Հայաստանի իշխանությունները խախտել են ավանդույթը

Հայաստանի իշխանությունները խախտել են ավանդույթը

Հայաստանի գործող իշխանությունները խախտել են քաղաքական նպատակներով պատժիչ միջոցները չկիրառելու ավանդույթը: Այս մասին  մամուլի ասուլիսում ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Արա Սաղաթելյանի եւ մյուս անձանց (Կարեն Բեքարյան, Անժելա Էլիբեգովա եւ այլք) դեմ քրեական հետապնդումը:

Հարցին, թե հետապնդումը թելադրվա՞ծ է արդյոք քաղաքական դրդապատճառներով, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ այստեղ ասելու բան էլ չկա, եւ այն գաղափարը, որ տասնյակ հազարավոր ֆեյքերի եւ VPN միլիոնավոր օգտատերերի մեջ ընտրությունը կանգ է առել Սաղաթելյանի վրա, վիրավորական է մտավորականի համար. «Հարձակումն ունի քաղաքական բնույթ: Ես չեմ կարող դա ապացուցել, բայց ենթատեքստը ծիծաղելի է, իսկ մեղադրանքը վատ է սոսնձված: Սպիտակ թելերով է կարված: Կարծում եմ, որ որոշումը կայացվել է հապճեպ, հակառակ դեպքում հնարավոր կլիներ ավելի լավ բան հորինել»։

Նրա խոսքով` մինչեւ 2018 թվականը ավանդույթ կար՝ քաղաքական նպատակներով պատժիչ մեթոդներ չօգտագործել: 2018 թվականից հետո իրավիճակը փոխվեց. «Անլուրջ է պատկերացնել, որ «պատահական համընկնումներ» են տեղի ունեցել, եւ քննիչը, որը 10 տարի չի հիշել քրեական գործի մասին, հանկարծ մտաբերել է: Առավել եւս, եթե այդ գործերն առնչվում են քաղաքականության մեջ նշանակալի անձանց: Սկսվեց տուշոնկայից եւ շարունակվում է մինչեւ հիմա: Չեմ կարող կարծել, որ դա պատահականություն է»։