Անավարտ զրույցներ

Անավարտ զրույցներ

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձին           

Ասում են՝ սերն ու ատելությունը կենսաբանական հիմք ունեն: Արտադրված հորմոնները առնվազն 6-7 տարի մնում են օրգանիզմում: Չգիտեմ, որքանով է այդպես, բայց ժողովուրդները հաճախ իրենց առաջնորդներին վրդովմունքով մերժում են, հետո խաղաղվելով՝ նորից բերում ասպարեզ: Ինչպես Դը Գոլը՝ Ֆրանսիայում, Կարեն Դեմիրճյանը՝ Հայաստանում: Միջին հաշվով տասնամյա մի ցիկլ է ձեւավորվում: Ի տարբերություն այլոց, քո հանդեպ տածած, մեղմ ասած, ոչ դրական վերաբերմունքը ոչ թե 10, անգամ ոչ թե 5, այլ 3 տարի էլ չանցած՝ վերափոխվեց հավատի ու վստահության: Պատասխանն առավել քան պարզ է. դու վերադարձար քո ակունքներին: Ժողովուրդն ուզում էր ներել քեզ՝ հերոսիդ, միայն թե դու շրջվեիր դեպի նա ու արտասանեիր մոգական այդ բառը՝ «ներողություն»: Տեր կանգնելով արցախյան դատին եւ միանալով Կարեն Դեմիրճյանին, ով այդ պահին ժողովրդի մարմնավորումն էր, դու յուրահատուկ ներողություն խնդրեցիր սեփական ժողովրդիցդ: Դու վերադարձար, եւ նա ներեց քեզ, որովհետեւ հասկացավ, գնահատեց ու սիրեց իր հաղթանակը: Ու այն ավելի կարեւորեց, քան իր կրած վիրավորանքը: Նա շատ ավելի հասուն գտնվեց՝ հաղթահարելով իր նեղացածությունը: Դրանով նա քեզ վերադարձրեց մեր ազատամարտը հաղթական ավարտին հասցնելու իրավունքը:

Որովհետեւ ուղնուծուծով ըմբռնել էր, որ Արցախի անկախությունն իր արժանապատվության երաշխիքն է ու վերածննդի գրավականը: Ու նա նորից իր գիրկը բացեց՝ ընդունելու քեզ՝ հերոսիդ: Ահա ինչու, 1997 թվի վերջերից մինչեւ 1999 թվի սկիզբը քո կյանքում կարելի է համարել վերադարձի շրջան: Դրա վարձքը արժանի հաղթանակն էր մայիսին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում: Կարեն Դեմիրճյանը դարձավ ԱԺ նախագահ, իսկ դու՝ երկրի վարչապետ: Դա քո կենսագրության ոսկեպսակն էր, որը կարելի է բնութագրել որպես երկրի տիրոջ ժամանակաշրջան: 1999 թվի մայիս-հոկտեմբերը եղավ Հայաստանի Հանրապետության իրական անկախության գագաթնակետը, որից հետո նրա գույները խամրեցին: Մի կարճ ժամանակ՝ հանձին քեզ, Կարեն Դեմիրճյանի ու Ռոբերտ Քոչարյանի, երկրում գործոն դարձավ մարտական ուժի, ժողովրդի կամքի ու Հայաստան-Արցախ կապի միասնությունը: Դրանում քո դերակատարությունն առաջնային էր: Այդ օրերին, աշխատանքի բերումով, որպես տարածքային կառավարման փոխնախարար, մասնակցում էի բոլոր ընդլայնված խորհրդակցություններին:

Մի անգամ ասացիր, որ եթե հեռավոր որեւէ գյուղում ինչ-որ մեկն ինքնասպանություն է գործում, «ապա մենք ունենք մեղքի մեր բաժինը»: Այդ մտածողությունը հետագայում էլ ոչ մի ղեկավարի մոտ չդրսեւորվեց: Երբ վերադարձար Ամերիկայից, ասացիր, որ հույսը մեզ վրա պիտի դնենք: Ասացիր, որ պետական բյուջեն ամեն կերպ պիտի պաշտպանված լինի: Տնտեսության մեջ կարգուկանոնի հաստատումը դու սկսեցիր քո անմիջական շրջապատից: Ահա ինչու, ես հավատում եմ, որ քեզ մոտ ամեն ինչ ստացվելու էր: Ժամանակ էր պետք: Հոկտեմբերին դու վճռական պայքար հռչակեցիր կոռուպցիայի դեմ: Քեզանից հետո այդ վճռականությունը հօդս ցնդեց: Ուրիշներին մեղադրելու համար չեմ ասում: Պարզապես դա քո կողմից իսկական հերոսություն էր: Այդպիսի գործելակերպն ամեն մարդու բան չէր: Դու դեմքով շուռ եկար դեպի մարդկանց հոգսերը, նրանց հուզող խնդիրները: Սոցիալական հարցերը, որոնք պատերազմի ու ետպատերազմական տարիներին ստվերվել էին, նորից դառնում էին օրակարգային: Դու ուժեղ ու հեռանկարային վարչապետ էիր: Այդպիսին էր լինելու նաեւ Հայաստանը:

Մի առիթով ասել էիր, որ 21-րդ դարը մերն է լինելու: Դրանք սոսկ բառեր չէին. դու հրաշալի տեսնում էիր այդ ճանապարհը: Դա իրական անկախության ուղին էր: Ցավոք, միայն քեզ չէ, որ տեսանելի էր այդ ընթացքը. չարաբաստիկ հոկտեմբերի 27-ը նենգ հարված էր մեր պետականության թիկունքին: Եթե այն լիներ 1996 թվի հոկտեմբերին, թերեւս կարող էր տպավորություն ստեղծվել, որ դա «պատասխան» էր մեկ ամիս առաջվա քո քայլին: Բայց այն պահին, երբ դու, սխալներիդ բեռը թոթափած, բացառիկ պատասխանատվություն էիր վերցրել պետության ղեկի մոտ, երբ քո հանդեպ վերականգնվել էր համաժողովրդական վստահությունը, նման վարկածն ուղղակի անհեթեթություն է: Առավել եւս, որ դավաճանական գնդակը՝ այն էլ ոչ պատահական, այլ թիրախավորված, ուղղվեց նաեւ Կարեն Դեմիրճյանին: Դա «Միասնություն» դաշինքի ոչնչացումն էր, դրանով նաեւ Հայաստանի Հանրապետության անկախությունը զորացնող ժողովրդածին աղբյուրի գոցումը: Դա հայոց պետականության ամորձատումն էր: Բայց այս թեման պահանջում է զրույցների առանձին շարք:

Իսկ այսօրվա զրույցն ուզում եմ եզրափակել հերոսի մասին դատողություններով:
Ամեն ժողովուրդ իր հերոսին ուզում է տեսնել կատարյալ: Իսկ կատարյալները հազվագյուտ են: Որովհետեւ հերոսանալը հեշտ է, մարդ մնալը՝ դժվար: Արցախյան ազատամարտում ծնվեցին նոր հերոսներ: Ժամանակը համընկավ մեր երկրի զարգացման այն փուլին, երբ ձեւավորվում էր նոր հասարակարգ: Մարտադաշտում հերոսացածներից շատերը մտածեցին. եթե ստեղծվելու է ունեւորների  խավ, ինչո՞ւ պիտի իրենք չդառնան այդ խավը: Չէ՞ որ ակնհայտ էր, որ, ի տարբերություն շատերի, որոնք թիկունքում «ծվարելով» հասցրել էին հարստանալ, իրենք ծառայություն ունեին այս երկրի պաշտպանության ամրապնդման ու կայացման գործում: Էլ ո՞վ, եթե ոչ իրենք պիտի դառնային այս երկրի տերերը: Բայց ժամանակը ցույց տվեց, որ ժողովուրդը չի ընդունում իր այն հերոսին, որը կտրվում է իրենից, դառնում իրեն ճնշող ու շահագործող: Ընդհակառակը, հասարակ ժողովրդի իդեալը մնում է նույն ինքը՝ Հիսուսը, որ Աստված լինելով հանդերձ, պատրաստ է ծառայել իրենց:

Դրանով կարելի է բացատրել, թե ո՛ւմ ետեւից են մարդիկ պատրաստ գնալու: Հարստանալու տենչը հերոսներից շատերին վանեց ժողովրդից, դարձրեց օտար, իսկ նրանց վերամբարձ կերպարը՝ շատ դեպքերում ատելի: Ժողովուրդն այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե ինչպես կարող են հազարավոր ընտանիքներ զավակների համար հագնելիք, ուտելիք, ուսման ու բժշկման միջոցներ չունենալ, իսկ օտարի նկատմամբ տարած համատեղ հաղթանակից հետո ոմանց դղյակներն ու ամառանոցները վեր խոյանան իրենց մանկության պուրակներում: Թե ինչպես երկրի ղեկավարները, հանուն Արցախի կոչ անելով համբերության, իրենք երկար տարիներ լիուլի օգտվեցին հարստանալու հնարավոր բոլոր ձեւերից: Եվ ո՞ւմ համար պարզ չէր, որ այդպես արագ կարելի էր հարստանալ միայն գողության ճանապարհով: Չէ՛, չսիրեց ժողովուրդն իր այս տեսակ հերոսներին, որոնք կորցրեցին չափի զգացումը, այլասերվեցին, փչացրին իրենց հերոսական կենսագրությունը: Ո՜վ չգիտե, որ գողերը ներվել են հերոսանալիս, բայց հերոսները՝ մերժվել գողանալիս:

Եվ կապ չունի, թե որտեղ են նրանք ծնվել: Դրանում մեղավոր չէ հավաքական երեւանցին, էջմիածինցին ու արցախցին: Գող ու արծաթասեր կարող են լինել ամենուր: Ագահությունն էլ չունի հատուկ ծննդավայր: Քեզ հետ ճանապարհ անցածներից քանի՜-քանիսը գայթակղվեցին ու շեղվեցին շիտակ ճանապարհից: Բարեկեցությունն ու հաճույքը շատերի համար դարձաn կյանքի նպատակ, հարստության կուտակումը՝ մոլուցք: Չէ՛, դու շա՛տ ես տարբեր նրանցից, թեեւ ինքդ էլ կուլ գնացիր մի այլ գայթակղության` փորձելով որոշումներ կայացնել ուրիշների փոխարեն: Սակայն,  բարձրաձայնելով այդ մասին, ասեմ, որ դու ինքդ էլ ուղղեցիր քո սխալը: Ու այդ հարցում դու շատ բախտավոր ես: Իսկ թե ինչու եմ բարձրաձայնում, դա էլ ասեմ. անցած տարիներին քո մասին խոսելիս մարդիկ գերակշռաբար հիշել են քո սխրանքների եւ ոչ այնքան մերժելի արարքի մասին: Դրանով հանրությունն արտահայտել է իր ներողամտությունը քո հանդեպ:

Բայց արի ու տես, որ առանձին գործիչներ, անգամ երկրի առաջին դեմքեր, ճիշտ չեն ընկալել այդ երեւույթը: Փոխանակ զերծ մնալու հնարավոր սխալներից եւ երկիրը նոր փորձությունների տանելուց, նրանք թյուրիմացաբար կարծել են՝ եթե ժողովուրդը քեզ ներել է, իրենց էլ կների: Ամեն անգամ, ընտրական գործընթացներում դրսեւորելով կամայականություն, նրանք ոչ միայն վարկաբեկել են իրենց ու իրենց ջահավորած գաղափարը, ոչ միայն փչացրել են երկրի իրական դեմքն ու մարդկային առկա ռեսուրսը, այլեւ արջի ծառայություն մատուցել քեզ՝ ժողովրդի մեջ թարմացնելով քո հանդեպ անբարենպաստ հիշողությունները: Մինչդեռ նրանք պարտավոր էին հասկանալ, որ նման համեմատությամբ գայթակղվելը ծնում է քաղաքական հավելյալ բեռ եւ ոչ թե պատսպարում անխուսափելի պատասխանատվությունից: Ակներեւ է՝ ով դողում է քո անվան համար, ով թանկ է համարում քո պատիվն ու հեղինակությունը, պարտավոր է նախեւառաջ հարգել երկրի օրենքները, հակառակ դեպքում, վաղ թե ուշ, կհայտնվի քաղաքական լուսանցքում: Բնության եւ քաղաքականության մեջ կան բաներ, որ շատ նման են իրար. որքան էլ հզոր լինեն ալիքները, ալիքներ էլ մնում են եւ ժայռերին «փարվելիս» վերջնարդյունքում իրենք իրենց են ոչնչացնում:     

Բարձրաձայնելս այլ նպատակ էլ ունի. հերոսները, առավել եւս շարքայինները, ժողովրդի ձեռքերով վեր խոյանալիս, երբեմն էլ առանց դրա, իշխանության հարթակ բարձրանալիս, ակամա հայտնվում են անսխալականության թմբիրում: Բայց հենց այդ հոգեվիճակում է մարդը թույլ տալիս այնպիսի սխալ, որը թանկ կարող է նստել երկրի վրա: Ուստի արժե, որ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ այսօրվա ու գալիքի ամեն մի հերոս, չկորցնի զգոնությունը, հիշի, որ իրենից առաջ էլ եղել են ուրիշ, ոչ պակաս, նույնիսկ առավել փառավոր հերոսներ, որոնք չեն կարողացել խուսափել սխալներից: Եվ ձեռքերը, որ նրանց վեր են բարձրացնում, կարող են ակնթարթորեն վար իջնել: Իսկ կրկնակի վերելք ունենում են միայն եզակիները: Այն էլ, եթե գտնում են ժողովրդից չկտրվելու ճիշտ բանաձեւը:
Իմ ամենասիրած հերոսը Սասունցի Դավիթն է: Թլոլ ու ավերակիչ՝ նայած թե ուժը որ կողմ կուղղի: Ինչ անուն էլ դնեն, Հայրենիքի, հող ու ջրի, ազգուտակի հանդեպ ունեցած սիրո ու պատվախնդրության հարցերում նա այսօր էլ անկրկնելի օրինակ է: Նրան անիծողը՝ մի պառավ, սիրողը՝ մի ամբողջ ազգ: Ո՜վ չգիտի, որ օտարն իր սուրը Դավթի վախից է պատյանում պահում: Դավիթ ունեցող ազգը ազատություն ու անկախություն չի մուրում:

Դա նրա բնական վիճակն է, որն ուրիշները չտեսնել չեն կարող: Դավիթը մեր տեսակի խտացումն է, մեր դարավոր զարկի Թուր Կեծակին: Այ, դո՛ւ էլ այդպիսին եղար մերօրյա սերնդի համար: Դյուցազնական հարթակից թե գանք իրականություն, ապա Թումանյանը մեր ամենա-ամենան է: Միայն գրականությունը նկատի չունեմ: Որպես մարդ՝ իր սուղ ժամանակում էլի միջոց էր գտնում այդ ծանր պահին իր ազգին նպաստ բերելու: Դա էլ՝ դեռ մի կողմ: Հանճարեղ է ասել, որ եթե իր զավակները, թոռները, ծոռներն ու նրանց զավակներն իր նման 10-ական երեխա ունենան, ապա վեց սերունդ հետո իր շառավիղները մեկ միլիոն կկազմեն: Փառահե՛ղ գաղափար, իրագործման արժանի զորե՛ղ ծրագիր: Սրանից լավ ազգային գաղափարախոսությո՞ւն: Ազգի մաշկը պատռվել ու ոչ մի կերպ վրա չի գալիս: Մի ձեւ կա. բան չէ, գոնե մի հարյուր տարի ազգովի ապրեինք թումանյանական մտածողությամբ, նրա հավատամքը դարձնեինք մեր հավատքի սյուներից մեկը: Ու նրա նման որդիներին բանակ ուղարկեինք՝ աչքի առաջ ունենալով նրանց հնարավոր թե՛ կորուստը եւ թե՛  հերոսացումը:

Այդ դեպքում ո՞նց կարող էր ազգի հավաքական մայրը չծնել մի նոր Նժդեհ ու մի նոր Վազգեն, որ ստիպված չլինեինք օրինակ բերել երեւակայական Դավթին, ում զավակը ճարահատյալ քարե լռությունն ընտրեց՝ իբրեւ իրավիճակի լուծում: Ո՞նց կարող էին չծնվել աչքը կուշտ ու ճշտախոս մի քանի «թագավորացուներ», որոնցից վստահաբար ընտրություն կատարեինք: Թե չէ հազար տարի նույն թվի վրա ենք դոփում: Իսկ մեր կողքինները ե՞րբ եկան ու ե՞րբ այդքանը հասցրեցին: Բա Աստծո ու աստղերի հետ խոսող ազգը թեկուզ հազար տարում իր կողքի թեկուզ եւ տգետից այդ հասարակ «հունարը» չսովորե՞ր: Հազար տարի ու էլի անտերուդուս անմշակ հողեր, հալումաշ եղած գյուղեր ունենք: Չէ՛, չշեղվեցի: Ուղղակի փորձեցի ինքս ինձ համար ճշտել, թե ինչու է երբեմն մարտադաշտում հաղթելուց հետո դժվար լինում այդ հաղթանակը պահելը: Դու քո գործն արել ես: Բայց ուրիշ մի տեղ ուրիշ մի կռիվ ունենք, որ ոչ մի կերպ չենք կարողանում հաղթել:

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ