ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համահայկական հիմնադրամին այս անգամ փող չտվեցին

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համահայկական հիմնադրամին այս անգամ փող չտվեցին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնը թերեւս այս օրերի ամենաաննկատ իրադարձություններից էր։ Այն եթեր է հեռարձակվել նոյեմբերի 24-ին՝ Հանրային հեռուստաընկերությամբ, եւ կրել է «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» հպարտ խորագիրը։ Բայց ե՛ւ հպարտությունը, ե՛ւ հեռուստամարաթոնի համահայկական սպասումը, որոնք նախկինում կային, անգամ քննադատությունը կորել են։ ԶԼՄ-ները, բացի մի երկու իշխանական թիվիներից, համարյա չլուսաբանեցին միջոցառումները՝ ո՛չ Երեւանում, ո՛չ Լոս Անջելեսում։ Ի դեպ, հեռուստամարաթոնը ե՛ւ Երեւանում, ե՛ւ ԱՄՆ-ում հեռարձակվում էր ոչ թե ուղիղ եթերի ռեժիմով, այլ՝ տեսաձայնագրությամբ, այսինքն՝ նախապես մոնտաժված, սանրած, սիրունացրած տարբերակով։ 

Ըստ հիմնադրամի տարածած տեղեկատվության, նոյեմբերի 25-ի դրությամբ հավաքագրվել է մոտ 11 մլն ԱՄՆ դոլար: Ընդամենը 1 մլն դոլար հանգանակել է Հայաստանը, 5 մլն՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան՝ 3,2 մլն դոլար, Մեծ Բրիտանիան՝ մոտ 700 հազար, Կանադան՝ կես միլիոնից մի քիչ շատ։ Հիմնադրամը ներկայացնում է անգամ Բրազիլիայից ստացված գումարը՝ 100 հազար դոլար, Ռումինիայից՝ 3,8 հազար, Ավստրիայից՝ 6 հազար։ Թվարկում է․ «Շվեյցարիա՝ 80 հազար ԱՄՆ դոլար, Գերմանիա՝ 52 հազար 660 ԱՄՆ դոլար, Արգենտինա՝ 25 հազար ԱՄՆ դոլար»։ Ռուսաստանը «Հայաստան» համահայկականի հաղորդագրության մեջ առհասարակ չկա։ Ռուսաստանում հավաքվել է 0 դոլար։ 44-օրյայի ընթացքում այնքան դժգոհություններ ու բողոքներ եղան գումարներն ու օգնությունը տեղ չհասնելու մասին, որ ՌԴ հայերի համար «Հայաստան» համահայկականը, թվում է, այլեւս գոյություն չունի։ 

Թեեւ հիմնադրամը հիշեցնում է, որ դրամահավաք-միջոցառումները դեռ շարունակվում են, արդեն պարզ է, որ այս տարվա թվերը կատաստրոֆիկ ցածր են։ Անգամ անցյալ տարի, որն առաջինն  էր 2020 թվականի պարտությունից հետո, գումարն ավելի մեծ էր՝ 12,3 մլն, իսկ հիմնական դոնոր-երկիրը՝ ԱՄՆ-ն, 7 մլն-ից ավելի էր տվել։ «Հիմնադրամի ծրագրերի շնորհիվ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները վերագտնում են իրենց եւ վերադառնում բնականոն կյանք: Արցախում հարյուրավոր արցախցիներ արդեն իսկ տեղափոխվել են նոր բնակարաններ, հարյուրավոր բնակարանների եւ տների կառուցումը դեռ ընթացքի մեջ է: Կառուցվել են խոշոր ճանապարհներ, ջրատարներ, հիմնանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն: Սյունիքի, Շիրակի, Արմավիրի եւ Տավուշի բազմաթիվ սահմանային համայնքներում իրականացվող զարգացման ծրագրերի շնորհիվ այդ բնակավայրերի մեր հայրենակիցները շենացնում են իրենց հայրենի հողը, Գյումրի քաղաքը բեռնաթափվում է տնակավաններից»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։ Սակայն մարդիկ դեռ չեն մոռացել անցյալ տարվա սկանդալը՝ կապված 107 մլն դոլարի հետ, որը 44-օրյա պատերազմի օրերին սփյուռքի կողմից հանգանակվել էր, սակայն կառավարության կողմից գաղտնի փոխանցվել ՀՀ պետբյուջե։ Ավելի ուժգին հարված հիմնադրամի հեղինակությանը՝ դժվար էր պատկերացնել։ 

Թեմայի շուրջ հարցեր ուղղեցինք «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանին։ 

- Այսպիսի ցածր հավաքագրում՝ 11 մլն դոլար, կարծես չի եղել, չէ՞։  

- Ցածր հավաքագրում եղել է, այլ հարց է, որ ԱՄՆ-ում իրական դրամահավաքի արդյունքը զրոյին մոտ է եղել։ Ի՞նչ են արել իրենք. ուրեմն, պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում հավաքված, եթե չեմ սխալվում, մոտ 150 մլն դոլար գումարից 70 մլն դոլարը մինչեւ էսօր ԱՄՆ-ում է։ Հիմնադրամի ԱՄՆ գրասենյակը, ինչպես գիտեք, առանձին օֆիս է, որը կապ չունի հայաստանյան գրասենյակի հետ։ Այդ 70 մլն-ն դրվել է արժեթղթերի մեջ, եւ ամեն տարի այն եկամուտ է բերում։ Այս հայտարարված 5 մլն դոլարը, հավանաբար, հենց այդ 70 մլն դոլարից է գոյացել, դրա տոկոսներից։ ԱՄՆ-ում խայտառակ արդյունք է գրանցվել։ Հնարավոր է՝ մի 100 կամ 50 հազար հավաքած լինեն, ոչ ավելի։ Կարծում եմ՝ այնտեղ չեն կարողացել գումար հավաքել, որովհետեւ այնտեղ անվստահությունը պատերազմից հետո, իրոք, շատ մեծ է։ 

- Բայց ինչո՞ւ։ Տրամաբանական կլիներ, եթե պատերազմում տանուլ տված, վատ վիճակում գտնվող երկրին ավելի շատ օգնեին։ 

- Անվստահության խնդիր կա։ 107 մլն-ն որ կառավարությունը մտցրեց բյուջե, մեծ դեր է խաղացել, եւ մինչեւ այսօր հստակ բացատրություն չհայտարարվեց։ Սա շատ լուրջ խնդիր է։ Չէր կարելի այդպես վարվել։ Ես հիմնադրամի իմ ծանոթներին խորհուրդ եմ տվել՝ ճիշտ կլիներ, որ կառավարությունն այդ գումարը որպես պարտք գրանցեր եւ ամեն տարի 20 մլն դոլարով հետ տար հիմնադրամին։ Նույն առաջարկը նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր արել երկու տարի առաջ՝ նիստի ընթացքում, որպես հոգաբարձու։ Ասել էր՝ դա գրանցեք պարտք, թող կառավարությունը քիչ-քիչ տա այդ գումարը, որ հարցը փակվի։ Բայց իրենք ոչինչ չարեցին, հաշվետու չեղան, եւ նախագահն այս տարի որոշում ընդունեց դուրս գալ հոգաբարձուների կազմից։ 

- Ռուսաստանի արդյունքն ինչպե՞ս կբացատրեք։ Ի՞նչն է պատճառը, էլի գումարները տեղ չեն հասել, դրա՞ համար։ 

- Զրո է այս տարի Ռուսաստանը։ Չգիտեմ, անկեղծ ասած։ Չեմ բացառում, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ռուսաստանցի հայերն այնտեղ են ավելի շատ բարեգործությամբ զբաղվում։ Չեմ կարող 100 տոկոսով պնդել, որ դա պայմանավորված էր անվստահությամբ, որովհետեւ սովորաբար նույնիսկ եթե հիմնադրամի նկատմամբ անվստահության խնդիր լիներ, ուղիղ Ղարաբաղին կարող էին տալ։ Մեր ժամանակ էլ եղել են դեպքեր, երբ, օրինակ, Սամվել Կարապետյանը հայտարարեց 15 մլն դոլար Ստեփանակերտի հիվանդանոցի համար, բայց ինձ ասաց, որ ունի շինարար Ստեփանակերտում, որ նրան գումար կփոխանցի, նա կկառուցի, իսկ հիմնադրամն ուղղակի թող վերահսկի շինարարությունը։ Այսինքն՝ ձեւերը կան, դրա համար Ռուսաստանի մասով միանշանակ պնդում չէի անի։ Կարող է եւ անվստահությունը դեր խաղացած լինի եւ ռուս-ուկրաինական պատերազմը։ 

- «Կենսունակ համայնքների» մեջ, ոնց որ թե, Արցախը չկա։ Ասում են միայն, որ տներ են կառուցել այնտեղ։ 

- Պատերազմի գումարներով Արցախում շատ տներ են սարքում, այո, դա փաստ է, հիմնադրամը լայնածավալ շինարարություն անում է։ Բայց այս տելեթոնն աննախադեպ էր մի քանի այլ հանգամանքներով։ Առաջինը՝ որ վեհափառ հայրապետները կոչով չէին դիմել հայությանը։ Սա պատմության մեջ առաջին անգամ է, որեւէ երկու վեհափառները հրաժարվել են կոչ անելուց։ Երկրորդ՝ աննախադեպ էր, որ չկային ո՛չ Արցախի նախագահի, ո՛չ վարչապետի ու պետնախարարի կոչերը։ Նրանք որեւէ կերպ ներառված չէին ծրագրերում՝ ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ այստեղ։ Ընդհանրապես, Ղարաբաղը քիչ էր շոշափվում։ Չգիտեմ, թե ինչու են այդպես որոշել։ Դե, երբ որ իշխանությունն Արցախը հանձնում է, իշխանության տակ հայտնված մարդիկ նույնն են անում։ 

- Բայց միշտ ամենատպավորիչ ծրագրերն Արցախում էին արվում։ 

- Այո, «Հայաստան» հիմնադրամի համար միշտ հիմնականն Արցախն է եղել, ու կարծում եմ՝ հիմա նույնը պետք է արվեր, որովհետեւ գոնե հինադրամը պետք է ցույց տա, որ Արցախը մեզ պետք է։