Էնպես որդիք ունեցողը աշխարհքումն էլ ի՞նչ դարդ կանի

Էնպես որդիք ունեցողը աշխարհքումն էլ ի՞նչ դարդ կանի

Ի՞նչ իմանար մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, որ գրեթե երկու դար անց իր այս խոսքն այսքան այժմեական է հնչելու: Եթե ապրեր մեր օրերում ու ականատես լիներ մարտի դաշտում «էնպես որդիք»-ի սխրագործություններին, ապա գուցե բացականչեր. «Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»: Այն ազգին, որն ունի սեփական լեզու ու հավա՞տ, այն ազգին, որը դարեր շարունակ մշակութային ադամանդնե՞ր է նվիրել աշխարհին: Այդ ազգի՞ն են փորձում զրկել կենսական ու ոչ այնքան կենսական տարածքներից, իր պատմական հարուստ ժառանգությունից: Այդպիսի ժառանգությունից զուրկ ցեղախմբերին երբեք չի հաջողվել ու չի հաջողվելու դա անել: Նրանց չէր հաջողվի նաեւ որեւէ գործողություն ձեռնարկել, եթե միջազգային հանրությունը ցուցաբերեր պատշաճ անհանդուրժողականություն ոչ միայն խոսքով, այլեւ՝ գործնական քայլերով: 
2-3 պետություն վերջին 1.5 դարում հետեւողականորեն նպաստել են այսպիսի զարգացումների, ինչի արդյունքում առաջացել է Թուրքիայի նման չարիքը: Կիպրոսը, Սիրիան, Լիբիան, Միջերկրական ծովն ընդամենը ծաղիկներն են: Պտուղները կլինեն շուտով կամ, ավելի ճիշտ՝ եթե արտակարգ միջոցներ չձեռնարկվեն: Դե, Թուրքիան միջազգային հանրության չարաճճի, բայց սիրելի զավակն է: Сукин сын, но наш сын! 

Թող կողմնակալություն չթվա, ու թող ներեն ինձ ուկրաինացիները, քանզի ես իսկապես մինչ օրս վառ հուշեր եմ պահել Բուկովինայից, Չերնովցիից, որտեղ իմ ծառայությունն եմ անցել խորհրդային բանակում, այդուհանդերձ, ուզում եմ միջազգային արդար հանրությանը մեկ հարց տալ՝ դուք իսկապե՞ս կարծում եք, որ Ղրիմն Ուկրաինային է պատկանում:  Եթե այո, ապա Խրուշչովին ինչո՞ւ չէիք հարգում: Չէ որ նա «արդար» էր վարվել: «Արդար» էր վարվել նաեւ Ստալինը՝ Արցախի ու Նախիջեւանի հարցում: Այդ դեպքում ԽՍՀՄ-ն էլ արդար ու ժողովրդավար երկիր էր: Այստեղից հետեւում է, որ այդ երկիրը փլուզողները հանցագործներ են եղել: Իսկ ո՞ւր է «նյուրնբերգյան դատավարությունը»: Կիպրոսի մի հատվածի մասի՞ն ինչ կասեք: Հա, թուրքական հորատող նավը կրկին վերադարձել է Միջերկրական ծով: Կարո՞ղ է միջազգային հանրությանն Ալիեւը տեղեկատվական շրջափակման է ենթարկել:

Ակամայից հիշում ես Սիամանթոյի մարգարեական խոսքը. «Ով մարդկային արդարություն, թող ես թքնեմ քու ճակատիդ»: Հապա նայեք այդ «արդարության» վառ ապացույցը հանդիսացող Անդրկովկասի քաղաքական քարտեզին: Այդպես է որոշել «արդար» միջազգային հանրությունը: Այդ «արդար» միջազգային հանրությունն ինչպե՞ս է հաղորդակցվում իր զինվորականների դիակները տրորող պետության հետ: Այն պետության, որն իր ժողովրդին համարում է վախկոտ եւ անմեղսունակ՝ հույսը դնելով իրենց հետ ընդամենը լեզվական ընդհանրություն ունեցող թուրքերի ու վարձկան ահաբեկիչների վրա: Ադրբեջանցիներն ինչպե՞ս են իրենց վրայից մաքրելու այդ խարանը: Ինչպե՞ս եք խաբվել թուրքերի «մի ժողովուրդ՝ երկու պետություն» անհեթեթ գաղափարին: Թուրքիան, կամա թե ակամա, աշխարհով մեկ ներ­քաշվել է գործո­ղութ­յունների մեջ, որից «կենդանի» դուրս չի գալու ու իր հետ «տանելու» է նաեւ այդքան երի­­տասարդ մի պետություն: Ցավալին այն է, որ ռազմաքաղաքական այդ ա­վանտյուրայի բեռն առայժմ ծանրացել է հայ ժողովրդի վրա: Առաքելությունը կատարելի է: Ուղղակի հետաքրքիր է, թե աշխարհի հզոր երկրներից ո՞ր մեկը չի վախենում Թուրքիայից, ո՞ր մեկն է, որ կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը՝ հանուն այնտեղ դարեր շարունակ ապրող ժողովրդի անվտանգության: 

Զավեշտալին այն է, որ մոնղոլ-թաթարական արշավանքին դիմագրաված Արցախը 21-րդ դարում հայտնվել է գոյութենական խնդրի առաջ: Այսինքն, ստացվում է, որ Չինգիզ խանն ավելի մարդասեր, տոլերանտ ու արժանապատի՞վ է եղել:

Որդիք, քանի դեռ միջազգային հանրությունը ճշմարտության ու արդարության փնտրտուքի մեջ է, դուք պետք է ամոքեք «Վերքը Հայաստանի», որն արդեն վերածվել է «Վերք աշխարհի», բայց մի պայմանով՝ մնացեք ողջ ու առողջ:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր