Մի ձիու չափ էլ հիշողություն չունեն․․․

Մի ձիու չափ էլ հիշողություն չունեն․․․

Հայկական շատ գյուղեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Գյուղեր կան, որ կեսում ադրբեջանցիներ են ապրում, կեսում՝ հայեր։ Վախը սրտներում ապրում են ու իրենց հեռու են պահում այն տարածքներից, որոնք հանձնվել են ադրբեջանցիներին։ Հանձնել բառն եմ  օգտագործում, որովհետև բոլորիս աչքի առաջ է եղել, երբ Նիկոլ Փաշինյանն հայտարարել  է,  օրինակ, Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին և այդ գյուղերը կոչել է ադրբեջանական անվանումներով՝ Էյվազլի ու Չայզամի։

Դրանից հետո սկսվել է գործընթացը։ Բայց ես այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել, Հայաստանն այնքան են ծվատել, Ադրբեջանին հանձնել, որ հնարավոր չէ այլևս թվարկել։ Ուրիշ բան եմ ուզում ասել։ Ամեն անգամ, երբ  լսում եմ, որ անասուններն անցել են ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածք, մտածում եմ, որ ի՜նչ լավ հիշողություն ունեն անասունները։ Ախր մինչև Նիկոլը դա իրենց տարածքն էր։ Տերերը ինչքան ուզում են սովորեցնել, որ դա իրենց տարածքը չէ, մեկ է՝ իրենք կապը կտրում, գնում են։ Կենդանին որ կենդանի է, երբ մի տարածքում արածում է, չի մոռանում, լեզու առած խոսում է՝ սա իմ խոտն է, իմ խոտի բույրը, սա իմ հողն է, իմ ջուրը։ Եվ ինչքան էլ ուզես, որ չգնա իր տարածքը, իր հողը, մեկ է՝ կապը կտրելու, գնալու է։

Հարյուրավոր նման դեպքեր եմ լսել, երբ անասունը գնացել է իր հողի բույրով , որ արածի, ադրբեջանցին գողացել է։ 10-ով, 20-ով գողանում, տանում ու հետ չեն տալիս։ Հողի բույրը ուրիշ է, հողը ուրիշ է։ Հրանտ Մաթևոսյանն ասում էր․ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»:

Չգիտեմ՝ Հրանտ Մաթևոսյանը եթե այս օրերն ապրած լիներ, ի՞նչ կասեր։ Դերերը փոխվել են։ Կենդանին մարդուց տարբերվում է իր հիշողությամբ, սիրով։  Գյուղացին պատմում է, որ իր ձիուն, ոչխարին, հորթին, կովին չի կարողանում սովորեցնի, որ չգնա այն տարածքը, որտեղ հակառակորդն է։ Նա բնազդով է զգում իր հողի, ծաղկի  խենթացնող բույրը։ Անասունը իր հողը անգիտակից է սիրում, բնազդով։ Մի ձիու չափ էլ հիշողություն չունեն սրանք։ Ասում են՝ հողը մերը չի։ Ոչ հողի բույրն են զգում, ոչ կարոտը, նրանց համար հողը հող է, կերը կեր․․․ Համ չեն զգում նրանք։ Կենդանու որոճալուց անգամ զգում ես, թե նրանք ո՜նց են հայրենի խոտի համը զգու՜մ․․․