Ազգային ֆիլհարմոնիկի չինական շրջագայությունները

Ազգային ֆիլհարմոնիկի չինական շրջագայությունները

Այս տարի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020թ.-ը դիմավորեց Չինաստանում, որն այսօր դասական կատարողական արվեստի կարևորագույն կենտրոններից է: ՀԱՖՆ-ը երբևէ Չինաստան այցելած ամենամեծ հայկական պատվիրակությունն է: Ազգային ֆիլհարմոնիկը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Չինաստանի ինը կարևորագույն քաղաքներում հանդես եկավ տաս համերգով: Նրանց օվացիաներով դիմավորեցին Շանհայի Մեծ թատրոնից մինչև Պեկինի արվեստների ազգային կենտրոն: Էդուարդ Թոփչյանը նշում է. «Հյուրախաղերը շատ մեծ քայլ էին նվագախումբը հսկայական չինական մշակութային դաշտում ներկայացնելու գործում, այն էլ այսպիսի ծավալուն համերգային ծրագրով: Հիմնականում հանդես եկանք սիմֆոնիկ ստեղծագործություններով, ինչը մեծ պատասխանատվություն էր նվագախմբի համար, բայց և հնարավորություն՝ ցույց տալու նվագախմբի երաժիշտների բարձր որակն ու պատրաստվածությունը: Տաս համերգներից միայն չորսում մեզ միացավ չինացի կլարնետահար Թոնի Շենը, որի հետ կատարցինք Մոցարտի Կլարնետի կոնցերտը»: 

Համերգային ծրագրի զարդը մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ‹‹Դիմակահանդես›› և «Սպարտակ»-սյուիտներն էին, հնչեցին նաև Չայկովսկու «Շչելկունչիկ», Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետներից հատվածներ, Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» աիմֆոնիկ սյուիտը, Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան: 

ՀԱՖՆ-ի հյուրախաղերին բուռն կերպով արձագանքեց նաև չինական մամուլը, մասնավորապես Chinadaly, Chinanews, China.org.cn, Sohu.com, Xinhuanet պարբերականները: Պեկինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՖՆ-ի հյուրախաղերի կազմակերպիչներից Ռեյ Արմսթրոնգը խոստովանեց. «Հայաստանն ունի հիանալի դասական կոմպոզիտորներ, որոնց երաժշտությունը ողողված է ազգային կոլորիտով: Իսկ այս նվագախումբը (ՀԱՖՆ-ը) այսօր Արևելյան Եվրոպայի լավագույն նվագախմբերից: Ես մեծ ոգևորությամբ կնպաստեմ հայկական նոր նախագծերի ներկայացմանը Չինաստանում, ինչպես նաև չինական մշակույթի ներկայացմանը Հայաստանում»:
Սյամին քաղաքում կազմակերպված ֆլեշմոբի ժամանակ ՀԱՖՆ-ի լարային խմբի և ֆլեյտաների խմբի երաժիշտները քաղաքի կենտրոնում կատարեցին Խաչատրյանի ‹‹Դիմակահանդեսից›› մի հատված: