Վերջնագիրը՝ քաղաքական կրեդո

Վերջնագիրը՝ քաղաքական կրեդո

Տարածվել է Ժիրայր Սեֆիլյանի հերթական ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա խոսում է Սասնա ծռեր զինված խմբավորման երկու անդամների՝ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի դեռեւս կալանքի տակ մնալու մասին եւ ամփոփում, որ եթե նրանք «չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»:

Հնչում է վերջնագրային սպառնալիքի պես, որի հասցեատերը, որքանով կարելի է հասկանալ, իշխանությունն է: Խնդիրը, մինչդեռ, զուտ իրավական է, միայն դատարանը կարող է որոշել՝ մարդն անպա՞րտ է, թե՞ հանցավոր: Վերջնական որոշումն էլ պետք է ընդունվի այդ հարթությունում: «Ապստամբության իրավունք» եւ «նախկին հանցավոր ռեժիմի դեմ պայքար» հասկացություններն իրավական չեն: Մեկի համար ՊՊԾ գունդը գրոհածները «հերոս» են, մյուսը նրանց համարում է «հանցագործ»: Անձնական եւ քաղաքական նախասիրությունները չեն կարող արդարադատության հիմք հանդիսանալ: Մանավանդ որ ինչքան էլ Սեֆիլյանն ու իր համախոհները պնդեն, Հայաստանի սահմանադրությամբ եւ օրենքներով չկա «ապստամբության իրավունք»:

Եւ թավշյա հեղափոխությունն ինքնին Սասնա ծռերի քաղաքական կրեդոյի, այն է՝ անհնար է խաղաղ ճանապարհով հասնել իշխանափոխության, մերժումն է, ապացույց, որ ժողովուրդն իշխանություն փոխելու իրավունքը կարող է եւ պետք է իրացնի բացառապես խաղաղ ճանապարհով: Սեֆիլյանի մոտիվացիան հասկանալի է. անցած խորհրդարանական ընտրություններում Սասնա ծռերը ենթարկվեցին ֆիասկոյի, հասարակությունը մերժեց նրանց: Ներկայումս այդ համահայկական կոչված կուսակցությունը մարգինալ է: Բայց իրավիճակը քաղաքական նոր ինքնակազմակերպվածությամբ հաղթահարելու, գալիք ընտրություններին նախապատրաստվելու փոխարեն, ինչպես տեսնում ենք, Սեֆիլյանն ընտրում է վերջնագիր ներկայացնելու տարբերակը՝ դրանից ենթադրվող մռայլ հեռանկարով հանդերձ:

Դիտարժան է, որ Սասնա ծռերը դուստր-կառույց են ստեղծել Արցախում, որտեղ պարբերաբար քննարկումնեեր է կազմակերպում: Եւ դարձյալ՝ նույն ոճով եւ ոգով: Վերստին փորձ է արվում ստեղծել «հեղափոխական իրավիճակ»: Խոսվում է «անհապաղ իշխանափոխության» մասին: Եւ դա այն դեպքում, երբ Արցախում համապետական՝ նախագահի եւ ԱԺ ընտրություններին մնացել է մեկ տարուց պակաս ժամանակ: Եզրակացությունը մեկն է՝ Սասնա ծռեր խմբավորումը չի ադապտացվում ժողովրդավարությանը եւ օրենքի գերակայությանը, չի կարողանում ինտեգրվել հայկական քաղաքական դաշտին, չունի կայուն էլեկտորատ, որի վրա հենվելով՝ կարող է ընտրական գործընթացների լուրջ դերակատար դառնալ: Այդ իսկ պատճառով էլ ահաբեկչության սպառնալիքն ու վերջնագիրն է դարձրել կրեդո: Հետաքրքիր է՝ հասարակությունը դեռ որքա՞ն է հանդուրժելու այս ժամանակավրեպ կառույցի գոյությունը: