Թուրք գործարարը գնել է Չարենցի տունը Կարսում

Թուրք գործարարը գնել է Չարենցի տունը Կարսում

Նախօրեին մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Կարս քաղաքում դեռեւս անհասկանալի պայմաններում քանդվել է այն շինությունը, որն ավանդաբար համարվել է բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը։ 

Այդ առիթով Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հարցապնդում էր ուղղել Թուրքիայի մշակույթի նախարարին՝ Կարսում Չարենցի տունը քանդելու մասին տեղեկությունների կապակցությամբ: Մասնավորապես, թե Չարենցի տունը քանդելու որոշումը որ հաստատությունն է կայացրել, մշակույթի նախարարությունը տեղյա՞կ էր, որո՞նք են այն շոշափելի քայլերը, որոնք նախարարությունը ձեռնարկում եւ ձեռնարկելու է՝ «ըստ արժանվույն արժեւորելու եւ որպես մշակույթի ժառանգություն պահպանելու համար հիշատակի այն վայրերը, որոնք առնչվել են հայ արվեստագետներին ու մտավորականներին: Չարենցի տունը կարող է հայկական մշակույթի ու Կարսի համար դառնալ հիշատակի կարեւոր վայր: Տան վերանորոգման եւ որպես թանգարան օգտագործման ուղղությամբ նախագիծ պատրաստվա՞ծ է նախարարության կողմից։ Ենթադրում եմ, որ հիշատակի այս վայրը քանդվել է Չարենցի հայ լինելու պատճառով: Համամի՞տ եք»,-իր հարցապնդումն ամփոփել էր Փայլանը:  

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը եւս մամուլից է իմացել, որ Կարսի Չարենցի հայրական տունը, որն առանց այն էլ կիսաքանդ վիճակում էր, ավերվել է։ «Այստեղից այլ տեսակետներ էլ հնչեցին՝ թե արդյո՞ք դա Չարենցի տունն է, թե՞ ոչ, օրինակ՝ Դավիթը Գասպարյան ասաց, որ դա Չարենցի տունը չէ, բայց, անկախ դրանից՝ դա այդպես է, թե ոչ, մենք ունենք Չարենցի տան սիմվոլիկ պատկերացում, որը տարիներ շարունակ ընդունվել է իբրեւ Չարենցի տուն։ Մենք ունենք նաեւ Մայկոպի Չարենցի տունը, Թիֆլիսի Չարենցի տունը, ինչ-որ բան արե՞լ ենք այս տներն իրականության մեջ դարձնելու Չարենցինը, Աստված չանի, մի օր դրանք էլ արժանանալու են նույն բախտին, ինչ Կարսի տունը։ Ես հասկանում եմ, որ նոր իշխանությունների համար բարդ է, որովհետեւ տնտեսական խնդիրներ կան, ժամանակը չէ Մայկոպի տան մասին մտածելու, բայց մտավորականները 2-3 քայլ առաջ են մտածում, եւ, կարծում եմ, մտավորականների համար ժամանակն է այս մասին բարձրաձայնելու»,- ասաց տնօրենն ու առաջարկեց սփյուռքի գաղթօջախներում բացել Չարենցի փոքրիկ կենտրոններ, որոնք կլինեն արվեստի, պոեզիայի կենտրոններ։  

Գրականագետ Աելիտա Դոլուխանյանը եղել է Կարսում, տեսել է այդ տունը, բայց տարակուսում է՝ մեր ձեռքին չունենք որեւէ փաստաթուղթ, որը կփաստեր, որ դա Չարենցի տունն է։ 

Լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը հակադարձում է՝ դա եղել է Չարենցի հոր՝ Աբգար աղայի տունը․ «Դա փաստ է։ Բնիկ կարսեցի Արտաշես Ալեքսանդրյանն իր «Մղձավանջ» գրքում շատ որոշակի նկարագրում է, որ երկաթե կամրջի դեմը Աբգար աղայի երկհարկանի տունն էր։ Արտաշես Ալեքսանդրյանն Աբգար աղայի հետ մոտիկ է եղել, ինչպես նաեւ՝ Չարենցի հետ, եւ ես նրան չհավատալու հիմք չունեմ»: 

Խնդիրն այն է, որ ամեն մեկը տնայնագործական մակարդակում ուզում է Կարսում հարց լուծել՝ կարծում է գրականագետ Ազատ Եղիազարյանը․ «Պետք է ունենալ պետական քաղաքականություն այդ հարցում։ Պետք է դիմել նոր կառավարությանը եւ ասել, որ Արեւմտյան Հայաստանի ժառանգությունն ավերվում ու քանդվում է, ճիշտ է՝ դիվանագիտական հարաբերություններ չունենք Թուրքիայի հետ, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ի, տարբեր կազմակերպությունների միջոցով կարող ենք լուծել հարցը, մշակել հատուկ քաղաքականություն՝ այդ արժեքները պահպանելու համար»։ 

«Կարս» հայրենակցական միության նախագահ Մարտին Թադեւոսյանն ասում է, որ առաջին անգամ՝ 68թ․-ին, երբ գնացել է Կարս, այդ ժամանակ Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն իրեն փոխանցել է արխիվից հանված՝ Կարսում Չարենցի տան գծագիրը։ Մի քանի նախանշան  է եղել, որի համաձայն՝ կարելի է եղել գտնել բանաստեղծի տունը՝ բերդի տակ, եկեղեցու մոտ, Վարդանի կամրջի մոտ։ Այդ նշանների հիման վրա, ի վերջո, Մարտին Թադեւոսյանը գտել է այդ տունը, ավելին՝ այդ ժամանակ տեղացիները վկայել են, որ Աբգար աղան միշտ 2-րդ հարկից գորգեր է կախելիս եղել, որ մարդիկ այդպես ճանաչեին իր տունը եւ առեւտուր անելու գային։ 

Մարտին Թադեւոսյանը վերջին 20 տարիներին պարբերաբար խմբեր է տանում Արեւմտյան Հայաստան, այդ թվում՝ Կարս, Չարենցի տուն։ Ասում է՝ դա տուն անվանել չի էլ կարելի, որովհետեւ շներն ու հավերն են մնում, վերջերս էլ նաեւ տան պարիսպն են պոկել-տարել-վառել։ Թադեւոսյանը երկար տարիներ աշխատանքներ է տարել տունը ձեռք բերելու ուղղությամբ, բայց խնդիրն այն է, որ այլ պետության քաղաքացի Թուրքիայում սեփականություն գնելու իրավունք չունի, այսինքն՝ գնորդն անպայման պետք է թուրք լինի։   

Մի քանի անհաջող փորձերից հետո, ի վերջո, տունը մի քանի տարի առաջ գնել է թուրք, հրեա արվեստագետ, գործարար, «Անադոլու Քյուլթյուր» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Օսման Քավալան, ով աչքի է ընկել իր հայամետ դիրքորոշմամբ, Չարենցի ընթերցողներից է եղել։ «Տունն արդեն մերն է, մնում է Քավալան դուրս գա բանտից, որպեսզի մենք էլ լծվենք մեր գործին»,- ասում է նա ու հավելում, որ Քավալան պիտի երաշխավորագիր գրի, որ կարողանան տան վերականգնման գործընթացը սկսել․ «Ես նույնիսկ պատշարների հետ եմ խոսել, Գյումրիից վարպետներ եմ տանելու՝ Չարենցի տունը կառուցելու համար։ Իմ ընկերները դոմիկներ են տալու, որ մեր վարպետներն այնտեղ մնան ու աշխատեն, իսկ աշխատանքները կտեւեն մեկ կամ մեկուկես տարի»։  

Թե ինչքան է թուրք գործարարը վճարել Չարենցի տունը գնելու համար, Թադեւոսյանը նախընտրեց չհրապարակել, միայն նշեց, որ արդեն պատրաստ է երկհարկանի տան մակետը, 2-րդ հարկը կլինի ցուցասրահային մաս, իսկ առաջին հարկում՝ սրճարան, որը հնարավորություն կտա այցելուներին մի քիչ շունչ առնել Չարենցի տանը։