Շուռնուխում միայն ծեծ չի եղել, հոգեկան տառապանքների էլ են ենթարկել․ «Փինք Արմենիա»-ն դժգոհ է քրգործի կարճումից

Շուռնուխում միայն ծեծ չի եղել, հոգեկան տառապանքների էլ են ենթարկել․ «Փինք Արմենիա»-ն դժգոհ է քրգործի կարճումից

Այս տարվա օգոստոսի սկզբին Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում տեղի ունեցած դեպքերի առթիվ քրեական գործ էր հարուցվել։ Հիշեցնենք՝ համայնքի մի խումբ բնակիչներ ծեծի էին ենթարկել գյուղ եկած երիտասարդների մի խմբի, որոնց մեջ կային նաև ԼԳԲՏ ներկայացուցիչներ։ Հետագայում համաներմամբ հարուցված քրեական գործը կարճվեց։ «Փինք Արմենիա» ՀԿ-ն պնդում է, որ այնտեղ բացի ծեծից կան նաև այլ հանցակազմ պարունակող տարրեր, որոնց դեպքում գործը համաներմամբ չէր կրճատվի, և մեղադրյալները պատիժ կկրեին ԼԳԲՏ ներկայացուցիչներին ծեծի ենթարկելու, «հեգեկան տառապանքներ պատճառելու» և «նրանց իրավահավասարությունը» խախտելու համար։

Այս մասին այսօր իրենց հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Փինք Արմենիա» ՀԿ-ի փաստաբան Լուիզա Վարդանյանը․

«Օգոստոսի 3-ին մի խումբ անձինք հանգստանում էին Շուռնուխ գյուղում, անձանց թվում նաև կային ԼԳԲՏ ակտիվիստներ, և գյուղի բնակիչները, ինչպես նաև Գորիսից եկած Գորիսեցիներ իմանում են, որ այդտեղ հանգաստանում են անձինք, հավաքվում են այն տան շրջակայքում, որտեղ նրանք բնակություն էին հաստատել, նրանց հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ և վիրավորանքներ են հնչեցնում՝ այդ թվում կապված նրանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ , և փորձում են նրանց վտարել գյուղից։

Այդ մասին նրանք նշում են քրեական գործում, թե՛ իրենց ցուցմունքներում, թե՛ հետագայում իրենց հարցազրույցներում։ Քրեական գործ է հարուցվում, գործը հարուցվում է միայն ծեծի հոդվածով, կանչում են մեզ հարցաքննության, որից հետո 3 ամիս մենք ոչ մի ինֆորմացիա չենք ստանում վարույթն իրականացնող մարմիններից։ Այնուհետև զանգում և ասում են, որ քրեկան գործը կարճում են, կարճումը տեղի է ունենում շատ հապշտապ, տուժող կողմին հնարավորություն չտվեցին ծանոթանալ քրեական գործի նյութերին և միջնորդություններ ներկայացնելու, այնինչ ենթադրյալ հանցավորների գործողություններում առկա են մի շարք այլ հանցակազմի տարրեր, մասնավորապես՝ տուժածներին պատճառվել էր հոգեկան շատ մեծ տառապանք և ֆիզիկական ցավ, ինչը նույնպես քրեականցված է։

Ինչպես նաև Քրեական օրենսգրքում մենք հոդված ունենք մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելու մասով, այսինքն՝ եթե անձանց իրավունքները ոտնահարվել են նրանց սեռական կողմնորոշման հիմքով, ապա տվյալ դեպքում իրավախախտները պատասխանատվության են ենթակա ոչ միայն ծեծի հոդվածով, այլ նաև նրանց իրավահավասարությունը խախտելու մասով։ Ըստ էության, այս հոդվածը իրենից ենթադրում է խտրականության արգելք, բայց այդպես ամրագրված չէ։ Վարույթն իրականացնող մարմինը, անտեսելով այդ հանգամանքները, քննություն չի իրականացրել այդ հոդվածների մասով, թույլ չի տվել տուժող կողմին միջնորդություններ ներկայացնելու, որպեսզի քննություն իրականացվի նաև այդ հոդվածների մասով, և կարճել է գործը։

Ստացվում է, որ մենք ունենք իրավախախտում և ունենք իրավախախտներ, որոնք իրենց ցուցմունքներում նշել են , որ այդպիսի դեպքեր տեղի են ունեցել, նշել են նաև, թե ինչ հիմքով են հարձակվել տուժածների վրա, ինչ հիմքով են նրանց վնաս պատճառել, սակայն չունենք պատասխանատվություն կրող անձ։ Մյուս կողմից մենք որևէ քայլ չենք կարող կատարել համաներման կապակցությամբ, քանի որ համաներման մասին օրենքը նախատեսում է, որ գործը կարող է կարճվել նաև նախաքննության փուլում, և ծեծի հոդվածը համաներմամբ կարճվող գործերի փուլում էր գտնվում, բայց եթե վարույթն իրականացնող մարմինը թույլ տար իրացնելու մեր իրավունքները՝ միջնորդություններ ներկայացնելու՝ այլ հոդվածներով քննություն իրականացնելու մասով, ապա կտեսնեինք, որ կան նաև այնպիսի հոդվածներ, որոնք համաներումով չէին կարճվի, և անձինք կենթարկվեին պատասխանատվության իրենց կատարած արարքների համար»,- ասաց Վարդանյանը։

Փաստաբանին խնդրեցինք մեկնաբանել «ԼԳԲՏ ակտիվիստ» եզրույթը, քանի որ նա նշում էր, որ երիտասարդները գնացել էին հանգստանալու և նրանց մեջ եղել են նաև ԼԳԲՏ ակտիվիստներ։ Ո՞ր պահից են նրանք հանգստացողներ և ո՞ր պահից ԼԳԲՏ ակտիվիստներ․

«Շուռնուխ գյուղի բնակիչները և Գորիսից եկած անձինք պնդում էին, որ գյուղում հանգստացող բոլոր անձինք ԼԳԲՏ անձինք են, նշված անձանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վերաբերյալ մենք տվյալներ չունենք և չենք  հրապարակում, նրանց մեջ կային ԼԳԲտ ակտիվիստներ, այսինքն՝ անձինք, որոնք բաց  պայքարում են ԼԳԲՏ անձանց իրավահավասարության համար, օրինակ՝ լրատվամիջոցներին հարցազրույցներ են տալիս։ Նրանք ասեւմ են, որ ԼԳԲՏ անձինք նույնպես ունեն հավասար իրավունքներ, պետք է ՀՀ-ում ապրեն արժանապատիվ կյանքով և ՀՀ-ն պետք է ապահովի այդ անձանց համար իրենց արժանապատիվ կյանքը։ Հենց այդպիսի անձինք, որոնք առանց վախենալու սոցիալական խարանից և խտրականությունից հայտնում են իրենց տեսակետը և որոշակի քայլեր են կատարում, անվանվում են ԼԳԲՏ ակտիվիստներ»։
Հարցին՝ թե նման կոչեր կամ տեսակետի արտահայտումներ Շուռնուխում արե՞լ են երիտասարդները, պատասխանեց․

«Շուռնուխում օգոստոսի այդ հանգստի ժամանակ նման կոչեր բացահայտորեն չեն հնչել, սակայն անձինք հավաքված են եղել քննարկելու նաև խտրականության վերաբերյալ հարցեր։ Իսկ թե ինչպես է այդ ինֆորմացիան դուրս գնացել, դա դեռևս հայտնի չէ»։