Մենք ձրի ականջ ունե՞նք՝ ցնդաբանություն լսենք. Սամվել Բաբայանի գործով նիստը շարունակվում է

Մենք ձրի ականջ ունե՞նք՝ ցնդաբանություն լսենք. Սամվել Բաբայանի գործով նիստը շարունակվում է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, շարունակվում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով դատական նիստը: Հիշեցնենք՝ թավշյա հեղափոխությունից հետո վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր կրկին առաջին ատյանի դատարան՝ վերաքննության:

Այսօրվա նիստում շարունակվում է ապացույցների հետազոտումը, մեղադրող Արամ Արամյանը ներկայացրեց անջատված մասով մեղադրյալ Հրաչյա Մայիլյանի ցուցմունքը:

Այս ընթացքում գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը տեղից ասաց, որ ամեն ինչ սուտ է, ինչո՞ւ պիտի լսեն դա. «Բա որ սկզբից սուտ է լինում, մենք նստե՞նք, մարդը սուտ ա ասում, մենք տենանք, մենք ձրի ականջ ունե՞նք՝ լսենք ցնդաբանություն»:

Դատավորը նկատողություն արեց Գաբրիելյանին՝ նշելով, որ ապացույցների հետազոտման կարգ է սահմանվել, ինչը պետք է պահպանել:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) և դատապարտել 6 տարվա ազատազրկման։ 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը: