Իսկ օրե՞նքը

Իսկ օրե՞նքը

Արցախում հնչում են արտակարգ դրություն հայտարարելու եւ ընտրությունները հետաձգելու կոչեր: Ընդ որում՝ ոչ առանց քաղաքական ենթատեքստի, որ բավական տարօրինակ է ձեւակերպվում: Եթե ընտրությունները չեն հետաձգվում, ուրեմն դա ձեռնտու է իշխանություններին- այսպես են գրում սոցիալական ցանցերի մի քանի հայտնի օգտատերեր: Ընտրական օրենսգիրքը, մինչդեռ, ընտրությունների հետաձգում չի նախատեսում: Այնտեղ հստակ սահմանվում է, որ արտակարգ դրության կամ պատերազմի ժամանակ Հանրապետության նախագահի ընտրություններ չեն անցկացվում, արտակարգ դրության կամ պատերազմի ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են արտակարգ դրության կամ պատերազմի պատճառով տեղի չունեցած՝ Հանրապետության նախագահի նոր հերթական ընտրություններ: 

Այսինքն, եթե հայտարարվի արտակարգ դրություն, ապա ընտրությունները ոչ թե կհետաձգվեն, այլ կչեղարկվեն, եւ նախագահի նոր, հերթական ընտրություններ կկայանան ԸՕ նախատեսած ժամկետներում՝ գործընթացը սկսելով թեկնածուների առաջադրումից: Արտակարգ դրություն օրենքով հայտարարվում է նվազագույնը 30-օրյա ժամկետով: Այդ դեպքում նախագահի նոր ընտրության մասին կհայտարարվի մայիսի սկզբներին, իսկ ընտրությունը տեղի կունենա լավագույն դեպքում դրանից 50 օր հետո: Ստացվում է, որ մոտ երեք ամիս Արցախում այսպես, թե այնպես նախընտրական վիճակ է լինելու՝ զուգակցված արտակարգ դրության ռեժիմով: Մինչդեռ նշանակված քվեարկությանը մնացել է յոթ օր, Արցախում նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք չի գրանցվել, իրավիճակը լիովին վերահսկվում է: Նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ դադարեցնում է նաեւ ընտրողների հետ բացօթյա հանդիպումները: Մյուսները կարող են հետեւել նրան, քարոզչություն իրականացնել առցանց միջոցներով: ԿԸՀ-ն սերտորեն համագործակցում է առողջապահության նախարարության հետ: Ըստ երեւույթին, քվեարկության օրը տեղամասերում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մեկ ամիս հետո իրավիճակն ավելի կայուն է լինելու, քան այսօր, բայց ներկա դրությամբ պայմանները բավարար են, որպեսզի մարտի 31-ի քվեարկությունը կայանա: