Ճնշումն այնքան ուժեղացնել Հայաստանի վրա, որ զիջումներ կորզեն

Ճնշումն այնքան ուժեղացնել Հայաստանի վրա, որ զիջումներ կորզեն

Մայիսի 11-ի վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ բացեցին Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունեցավ 4 վիրավոր։

Վաշինգտոնյան բանակցություններից հետո եւ բրյուսելյան բանակցություններին ընդառաջ՝ Ադրբեջանի կողմից իրականացված այս հարձակումն ի՞նչ է նշանակում, արդյո՞ք նպատակ կա՝ խափանելու առաջիկայում Բրյուսելում նախատեսված բանակցությունները։ «Այո, նպատակը դա է՝ ճնշումն այնքան ուժեղացնել Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանից զիջումներ կորզեն»,- մեզ հետ զրույցում ընդգծեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։  

Սոթքի վրա հարձակումը դիտարկվում է նաեւ մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների շրջանակում, ինչի առնչությամբ թուրքագետը նկատեց․ «Ես սա չէի կապի դրա հետ, բայց որ Թուրքիայի հետ համաձայնեցված է, դա ակնհայտ է: Նպատակը՝ Հայաստանի վրա ճնշումը գնալով ուժեղացնել։ Իսկ սա Թուրքիայի համար այդքան կարեւոր խնդիր չէ, որ իրենց նախընտրական պայքարում օգտագործեն»։

Հայաստանի սուվերեն տարածքին ուղղված այս հարձակումները դիտա8կվում են նաեւ ռուս-ուկրաինական ճակատում սպասվող նոր ռազմական գործողությունների համատեքստում։ «Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործում են այն հանգամանքը, որ Ռուսաստանն իր ուշադրությունն ուղղել է դեպի Ուկրաինան եւ մեր տարածաշրջանում հնարավորություն չունի ավելի ներգրավված լինելու, եւ նրանք էլ օգտվում են դրանից, դա ակնհայտ է»,- ասում է թուրքագետն ու եւս մեկ անգամ ընդգծում, որ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ճնշումը Հայաստանի վրա գնալով ուժեղանում է։

Ռ․ Սաֆրաստյանը որպես օրինակ է բերում վերջերս քաղաքում տեղադրված Նեմեսիսի արձանի փաստը։ «Տեսեք՝ Թուրքիան, Նեմեսիսի արձանի հետ կապված, իրականացրեց այդ խայտառակ քայլը՝ օդային տարածք փակեց։ Դա ես գնահատում եմ որպես Թուրքիայի կողմից նոր միտում քաղաքականության մեջ, երբ նրանք արդեն սկսում են ներազդել մեր պատմական հիշողության վրա, որպեսզի մեր պատմական հիշողությունը փոխեն այնպես, ինչպես իրենց է դուր գալիս։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը շարունակում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա, այնպես որ, երկու կողմից ճնշումն ուժեղանում է Հայաստանի վրա։ Իսկ որ լայնածավալ պատերազմական գործողություններ կարող են լինել, չնայած այն հանգամանքին, որ ես հետախուզական այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում, բայց ընդհանուր առմամբ համոզված եմ, որ Ադրբեջանը, Թուրքիայի հետ համագործակցելով, միշտ էլ կարող է մեզ համար վտանգ ներկայացնել։ Եվ արդեն կասկած չունեմ, որ ամեն պահի կարող են դիմել լայնածավալ ագրեսիայի Հայաստանի եւ Արցախի դեմ»,- հավելում է Սաֆրաստյանը։