Շատ է խոսվում, որ Միացյալ Նահանգները մի կողմ քաշված կեցվածք է ընդունել, որը, ըստ էության, սխալ պատկերացում է․ Կարեն Վերանյան

Շատ է խոսվում, որ Միացյալ Նահանգները մի կողմ քաշված կեցվածք է ընդունել, որը, ըստ էության, սխալ պատկերացում է․ Կարեն Վերանյան

«Հրապարակը» զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ, հրեագետ Կարեն Վերանյանի հետ։

-Պարո՛ն Վերանյան, գիտենք, որ Իսրայելը զենք է տրամադրում Ադրբեջանին, ԱՄՆ-ն այս իրավիճակում ի՞նչ կարող է անել։ Այս հարցը վերջերս շատ բարձրացվեց, նույնիսկ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածներից մեկով անդրադարձավ Իսրայելի մտավորականների կոչին՝ զենքի վաճառքը դադարեցնելու վերաբերյալ։ Ձեր գնահատմամբ՝ ԱՄՆ-ն կարո՞ղ է ինչ-որ բան անել՝ հաշվի առնելով, որ Իսրայելի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկն է։

-Անշո՛ւշտ, ցանկալի է, որ նման արձագանքներ և, ինչու չէ, նաև մեսիջներ Վաշինգտոնից, Սպիտակ տնից` Իսրայելին ուղղված, հնչեն, որ նման գերժամանակակից, հարձակողական նշանակության սպառազինություններ այլևս չմատակարարվեն։ Եվ այդ հարցն ընդհանրապես շատ լուրջ դատաիրավական գործընթացի տեղ ունի։ Այսինքն՝ դրան պետք է նաև տալ ոչ միայն քաղաքական գնահատական, այլև` իրավական գնահատական։ Ինչո՞ւ, որովհետև բազում հիմնավորված, կադրերով ու տեսանյութերով ապացուցված փաստեր կան, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերն Ալիևի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հրամանով թիրախավորում, ռմբակոծում Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակավայրերը, գյուղերը, ենթակառուցվածքները։ Սա, իհա՛րկե, անթույլատրելի է։ Ես օրինակ կբերեմ. ի տարբերություն Իսրայելի ղեկավարության, որը, ըստ էության, որևէ կերպ չարձագանքեց հայկական կողմի կոչերին, օրինակ՝ Կանադան վարչապետի և արտգործնախարարի մակարդակով հնչեցրեց հայտարարություններ, թե փաստեր կան, որ Թուրքիային տրամադրված կանադական օպտիկական-հետախուզական սարքավորումները, որոնք տեղադրվում են Թուրքիայի օդային միջոցների վրա, օգտագործվել են, կարող են օգտագործվել, օգտագործվում են խաղաղ բնակչության նկատմամբ։ Եվ դրանից հետո սառեցվեց գործարքը, այսինքն՝ մատակարարումը կանգնեցվել էր։ Սա առաջին հերթին հումանիզմի, մարդասիրության խնդիր է, և Իսրայելի ղեկավարության այն պնդումները, որ Իսրայելն ամբողջ Մերձավոր Արևելքում ժողովրդավարութան կղզի է, ըստ էության, նման իրողությունների ժամանակ են բացահայտվում իրատեսությունը և ոչ իրատեսությունը, զուտ հայտարարությունները։ Կարծում եմ՝ այս տեսանկյունից, իհարկե, ցանկալի կլինի, որ ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլ նաև միջազգային հանրության առաջատար խաղացողները բարձրաձայնեն այս հարցը։ Բայց, անկեղծ ասեմ՝ մեծ ակնկալիքներ, մեծ հույսեր չկան, որ առաջընթաց, դրական լուծումներ, միտումներ լինեն մեզ համար այս տեսանկյունից։ Տեսեք, հայկական կողմը տարիներ շարունակ դիմել է Իսրայելի կառավարությանը՝ չեղյալ հայտարարելու, դադարեցնելու, սառեցնելու զենքի մատակարարումն Ադրբեջանին, այն հիմնավորմամբ, որ դա ուղղվում է Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Ցավոք սրտի, որևէ արձագանք չկա, Դուք շատ ճիշտ նկատեցիք, նույնիսկ Իսրայելի մտավորականների, գործիչների խումբը դիմել էր Բարձրագույն դատարանին՝ հարցը դատական կարգով վիճարկելու համար, բայց տեսաք, թե պատասխանն ինչ էր՝ «չկան բավարար փաստեր»։ Ի՞նչ է նշանակում՝ «չկան բավարար փաստեր», այսինքն՝ այն հիմնավորված, բերված փաստերը, որոնք հայկական կողմը, մասնավորապես՝ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակներն օրեր շարունակ ներկայացնում են ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից, ըստ էության, բավարար են, մի բան էլ ավելի, որպեսզի Իսրայելի կառավարությունը ետ կանգնի նման գործելաոճից։ Բայց դե, մեծ ակնկալիքներ չունեմ, առաջին հերթին հենց Իսրայելի կառավարությունից։ Ցավով պետք է արձանագրեմ, որ ցեղասպանություն վերապրած ժողովրդի իշխանություններն ունեն նման վերապահումներ և առաջին հերթին շարժվում են ոչ մարդասիրական քաղաքականությամբ՝ գերադասելով ինչ-որ առևտրաքաղաքական շահեր։

-Իսկ ԱՄՆ-ն ինչո՞ւ ինչ-որ բան չի անում թե՛ Թուրքիային, թե՛ Իսրայելին զսպելու հարցում։

-Այո՛, համաձայն եմ. ԱՄՆ-ն այսօր Իսրայելի ամենավստահելի, և, փոխադարձաբար, Իսրայելն ԱՄՆ-ի համար Մերձավոր Արևելքում ամենավստահելի գործընկերներից մեկն է։ Բայց չեմ կարծում, որ Ձեր հնչեցրածը Թրամփի և Վաշինգտոնի վարչակազմի օրակարգային հարցերից է։ Մենք տեսնում ենք, որ այստեղ կարող է շատ ավելի լուծում գտնել այն հարցը, որ Սպիտակ տանը սկսեն առավել մեծ ուշադրություն դարձնել Թուրքիայի ներգրավվածությանը հարավկովկասյան գործընթացներում, ռազմական գործողություններին միջամտմանը, Թուրքիայի կողմից Լիբիայից և Սիրիայից ահաբեկչական խմբերի տեղափոխմանը Ադրբեջան։ Հակաահաբեկչական քայլեր անելու հնարավորություններ տեսնում եմ ԱՄՆ-ի կողմից, բայց ինչ վերաբերում է Իսրայելի և իսրայելական սպառազինության մատակարարմանը, որ այստեղ ինչ-որ լուծումներ լինեն, ճնշումներ լինեն Իսրայելի նկատմամբ, ըստ էության, Միացյալ Նահանգներից չեմ ակնկալում, նույնիսկ հայտարարության մակարդակով, չեմ կարծում։ Միգուցե Իսրայելում տեղի հայ համայնքը, Միացյալ Նահանգներում հայ համայնքը կարողանան ինչ-որ ճնշումներ գործադրել, որպեսզի հայտարարության տեսքով գոնե դատապարտվի կամ ինչ-որ ներքին խողովակներով կամ հանրային-դիվանագիտական ներքին խողովակներում ոչ պաշտոնապես նման գործընթաց սկսեն, միգուցե։ Բայց, նորից եմ կրկնում, չեմ կարծում՝ նման օրակարգ Վաշինգտոնում կա, չեմ կարծում, որ կլինի, ցավով եմ ասում։ Միջազգային հանրության համար մարդասիրությունը և հումանիզմն ամենաառաջատար դիրքերում պետք է լինեն այսպիսի հարցերում։ Խոսքը չի վերաբերում ռազմական գործողություններին զինված ուժերի ներգրավմանը, զինվորական կամ ռազմական օբյեկտների թիրախավորմանը, խոսքը վերաբերում է խաղաղ բնակչությանն ակնհայտ նպատակներով թիրախավորմանը, հրթիռակոծմանը, բնակավայրերի, գյուղերի ոչնչացմանը։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի և Թուրքիայի ձեռագիրն այն է, որ իրենց տարածքներ են պետք` առանց այնտեղ ապրող բնակչության։ Սա է ամբողջ խնդիրը, և ցավալի է, որ միջազգային հանրությունը չունի այսօր հստակ օրակարգ, չունի այնպիսի անվտանգային մեխանիզմներ, որոնք թույլ չէին տա նման զարգացումները, նման սցենարը։ Բայց նույն միջազգային հանրությունն է հետևել, թե ինչպես է իսրայելական սպառազինությունը տարիներ շարունակ միլիարդավոր դոլարներով մատակարարվում Ադրբեջան։


-Այս իրավիճակում ի՞նչ գործնական քայլեր պետք է արվեն այստեղ ընդհանուր շահեր ունեցող պետությունների կողմից, տարածաշրջանային և այլ երկրների կողմից, ինչպես նաև կուզենայի, որ անդրադառնայիք Չինաստանի «պասիվությանը», կարելի է ասել, չի երևում ինչ-որ կերպ։

-Տեսեք, ես կարծում եմ, որ արձագանքները սկսել են շատ ավելի կոշտ լինել, հատկապես` Ռուսաստանի կողմից, հատկապես՝ Իրանի կողմից, հատկապես՝ եվրոպական ճակատից արդեն Ֆրանսիայի կողմից։ Եվ կցանկանայի նաև Ձեր ուշադրությունը հրավիրել Միացյալ Նահանգների մոտեցմանը։ Շատ է խոսվում, որ Միացյալ Նահանգները մի կողմ քաշված կեցվածք է ընդունել, որը, ըստ էության, սխալ պատկերացում է։ Ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից պետքարտուղար Պոմպեոն շատ հստակ ձևակերպում արեց, հայտարարությունում նշվում էր, որ «արտաքին ուժերը պետք է չներգրավվեն, պետք է չմիջամտեն հարավկովկասյան այս ամբողջ հակամարտությանը և լարվածությունն էլ ավելի չթեժացնեն»։ Վստահաբար կարող ենք ասել, որ այդ ուղերձի հասցեատերը Թուրքիան է, որովհետև Թուրքիան արտաքին ուժ է և չի ներառվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բանակցային ձևաչափում, թեև Մինսկի խմբի անդամ է, բայց, ըստ էության, նախագահության ձևաչափում չկա։ Եվ կարող է դիտվել և դիտվում է միակ պետությունը, որը Պոմպեոյի հայտարարության «արտաքին ուժ»-ն է համարվում, այսինքն՝ դուրս պետք է գան այդ ուժերը։ Միացյալ Նահանգների փորձագիտական գնահատականներում, մամուլի, մեդիայի արձագանքներում, որոնք այս կամ այն չափով կապված են, ասոցացվում են թե՛ կառավարության, թե՛ կառավարությանը մոտ շրջանակների հետ, հստակ երկու գիծ է տարվում։ Առաջին՝ Թուրքիան փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես դա անում է Սիրիայում, Մերձավոր Արևելքում, Լիբիայում։ Եվ երկրորդ թեզն է տարվում, որ Թուրքիայի կողմից են Սիրիայից, Լիբիայից և այլ երկրներից ահաբեկչական խմբեր, զինյալներ, վարձկաններ բերվում Ադրբեջան` Արցախի դեմ պատերազմելու համար։ Երկու թեզ շատ հստակ, կարմիր թելի պես անցնում են, որը շատ կարևոր է։ Կարծում եմ, որ դա կարող ենք ինչ-որ կերպ կապակցել Վաշինգտոնի մոտեցման հետ։ Չինաստանի պասիվությունն ինչ-որ առումով հասկանալի է այն տեսանկյունից, որ, ըստ էության, Չինաստանը ներգրավվածություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ թե՛ քաղաքական, թե՛ բանակցային գործընթացների առումով։ Չունի նաև հետաքրքրություն ռազմական գործընթացների հետ կապված, որոնք այս օրերին տեղի են ունենում այս տարածաշրջանում՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Ես այսպես եմ հիմնավորում, թե ինչու է այսքան պասիվ Չինաստանը։ Միգուցե այլ պատճառներ էլ կան, բայց, ըստ էության, միգուցե նաև սպասողական, հետևողական դիրքորոշում են որդեգրել, բայց հիմնարարը, սկզբունքայինը նա է, որ այս դրությամբ չունեն ուղղակի, ինչու չէ, նաև ուղղակի ներգրավվածություն և ուղղակի հետևողական կեցվածք ունեն։


-Ինչո՞ւ չի ստացվում Թուրքիային արանքից հանել։ ՆԱՏՕ-ն չի՞ ուզում ինչ-որ բան անել։

-Նախ նշեմ, որ մենք որքան էլ չցանկանանք ասել, չցանկանանք ընդունել, ամեն դեպքում Էրդողանի կառավարման տարիներին՝ վերջին տարիներին հատկապես, Թուրքիան մեծացրել է իր ազդեցությունը տարածաշրջանում, տարբեր տարածաշրջաններում, սա պետք է արձանագրենք։ Պետք է արձանագրենք այն, որ դա փոխկապակցված լարերով է զուգորդվում այլ երկրների, միջազգային հանրության այլ խաղացողների հետ։ Տեսեք, հետաքրքիր զուգահեռներ անցկացնեմ։ Օրինակ, երբ խոսքը վերաբերում է Արևելյան Միջերկրածովում  Հունաստան-Թուրքիա դիմակայությանը, Վաշինգտոնը շատ հստակ, առարկայական, թիրախային իր մոտեցումը, դիրքորոշումը հայտնում է՝ քննադատելով Թուրքիային և իր հովանու տակ վերցնելով Հունաստանը և Կիպրոսը։ Այստեղ կան ուղիղ շահեր, այստեղ Միացյալ Նահանգներն ունի ուղիղ շահեր և առանձին շահեր, զուտ ամերիկյան շահերն են, և բազմակողմանի ֆորմատով ներկայացվող շահերի կոնֆիգուրացիա չէ, ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը։ ՆԱՏՕ-ի հետ կապված, տեսեք, Թրամփը և Եվրոպան լուրջ հակասություններ ունեն՝ ֆինանսական, հատկացումների համար համամասնության առումով, Հունաստանը և Թուրքիան հենց ՆԱՏՕ-ի հովանո ներքո են, բայց հակասություններ ունեն, դիմակայում են Արևելյան Միջերկրածովում, այսինքն՝ այնտեղ էլ հարթ չէ ամենը։ Եվ երկրորդ.  ՆԱՏՕ-ն՝ որպես ռազմաքաղաքական կառույց, չունենալով ուղղակի ներգրավվածություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, շատ ավելի առարկայական հայտարարությամբ հանդես չի գա կամ քայլեր ձեռնարկի։ Կարծում եմ, որ դա առաջին հերթին կդիտվի որպես մարտահրավեր Ռուսաստանի համար, Ռուսաստանը դա խնդիր կտեսնի։ Մյուս կողմից, կարծում եմ, ըստ էության, ՆԱՏՕ-ն չի ուզում, չի ցանկանում խորքային հակասություններ հրահրել ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններում այն հակամարտության գոտում և այն տարածաշրջանում, որն առաջին հերթին, ըստ էության, Ռուսաստանի կենսական շահերի գոտում է տեղավորվում։ Միգուցե, Վրաստանի դեպքում հնչեն մի քիչ թիրախային և ինչ-որ առումով կոշտ հայտարարություններ ՆԱՏՕ-ի կողմից, բայց կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առումով, կարծում եմ, Թուրքիայի նկատմամբ ճնշումները կլինեն այնքանով, որքանով դրանք չեն վնասի Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին։ Այստեղ եվրոպական ճակատը շատ կարևոր է և մասնավորապես նրա ֆրանսիական թևը, եթե կարելի է այդպես ասել։ Եվ անձամբ Մակրոնի կերպարը և իր հայտարարությունները, որոնք շատ թիրախավորված են։ Եվ շատ ողջունելի է, որ իրերն իրենց անուններով է կոչում։ Այսինքն՝ հստակ ասում է, թե ով է նախաձեռնել, հստակ ասում է, որ «Թուրքիան է պատասխանատու» այս ռազմական գործողությունները մշակելու և նախաձեռնելու համար, հստակ ասվում է ահաբեկչական խմբերի տեղափոխման մասին դեպի Ադրբեջան, որն իրականում մատնանշում է Էրդողանին։