ու Ստալինի ժամանակներից ի վեր՝ նա լավ պահպանվել է․ «Շատ լավ տեսք ունեք, ասեմ Ձեզ»։

Դահլիճում ծիծաղ պոռթկաց։ Շարունակելով հարցը՝ Սրբուհի Գրիգորյանն ասաց․ «Ես հիմա ուզում եմ հասկանալ՝ հեղափոխական իշխանությունն արդյոք հեղափոխական քաղաքականություն վարելո՞ւ է հանրապետությունում վթարային շենքերի բնակիչների անվտանգությունն ապահովելու հետ կապված, որովհետև բոլորս գիտենք, որ դրանց թիվը փոքր չէ, բայց կոնկրետ Սիսիանի օրինակով բերեմ, ունենք մեկ շենք, որը չորրորդ կարգի վթարային է, և այդ շենքի բնակիչներն ամենժամյա վտանգի տակ են ապրում»։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ բյուջեում մեր ունեցած միջոցներն այսօր հազիվ հերիքում են մեր առօրյա ծախսերը հոգալուն և կապիտալ ծախսերի համար փող չի մնում։