Հայաստանը` ինձ, Արցախը` քեզ. Փաշինյան-Քոչարյան համաձայնության հնարավոր առանցքը

Հայաստանը` ինձ, Արցախը` քեզ. Փաշինյան-Քոչարյան համաձայնության հնարավոր առանցքը

Մինչ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ առանց ընկալելի բացատրության հրաժարվում են պատգամավորական մանդատից եւ որպես բողոքի նշան հայտարարում քաղաքական գործունեությունը դադարեցնելու որոշման մասին, իսկ մյուսներն իրենց եւ մյուսների կողմից մանդատը պահելու համար ինչ-որ արդարացում-բացատրություններ են գտնում, հարցը, թե, ի վերջո, ինչ է կատարվում այդ խմբակցությունում, մնում է բաց: Մայիսին, երբ ընդդիմությունը նախաձեռնեց Դիմադրության շարժումը, միաժամանակ բոյկոտեց ԱԺ նիստերը եւ խոստացավ խորհրդարան վերադառնալ միայն սեփական օրակարգով, ենթադրաբար՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը նախաձեռնելու համար: Մինչդեռ երկու շաբաթ առաջ ընդդիմությունը վերադարձավ խորհրդարան, ինչը հասարակության մի զգալի շերտի համար անհասկանալի էր, իսկ «Հայաստան» խմբակցության որոշ անդամների համար՝ անընդունելի, բայց նրանք գերադասեցին դրա մասին չբարձրաձայնել՝ պահելով ներթիմային համերաշխությունը:

Միակ տրամաբանական բացատրությունը, որ կարող է լինել «Հայաստան» խմբակցության՝ խորհրդարան վերադառնալու վերաբերյալ, իշխանության եւ ընդդիմության, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ ինչ-որ համաձայնության կայացումն է: Իսկ ի՞նչը կարող էր լինել համաձայնության առարկան եւ ի՞նչը պետք է ստիպեր կողմերին՝ նման համաձայնության գալ:
Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը, որ անընդհատ հայտարարում են, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, ամեն օր բախվում էին այդ պնդումը բացառող իրավիճակին. Հայաստանի խորհրդարանը վերածվել էր միակուսակցական մարմնի, որտեղ օրենքներն ընդունվում են այնպես, ինչպես Հյուսիսային Կորեայում, առանց որեւէ քննարկման կամ անհամաձայնության: Նույնիսկ ավտորիտար կառավարման համակարգ ունեցող Ռուսաստանի խորհրդարանում կա, այսպես կոչված, «համակարգային ընդդիմություն», որը որոշ հարցերում չի համաձայնում կամ քննադատում է իշխանությանը՝ ստեղծելով երեւութական բազմակարծություն:

Որքան էլ արեւմտյան ժողովրդավարության արժեքներ քարոզող երկրներն ու կառույցներն աչք փակեն փաշինյանական բռնապետության տարբեր դրսեւորումների վրա, միեւնույն է՝ նրանք պահանջում էին, որ Փաշինյանն ընդդիմությանը վերադարձնի խորհրդարան, մանավանդ որ ընդդիմությանը մանդատներից զրկելու կամ բոլոր ընդդիմադիրների դեմ քրեական գործ հարուցելու եւ բոլորին կալանավայրեր ուղարկելու սպառնալիքը միջազգային աջակցություն չէր ստանում: Փաշինյանին օդուջրի պես պետք էր խորհրդարան վերադարձնել ընդդիմությանը եւ երկրում վերականգնել ժողովրդավարական կարգը, եւ նա փաստացի հասավ իր ուզածին: Իսկ ի՞նչ ստացավ ընդդիմությունը:

Գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելուց հետո տեղեկություններ տարածվեցին, որ Արցախի արտգործնախարար կարող է նշանակվել Վարդան Օսկանյանը, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին զբաղեցրել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը եւ այժմ էլ Քոչարյանի թիմի ներկայացուցիչներից է: Հնարավոր է, որ Փաշինյան-Քոչարյան պայմանավորվածությունը կարող է վերաբերել հենց Արցախին: Քոչարյանը հրաժարվում է Հայաստանում Փաշինյանի իշխանության դեմ ակտիվ պայքարից եւ «Հայաստան» խմբակցությունը վերադարձնում է խորհրդարան, դրա փոխարեն Փաշինյանը դեմ չի լինի, եթե Արցախում պաշտոններ ստանան Քոչարյանի թիմի որոշ ներկայացուցիչներ: 

Այդ պայմանավորվածությունները կարող են ազդել նաեւ «Հայաստան» խմբակցության առանձին պատգամավորների վրա: Իշխանությունն ընդդիմության տարբեր պատգամավորների դեմ հարուցել է քրեական գործեր եւ սպառնում է նրանց քրեական հետապնդմամբ: Նրանից ոմանց սպառնում են ունեզրկել՝ նրանց գույքը հռչակելով ապօրինի: Բնական է, որ այս համաձայնությունների արդյունքում կլինեն որոշ մեղմացումներ. քրեական հետապնդումները կդադարեցվեն, ապօրինի գույքը կօրինականանա:

Փաշինյան-Քոչարյան համաձայնությունն ունի ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին շահառուներ, եւ այդ համաձայնությունների կայացման հարցում կարող են լինել արտաքին միջնորդներ եւ երաշխավորներ: Մասնավորապես, այս համաձայնությունների կայացման հարցում կարող են շահագրգիռ լինել Մոսկվան եւ Փարիզը: Ֆրանսիայի Սենատն իր կայացրած որոշմամբ եւ նախագահ Մակրոնի հայտարարություններով օգնեց վիժեցնելու ԵՄ հովանու ներքո ընթացող Հայաստան- Ադրբեջան բանակցությունները, որը հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Պուտինն անվանեց «վաշինգտոնյան տարբերակ»: Փաստացի, հիմա օրակարգում մնացել է «ռուսական տարբերակը», որը ենթադրում է Արցախի խնդրի կարգավորման սառեցում՝ ներկա ստատուս քվոյի պահպանմամբ: Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարար դառնալով եւ Վարդան Օսկանյանի արտգործնախարար հնարավոր նշանակմամբ Արցախի հարցի սառեցումն առավել իրատեսական է դառնում, քանի որ Բաքուն դժվար թե ցանկություն ունենա հարաբերվել այս զույգի հետ, մանավանդ որ Օսկանյանն անընդհատ բարձրաձայնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման անխուսափելիությունը՝ ակնհայտորեն հասկացնելով, որ Արցախի արտգործնախարար դառնալու դեպքում Բաքվի հետ հարաբերվելու է միայն այդ իրավունքը ճանաչելու պայմանով:

Բնական է, որ «Հայաստան» խմբակցության ներսում կլինեին պատգամավորներ, որոնց համար անընդունելի է Փաշինյանի իշխանության հետ թեկուզ իրավիճակային համաձայնությունների կայացումը, ամեն գնով այդ իշխանությունից Հայաստանն ազատելու հրապարակային խոստումից հրաժարվելը կամ թեկուզ ժամանակավոր հետաձգումը: Նրանք են, որ հայտարարելու են մանդատից հրաժարվելու որոշման մասին: Մյուսներն ինքնասփոփվելու են «քաղաքականությունը հնարավորինի արվեստ է» ձեւակերպմամբ եւ շարունակելու են իրենց գործունեությունն արդեն այդ սկզբունքի շրջանակներում՝ շարունակելով տարբեր հարցերի շուրջ քննադատել իշխանությանը եւ խորհրդարանում ապահովելով բազմակարծությունը: 

Մինչդեռ այն, որ հասարակության ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հատվածն այլեւս որեւէ սպասելիք կամ ակնկալիք չի ունենալու գործող ընդդիմությունից, այլեւս իրողություն է: «Հայաստան» խմբակցության պատգամավորներն էլ են խոստովանում, որ իրենց մանդատը պետք է ընդամենը Արցախի շահերը պաշտպանելու համար եւ խոչընդոտելու, որ գործող իշխանությունն Արցախի հարցում չգնա հակահայկական որոշումների կայացման: Չափազանց կարեւոր ու անհրաժեշտ մոտեցում:

Ավետիս Բաբաջանյան