Կեցցե Դաշնակցությունը

Կեցցե Դաշնակցությունը

Արցախում նախընտրական քարոզարշավ է: Քաղաքական ուժերից չափազանց կոռեկտ եւ հավասարակշռված քարոզչություն է տանում ՀՅԴ տեղական կառույցը՝ «Հաղթել ենք միասին, չենք զիջի միասին, կզարգանանք միասին» կարգախոսով: Ի տարբերություն այլ ուժերի, որ ընտրողներին պոպուլիստական խոստումներ են տալիս, Դաշնակցությունը բավական սթափ կեցվածք է դրսեւորում անցած տասնամյակների գնահատման հարցում, չի խուսափում իր բաժին քաղաքական պատասխանատվությունից: Դաշնակցության նախագահի թեկնածուն ռազմական, պետական ու քաղաքական գնահատելի ճանապարհ անցած Դավիթ Իշխանյանն է: Հնաբնակների կողքին թիմում ընդգրկված են նաեւ երիտասարդներ, մի մասը՝ ոչ կուսակցական:

Քարոզարշավը մոտենում է եզրագծին, եւ Դաշմակցությունն առ այսօր որեւէ ոչ կառուցողական քայլ չի ձեռնարկել: Ընդհակառակը, Դավիթ Իշխանյանը ձեւակերպել է գլխավոր խնդիրը՝ Դաշնակցության նկատմամբ կա հարգանք եւ նույնիսկ պատկառանք, բայց դա դեռ չի վերաճել վստահության: Սա սեփական հնարավորությունների ճշգրիտ բնութագրում է, որն, անկասկած, դրսեւորվելու է կուսակցության վարկանիշի տեսքով: Տեղական դիտորդները շատ հավանական են տեսնում, որ Դաշնակցությունը կհաղթահարի հինգ տոկոսի շեմը եւ ներկայացված կլինի ապագա Ազգային ժողովում: Նույն հարթության վրա է գնահատվում նաեւ Արցախի ժողովրդավարական կուսակցության հնարավորությունը: Վերջինս նույնպես հանուն քվեի սուր շեշտադրումներ չի անում, մնում է իր ավանդական սկզբունքներին հավատարիմ: Ավելի կարեւորը, սակայն, Դաշնակցության պատասխանատու կեցվածքն է, ինչի համար, անկախ համոզմունքներից, պետք է անկեղծորեն ասել՝ կեցցե՜ Դաշնակցությունը: