ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ը վերլուծել է հայաստանյան մի քանի լրատվամիջոցի աշխատանքը քարոզարշավի ընթացքում

ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ը վերլուծել է հայաստանյան մի քանի լրատվամիջոցի աշխատանքը քարոզարշավի ընթացքում

ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը )դիտորդական առաքելությունը վերլուծել է քարոզարշավի ընթացքում հայաստանյան մի քանի լրատվամիջոցների աշխատանքն ու լուսաբանման բովանդակությունը։ Նոյեմբերի 19-ին ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն սկսել է լրատվամիջոցների իր մշտադիտարկումը քանակական և որակական վերլուծությամբ։ Ըստ դիտարկումների՝ առկա են եղել քաղաքական զարգացումների լուսաբանման նկատելի տարբերություններ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ և հետո, այդ թվում ՝ մշտադիտարկված բոլոր հեռարձակողները զգալիորեն նվազեցրել են ներկա կառավարության և գործող վարչապետի լուսաբանումը։ Հանրային հեռուստաընկերությամբ կառավարությանը նվիրված լուսաբանման տոկոսը 79-ից իջել է 17-ի՝ պահպանելով բացառապես դրական կամ չեզոք տոնայնություն։ Ըստ ԺՀՄԻԳ-ի՝ դրականն այն է, որ հանրային հեռարձակողը եթեր է արձակել 10 բանավեճ, որոնցից վերջին ուղիղ եթերով հեռարձակվածին մասնակցել են բոլոր կուսակցությունների և դաշինքների առաջին համարները։

Պաշտոնական քարոզարշավի ընթացքում մշտադիտարկաված հեռուստաալիքների մեծ մասը տեսանելի ջանքեր են գործադրել ընտրությունների բոլոր մասնակից ուժերին անկողմնակալ լուսաբանելու համար՝ նպաստելով ընտրողներին տեղեկացված ընտրություն կատարելու համար անհրաժեշտ հասանելի տեղեկատվության բազմազանության ապահովմանը։ Հանրային հեռուստաընկերությունը ապահովել է մրցակիցների հավասարակշիռ լուսաբանում՝ իրականացնելով դրանցից յուրաքանչյուրին 7-ից 8 տոկոս լուսաբանում ՝ բացառապես դրական կամ չեզոք տոնայնությամբ։ Մասնավոր Արմենիա հեռուստաընկերությունը տրավադրել է՝ 6-ից 9 տոկոս ՀՀԿ, ՔՈ, ՕԵԿ, ԱԱԿ կուսակցություններին և «Իմ քայլը» դաշինքին, և 1-ից 3 տոկոս՝ մյուս մրցակիցներին։ Շանթ հեռուստաընկերությունը տրամադրել է 13 տոկոս ՀՀԿ-ի լուսաբանմանը, որն իրականացվել է հավասարակշիռ տոնայնությամբ, և 7-ից 9 տոկոս մյուս բոլոր քաղաքական ուժերի լուսաբանմանը։ Երկու մասնավոր հեռուստաալիքներում էլ, ըստ դիտորդական խմբի, լուսաբանման տոնայնությունը եղել է մեծապես դրական կամ չեզոք, թեև Շանթ հեռուստաընկերության եթերում ՀՀԿ-ն և Իմ քայլը դաշինքը արժանացել են որոշ չափով քննադատական ակնարկների։

ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դիտարկումների համաձայն՝ այն հեռուստաալիքները, որոնք փոխկապակցված են այս կամ այն կուսակցության հետ, դրսևորել են կողմնակալ մոտեցում հօգուտ տվյալ քաղաքական ուժի։ Օրինակ՝ Երկիր Մեդիան տրամադրել է 23 տոկոս բացառապես դրական կամ չեզոք տոնայնությամբ լուսաբանում ՀՅԴ-ին, 10-ից 13 տոկոս մեծապես չեզոք տոնայնությամբ լուսաբանում «Իմ քայլը» դաշինքին, ՀՀԿ-ին և «Լուսավոր Հայաստանին»։ Կենտրոն հեռուստաընկերությունը տրամադրել է 15 տոկոս առավելապես դրական լուսաբանում ԲՀԿ-ին և 10-ից 11 տոկոս առավելապես չեզոք լուսաբանում «Իմ քայլը» դաշինքին, «Սասնա Ծռերին» և «Լուսավոր Հայաստանին»։

«Իմ քայլը» դաշինքը ստացել է 45 տոկոս առավելապես դրական տոնայնությամբ լուսաբանում «Հայկական ժամանակ» օրաթերթում, մինչդեռ ՀՀԿ-ն նույն օրաթերթում ստացել է 21 տոկոս լուսաբանում՝ առավելապես բացասական տոնայնությամբ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում քարոզարշավի լուսաբանումն ավելի սահմանափակ է եղել, բայց մեծմասամբ չեզոք տոնայնությամբ և բաշխվածության տեսանկյունից համաչափ։ «Առավոտ» օրաթերթն արտացոլել է քարոզարշավի բուռն ընթացքը՝ ուշադրության կենտրոնում պահելով 2 հիմնական մրցակիցներին՝ «ԻՄ քայլը» դաշինքին և ՀՀԿ-ին՝ յուրաքանչյուրին տրամադրելով համապատասխանաբար 17 և 16 տոկոս լուսաբանում՝ ՀՀԿ-ին առավել քննադատական։ Առցանց ԶԼՄ-ներն իրենց գրավոր լուսաբանումներում ավելի մեծ ուշադրություն են հատկացրել «Իմ քայլը» դաշինքին։ Լուսաբանումը եղել է առավելապես դրական կամ չեզոք տոնայնությամբ՝ միևնույն ժամանակ որոշ քննադատական ակնարկներով։