Բռնակալների որջում. հղի հարսը, հողաթափով ծեծն ու գիշերային փախուստը

Բռնակալների որջում. հղի հարսը, հողաթափով ծեծն ու գիշերային փախուստը

Լիլիթը 19 տարեկան էր: Ամուսնացավ ու Երեւանից հարս գնաց Հայաստանի հյուսիս` հակառակվելով ծնողների կարծիքին, թողնելով ուսումը: Ի՞նչ իմանար, որ ամուսնության առաջին ու միակ 2 տարին իր համար փորձությունների շարան է նախապատրաստել, որտեղից արդեն 2 տարի հետո ոտաբոբիկ, 6 ամսական բալիկին կրծքի տակ, պիտի գլխակորույս փախչեր: Այդ երկու տարվա ընթացքում միակ նվերը պիտի լինեին ծանր հողաթափերը, որոնք ֆիզիկական բռնության հիմնական գործիքը պիտի դառնային: Լիլիթի ամուսնական կյանքը սկսվեց այս արտահայտությամբ. «Եթե որեւէ սկեսուր կասի, որ իր հարսին սիրում ա, չհավատաս»:

Մայր դիկտատորը

«Ես չգիտեմ՝ փաստի առաջ կանգնեցի, թե հիմարության, բայց երբ ինձ ասացին` գիտես, չէ՞, բալիկ ջան, էլ չես սովորելու, ես համաձայնեցի»,- տարիներ անց արդեն ծիծաղով է պատմում Լիլիթը: Ամուսինը 21 տարեկան էր: Հիմնական բարդությունները կապված էին տղայի ծնողների հետ: Հայրը հաշմանդամ էր, իսկ մայրը` տան դիկտատորը: Տան «ասողը» նա էր, բոլոր հարցերը նա էր լուծում ու բոլոր որոշումները կայացնում: «Ինքն իր տղային շա՜տ ուրիշ ձեւ էր վերաբերվում: Ինձ պատմում էր, ասում էր, որ «տղես բանակ էր գնացել, ես 2 տարի անկողինը չեմ փոխել, որ ամեն գիշեր պառկեմ տղայիս անկողնում, հոտ քաշեմ, հետո նոր քնեմ»,- պատմում է Լիլիթն ու հիշում։- Երբ մի անգամ գնացել էի ծնողներիս տուն, վերադարձա, տեսա` մեր մահճակալներն առանձնացրել է ու այդ ընթացքում քնել տղայի սենյակում` իմ մահճակալին: Ես չհասկացա` ինչու… չգիտեմ, այն ժամանակ շատ չէի խորանում, մտածում էի` հա, դե ոչինչ»:

«Ես միշտ ասում եմ, որ եթե ինքը որբանոցից լիներ, ես իրեն կերջանկացնեի, բայց էդ մարդն իր ամբողջ կյանքը կապրի ու չի իմանա` երջանկությունն ինչ է»,- ասում է Լիլիթը: Ամուսինն անընդհատ մոր ազդեցության ներքո էր: Լինում էր` վիճում էին. «Դե, վեճ էր, անցավ-գնաց, մեկ էլ գիշերն արդեն քնած էինք, դուռը բացում էր, ասում` կնոջդ հանկարծ չծեծես, ու գնում էր: Մենք քնած էինք, ու ոչ մեկ ոչ մեկի չէր ծեծում, բայց ինքը բզում էր էնքան, մինչեւ մի բան դառնա: Ինքն անընդհատ ստիպում էր, որ տղան ինձ խանդի: Օրինակ` տղային պատմում էր, որ հարեւանի մարդն ինձ բարեւեց միջանցքում, ու էդ մարդն իմ հոր տարիքի էր: Կամ՝ մի անգամ կոմպոտ էի լցրել բաժակները, ու էնպես էր ստացվել, որ մի բաժակ ավել էի լցրել, պատահաբար, ու էդ պահին հարեւանի մարդը ներս մտավ, սկեսուրս, թե՝ սպասո՞ւմ էիր, որ կգա: Ու էնքան, մինչեւ դարձավ ծեծ, կռիվ ու ջարդ»:

Շուտով հողաթափերն ամուսինը գործի դրեց. պարբերաբար ծեծում էր Լիլիթին` աստիճանաբար ավելի հաճախակի դարձնելով բռնությունը. «Էնքան էր խփել գլխիս, շիշկաներ էին առաջացել»: Գոռոցների, ծեծուջարդի ձայներից սկեսուրը կողքի սենյակում իբր չէր լսում, օգնության չէր գալիս: Ծնողները տեղյակ չէին, որ Լիլիթը բռնության է ենթարկվում: Քանի որ նրանց կամքին հակառակվելով էր ամուսնացել, չէր ուզում ասել` ինչ վիճակ է: Ուզում էր նրանց հակառակն ապացուցել: Հույս ուներ` ամեն բան կկարգավորվի ժամանակի հետ:

Հղիությունն ու բռնությունը՝ համատեղելի՞

Նույնիսկ Լիլիթի հղիությունն արգելք չդարձավ սպիտակ ու ծանր հողաթափերի հարվածների առջեւ: Հիշում է․ մի անգամ` մարտ ամսին, գյուղի բարեկամի տանը հերթական վեճից հետո դրսի պատշգամբում գիշերեց, թախտն ու հին գորգն անկողին ու վերմակ դարձան այդ գիշեր. «Հիմա մտածում եմ` ինչի՞ց էի վախենում, ինչո՞ւ հենց էդ ժամանակ չէի փախչում»:

Լիլիթին հեգնանքով էին վերաբերվում: Հիմա ինքն իրեն չի հարգում, որ այդ տանն ապրել է: Սկեսրայրը կույր էր, երբ հարցնում էր, թե ինչպիսին է Լիլիթը, սկեսուրը պատասխանում էր. «Վա՜յ, լավ է` կույր ես, չես տեսնում»: «Ես լսում էի դա, բայց լռում էի: Ինձ միշտ թվում էր, որ հետո կփոխվի: Ինքն ինձ ասում էր. «Տեսնո՞ւմ ես` ինչ լավ ենք քեզ վերաբերվում, իմ գալու օրվանից մարդս ինձ ծեծում էր: Այսինքն` իրենց համար նորմալ էր ծեծը: Օրինակ` իրենց տանը չէիր կարող հաց ուզել ու վերցնել, ուտել, իրավունք չունեիր: Ինձ ասում էր` ժամը վեցից հետո մի կեր, ստամոքսդ կցավի»:

Ինքը մինչեւ տուն չգար, պիտի չուտեի, ինքը գիտեր, թե տանն ինչքան հաց կա»: «Հղի ժամանակ սիրտս յոգուրտ էր ուզում, ու չգիտեմ, թե ոնց դուխս հերիքեց, ամուսնուս ասացի: Մի հատ յոգուրտ էր բերել: Էդ յոգուրտը կերա` չիմանալով, որ հետո քթիցս պիտի գա: Բոլորին պատմում էր, որ «տղիս գլխին նստել ա, ինչ ասում ա, նա անում ա»: Ամուսինն աշխատում էր, բայց աշխատավարձը մայրն էր տնօրինում, իր մոտ երբեմն կարող էին կոպեկներ մնալ: Լիլիթի ձեռք բերածն այդ 2 տարվա ընթացքում միայն այն ծեծող սպիտակ հողաթափերն էին ու մի տաբատ, որը հագնում էր հղիության ընթացքում, ինչպես ինքն է ասում` չկոճկելով, որպեսզի կարողանար մեջը տեղավորվել: 6 ամսական հղի էր, ծեծն ու բռնությունն ամենօրյա էին դարձել:

Բժշկական ոչ մի ստուգում, հաշվառում չէր անցել: Միայն մի անգամ նրանց պահանջով ստուգել էր երեխայի սեռը. տղա էին ուզում, աղջիկ լինելու դեպքում Լիլիթը չգիտի` ինչ էին որոշելու:

Փախուստ ու փրկություն

Հերթական վեճը հերթական անդուր օրը վճռորոշ դարձրեց Լիլիթի համար: Որոշել էր` պիտի հեռանա: Որոշումն ավելի անսասան դարձավ, երբ իմացավ, որ հայրը սրտամկանի կաթված է տարել, վիճակը ծանր է: Ամուսինն անհողդողդ էր, թույլ չի տա, որ Լիլիթը գնա հորը տեսակցելու: Ի դեպ, այդ 2 տարվա մեջ Լիլիթը մեկ անգամ էր Երեւան գնացել` ծնողներին տեսության: «Ես ծնկաչոք լացում ու խնդրում էի, որ թողնի ավտոբուսով գնամ հիվանդանոց՝ պապային տեսնելու, ասում էի՝ խնդրում եմ, տուն չեմ գնա, միայն հասնեմ հիվանդանոց ու հետ գամ: Ասեց՝ ա՜յ էդպե՜ս, լացի՜, լացի՜…»:

Սա վերջին դեպքն էր, որից հետո Լիլիթը վերջապես ուժերը հավաքեց ու որոշեց` այդ մարդու ընտանիքում ու նրա կողքին անելիք չունի: Սկեսուրը գնաց մոր տուն, Լիլիթը սկսեց իրերը թաքուն հավաքել, հաջորդ առավոտ ամուսինը գնաց աշխատանքի: Լիլիթը գիշերանոցով, կոշիկները թեւատակին, փախավ: «Ես պիտի մի տեղ գնայի, էդ իրերս թողնեի, հագուստս փոխեի: Գնացի նախկին հարեւանուհուս տուն, բայց շքամուտքում ամուսինս հասավ հետեւիցս, ինչ-որ պատճառով գործի չէր գնացել, վերադարձել էր ու տեսել` ես չկամ: Մազերիցս քաշելով, գետնին քարշ տալով` ինձ հետ տարավ»: Հարեւանների իմաց տալուց հետո մայրը գալիս է ու Լիլիթին տանում:

«Մամաս շոկի մեջ էր, ինքն էլ չէր հավատում… սկզբից մամաս ինձ տարօրինակ էր նայում, մտածում էր` գժվել եմ»,- պատմում է Լիլիթը: Երբ երեխան ծնվում է, ամուսինը գալիս է, առանց երեխային նայելու` ասում Լիլիթին` գալի՞ս ես, արի՜, արի՜, տես քեզ ինչ օրն եմ քցելու»: Իսկ սկեսուրը սպառնացել է. «Դե, որ չես գալիս հետ, գնալու եմ ասեմ` սիրածի հետ եմ բռնել, տնից դուրս եմ հանել»: Տղայի հետ այժմ կապ չունեն: Չի տեսել հորը: Առաջին դասարանում Ձմեռ պապիկից խնդրել էր տեսնել հորը, Լիլիթը որոշեց հանուն տղայի դիմել հորը, քաղաքակիրթ մարդկանց նման լինեն, տեսնի երեխային: Առաջարկեց նույնիսկ տրանսպորտի ու երեխայի կոնֆետների համար վճարել, միայն երեխան նրան տեսնի:

Պատասխանեց. «Ինձ պետք չեք դու ու քո լակոտը»: Մի անգամ ասել է. «Լիլիթը կպահի-կմեծացնի, ես կոպեկներով կառնեմ էդ էրեխուն, իսկ պապն էլ, թե՝ էդ էրեխեն մեզանից ա, մեծանա, քեզ խեղդելու ա»: Լիլիթի տղան արդեն 15 տարեկան է` շատ խելացի, գեղեցիկ, դաստիարակված: Լիլիթը վստահ է` «պապն ու հայրը» սխալվել են: Տղան իրենց նման չէ, կոպեկներով էլ առնել անհնար է: Լիլիթը երկու համալսարան է ավարտել, բնակարան գնել: «Ամեն ինչ լավ է, մենք երջանիկ ենք, գուցե ավելի լավ էլ է լինում, բայց իմ էսօրվա ունեցածին ես ինքս եմ հասել, ու դա ինձ համար ամենաթանկն է»:

ՀԳ. Քանի տասնյակ կամ հարյուրյակ նման պատմություններ կան, որոնք կանայք քողարկում են` մի ամբողջ կյանք անցկացնելով բռնության պայմաններում:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ