Մուշ և Կարս. կորսված հայրենիքի շունչը

Մուշ և Կարս. կորսված հայրենիքի շունչը
Մուշ և Կարս. կորսված հայրենիքի շունչը
Մուշ և Կարս. կորսված հայրենիքի շունչը
Մուշ և Կարս. կորսված հայրենիքի շունչը
Մուշ և Կարս. կորսված հայրենիքի շունչը
Մուշ և Կարս. կորսված հայրենիքի շունչը
Մուշ և Կարս. կորսված հայրենիքի շունչը
Մուշ և Կարս. կորսված հայրենիքի շունչը
Մուշ և Կարս. կորսված հայրենիքի շունչը
Մուշ և Կարս. կորսված հայրենիքի շունչը
Մուշ և Կարս. կորսված հայրենիքի շունչը
Մուշ և Կարս. կորսված հայրենիքի շունչը
Մուշ և Կարս. կորսված հայրենիքի շունչը
Մուշ և Կարս. կորսված հայրենիքի շունչը
Մուշ և Կարս. կորսված հայրենիքի շունչը

Արեւմտյան Հայաստան մեր ուղեւորությունը մոտենում էր ամենահուզիչ ու ավարտական փուլին։ Ուղեւորության նախավերջին օրը մեր ավտոբուսը 5-6 ժամում մեզ Վանից հասցրեց Մուշ։ Ճանապարհին Սուլուխի կամուրջն է, որի վրա մենք արարողություն արեցինք՝ Գեւորգ Չաուշի հիշատակին նվիրված, ում վիրավոր վիճակում անցկացրել են գետով, եւ ափին՝ կամրջի մոտ, 1907 թվին նա կնքել է մահկանացուն։ Կամրջի վրա հսկող զինվորները թույլ չեն տվել, որ վիրավորին կամրջով անցկացնեն Եփրատ գետի մի ափից մյուսը, ստիպված՝ լողալով են անցկացրել։ Համահայկական խաղերի մեր պատվիրակությունը կամրջի վրայից մեկական վարդ նետեց գետը՝ քաջ ֆիդայու հիշատակին։

Ապա ավտոբուսը մեզ անծայրածիր Թուրքիայի միջով տարավ դեպի Մուշ՝ հայկական ամենանվիրական քաղաքներից մեկը, որտեղ, ըստ գործող քաղաքապետի, այսօր էլ մոտ 60 հազար հայ է ապրում։ Իհարկե, շատերը ծպտյալ՝ լեզուն եւ ինքնությունը կորցրած, բայց քիչ չեն նաեւ նրանք, ովքեր խոսում են հայերեն, երազում են Հայաստան այցելելու մասին եւ ուրախանում են, երբ հայրենիքից մարդ է գալիս իրենց քաղաք։

Այստեղ հայկական շատ քիչ հուշարձաններ են պահպանվել։ Բնականաբար՝ մենք այցելեցինք Գեւորգ Չաուշի գերեզմանին, որը հայկական դրոշով ծածկեցինք ու արարողություն արեցինք, պատվիրակության անդամներից մեկը՝ Ստեփան Դեր-Բեդրոսյանը, հայկական Աստվածաշունչն անթեղեց հողի մեջ։ Ապա պատվիրակությանը՝ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ, ընդունեց Մուշի քաղաքապետ Ֆեյաթ Ասյան՝ անձամբ այցելելով հյուրանոցը, որտեղ հանգրվանել էինք մենք։

Չեմ կարող չարձանագրել, որ 8-օրյա ուղեւորության ժամանակ Իշխան Զաքարյանը Հայաստան պետությունն էր ներկայացնում եւ պատվով էր ներկայացնում։ Այդ 8 օրվա ընթացքում, կարծում եմ, ավելի շատ բան արվեց Արեւմտյան Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների համար, քան արվել է տարիների ընթացքում։ Նախ, ամենուրեք ազգությամբ քուրդ քաղաքապետերի եւ պաշտոնյաների հետ շատ ջերմ եւ զարգացման հեռանկարով հանդիպումներ եղան, մեծ թվով հայ մարդկանց հրավիրեցինք Հայաստան, նոր մշակութային եւ հոգեւոր կապեր հաստատելու հիմքեր դրվեցին, եւ ամենակարեւորը՝ Երեւան-Վան պարբերական թռիչքի հնարավորություն ստեղծվեց։ Մուշում մենք նաեւ այցելեցինք Տարոն Տուրուբերանի հայրենասիրական միություն, որտեղ միության անդամները հյուրասիրություն էին կազմակերպել, եւ որի ժամանակ մի քանի խնդրանքով հանդես եկան․ մեզ հայերենի ուսուցիչ ուղարկեք, ում պատրաստ ենք վարձատրել՝ ուզում ենք հայերեն սովորել։

Խոստացանք, որ այդ հարցը կլուծվի։ Առհասարակ՝ մի քանի խնդիր պետք է լուծվի՝ հայկական հեռուստածրագրերի հեռարձակման, Հայաստանից զբոսաշրջության ակտիվացման եւ հայերենի ուսուցման։ Դրա համար բոլոր պայմանները կան՝ իշխանությունների համաձայնությունը, հայ համայնքի պահանջը։ Բայց պետք չէ կարծել, թե Թուրքիայում «թույն» դեմոկրատական իրավիճակ է, եւ հայերն այստեղ բարգավաճում են։ Տարոն Տուրուբերան միության նախագահը, օրինակ, պատմեց, որ իրենց միության անդամները պետական աշխատանքի ընդունվելիս անպայման դուրս են գալիս միության կազմից, հիմա 60 անդամից 27-ը դիմել է դուրս գալու համար, քանի որ պետական աշխատանքի են անցնելու։ Իսկ Կարսում Չարենցի տան հիմնահատակ ավերումը, անգամ մեծ ցանկության դեպքում, հնարավոր չէ պատահականության վերագրել։ Կարս․ այս քաղաքը ժամանակակից Թուրքիայի ամենահայկական քաղաքն է։

Ամենուրեք հին, ցածրահարկ տներ են՝ դարասկզբին կառուցված ու բացառապես հայկական ճարտարապետության ոգով։ Որոշ թաղամասերում շրջելիս քեզ թվում է, թե հիմա նախշազարդ դուռը կբացվի, ու մետաղադրամներով գլխազարդը ճակատին, նախշուն մի տատիկ քեզ կկանչի թոնրի թարմ թխած լավաշ համտեսելու։ Հուզմունքդ հազիվ էիր զսպում, երբ տան դռան վրա կարդում էիր՝ 1900 թ․։ Ինչե՜ր են տեսել այս տներն ու փողոցները, ինչքա՜ն հայկականություն կա անթեղված Կարսի փողոցներում։ Կարսի բերդը, հայկական եկեղեցին․․․ ամեն ինչ խոսում է այն մասին, որ այստեղ հայն է ապրել։ Եվ անգամ նորակառույց թաղամասերը, թուրքական առեւտրական ու փնթի հատվածները չեն փչացնում այն տպավորությունը, որը ստանում ես Կարսի հին տներից, որոնք զարմանալիորեն պահպանվել են։

Բայց Կարսը նաեւ ապրող, ուրախ, կենդանի քաղաք է այսօր՝ բազմաթիվ սրճարաններ, հյուրանոցներ, կենդանի երաժշտություն փողոցներում, հաճախ՝ եվրոպական, մեծ թվով երիտասարդություն։ Շատ կարճ եղանք Կարսում՝ հազիվ մեկ օր, երեկոյան հասանք, մյուս օրը կեսօրին շարժվեցինք դեպի Անի, բայց այդ մեկ օրը բավական էր, որ անհուն տխրություն ապրեինք մեր կորսված հայրենիքի եւ բաց թողնված հնարավորությունների համար։