Ադրբեջանում արգելված է պետական մակարդակով արտաբերել հայկական տեղանունների իրական անվանումները

Ադրբեջանում արգելված է պետական մակարդակով արտաբերել հայկական տեղանունների իրական անվանումները

Շատ դժվար է լավ իմաստով հասկանալ, վերլուծել խորհրդարանական ընդդիմության տրամաբանությունը, քանզի այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում Ազգային Ժողովում, ունեն իրենց առանձնահատկությունները և հաշվի առնելով այդ բոլոր առանձնահատկությունները, համարում եմ ոչ այդքան կոռեկտ և ճիշտ` քննադատել կամ չքննադատել խորհրդարանական ընդդիմության այս քամ այն քայլը։ «Հրապարակի» հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
Նա նշեց, որ խորհրդարանական ընդդիմության քայլերը տրամաբանական են այն քաղաքական ուղու տրամաբանության տեսանկյունից, որի մասին վերջիններս առաջին օրվանից հայտարարել են։

«Ակնհայտ է, որ գոյություն ունի ընդդիմադիր ընտրազանգվածի մոտ սպասումների մի շրջանակ և խորհրդարանական ընդդիմությունը շարժվում է այդ սպասումներով։ Ի՞նչ քայլեր կանեն, ի՞նչ կլինի խորհրդարանական ուժերի կողմից՝ շատ դժվար է հասկանալ, որովհետև կա քաղաքական նպատահարմարության մի թեզ, և այդ քաղաքական նպատահարմարությունից դուրս գալով կարծում եմ, որ պառլամենտական ընդդիմությունն այս փուլում բոլոր քայլերը չի հնչեցնելու և դա էլ է նորմալ»,-ասաց Աբովյանը։

Նա հավելեց, որ խորհրդարանական ընդդիմության գործողություններում չի տեսնում որևէ արտառոց, բացասական որոշում։

Աբովյանը հավելեց, որ հասարակության սպասումները միշտ առավելագույնն են, իսկ դա հնարավոր է միայն ցնցումների միջոցով ու ցնցումների ժամանակ։ Անդրադառնալով Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանին՝ կասեցնել հայկական կողմ,ի այսպես կոչված, բոլոր սադրանքները, Աբովյանն ասաց, որ Ադրբեջանը երբեք չի լռել Արցախի հայաթափության ու Հայաստանը մասնատելու իր նպատակների մասին։
«Ադրբեջանը շարժվում է շատ պարզ, իրենց պարագայում հասկանալի տրամաբանությամբ, որ Հայաստանն, ըստ իրենց հաշվարկների, գտնվում է իր ամենաթույլ պիկին, և իրենք ոչ մի դեպքում չեն հապաղի օգտագործել այս իրավիճակը, որ հասնեն իրենց աշխարհաքաղաքական նպատակներին։ Ի վերջո, գիտեք, երբ որ աբսուրդին հավասար և թրքահաճո, ադրբեջանամետ, այսպես կոչված, խաղաղության օրակարգ է խաղացվում տարածաշրջանում՝ ընդ որում այդ օրակարգի մասին խոսացել ենք՝ ինքը գեներացնում է բազմաթիվ գոյաբանական խնդիրներ Հայաստանի համար։ Երբ որ մեզ ասում են, որ մենք չենք ուզում պատերազմել, մենք գնում ենք դեպի խաղաղության օրակարգի ու դրա նման աբսուրդներ, հարց է ծագում, որի պատասխանը մինչ օրս չկա և չի լինի։ Բազմաթիվ անգամներ ես հարց եմ տվել, որ հանձնելով այս կամ այն տարածքը, համաձայնելով Արցախի ապամոնտաժմանը, Դուք հույս ունեք, որ կհասնե՞ք խաղաղության։ Ոչ, որովհետև այս իրավիճակը սկսվեց այն կետից, երբ Թուրքիան ու Ադրբեջանը սկսեցին ակտիվ իրար մոտենալու պրոցեսը, որի հանգուցալուծումը պետք է լինի Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային սահման։ Խնդրում եմ` բացեք քարտեզը և նայեք, թե որ պետության հաշվին է այդ ցամաքային կապը լինելու» ,- նկատեց Արման Աբովյանը։
Քաղաքական վերլուծաբանը նշեց, որ ոչ թուրքերին, ոչ էլ ադրբեջանցիներին ճանապարհ պետք չէ, որովհետև Իրանի միջով անցնող և հեշտացված մաքսային ռեժիմով ճանապարհներ ունեն, որոնք գործում են գրեթե միջանցքային տրամաբանությամբ։

«Առաջին փուլում իրենց պետք է պորտալար, որը կմիացնի Թուրքիային և Ադրբեջանին, որը դուրս կլինի Հայաստանի վերահսկողությունից կամ կլինի ֆեյք վերահսկողություն և Հայաստանի իշխանությունները մեզ կասեն, որ սա միջանցք չի, բայց իրականում միջանցք կլինի։ Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ իր նպատակը Հայաստանի տարածքների անեքսիան է, այսպես կոչված դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի գործընթացը, որն իրականում կապիտուլյացիոն, մահապատժի փաստաթուղթ է մեզ բոլորիս համար»,-ասաց Աբովյանը։

«Հրապարակի» հարցին, թե արդյոք իշխանությունները չե՞ն գիտակցում այդ պրոցեսի բոլոր վտանգներն ու խութերը, Աբովյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ մեր իշխանությունները առայժմ մտովի ապրում են 1976 թվականի գաղափարախոսության տակ, երբ գլոբալիզմը նոր էր ձևավորվում և հրաժարվում են հասկանալ, որ ժամանակները փոխվել են, որ գծվում են աշխարհաքաղաքական սահմաններ և այն դիրքը, որ զբաղեցրել է Հայաստանի ներկայիս կառավարությունը՝ գեներացնում է նոր ռիսկեր։

«Փաստորեն Հայաստանի իշխանությունները գեներացնում են ռիսկեր, որ հետո այդ ռիսկերը կառավարե՞ն, որովհետև այդ խաղաղության դարաշրջան կոչվածն ուղղակի ռիսկերի գեներացման գործընթաց է։ Եկեք հասկանանք, թե ինչ տրամաբանությամբ են գործում Հայաստանի իշխանությունները։ Նրանք ասում են՝ եկեք մոռանանք Արցախի կարգավիճակի մասին՝ օդում պահենք, ռուսը կպահի, ու նմանատիպ բաներ են խոսում և քաղաքական և դիվանագիտական տարանջատման պրոցես է գնում։ Անմիջապես Արցախի կարգավիճակի խնդիր չի քննարկվում»,-շեշտեց վերջինս։
Աբովյանը նկատում է, որ Արցախի կարգավիճակ բառակապակցությունն ընդհանրապես դուրս է եկել ՀՀ իշխանությունների խոսույթից։ Նրանք անընդհատ հղումներ են անում Մինսկի խմբին, բայց որ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»՝ չենք լսի իշխանությունների կողմից։

Աբովյանը հավելում է, որ պրոիշխանական այն անձինք, ովքեր հայտարարում են, թե Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում և իբր ամենակարևորը իրենց համար Արցախի անվտանգությունն է, եթե նույնիսկ դա լինելու է Ադրբեջանի կազմում՝ նրանք պարզապես իրենց ընտրողներին հիմարների տեղ դնող մի կոնտինգենտ են, բայց մարդիկ հիմար չեն։

Մեր հարցին, թե վտանգն այժմ կախված է Սյունիքի գլխին՝ Աբովյանն ասաց, որ ոչ միայն Սյունիքի, այլ ամբողջ Հայաստանի գլխին է վտանգը կախված։

«Երբ որ լսում ես Ալիևը խոսքերը, նա բացահայտ ասում է, որ Հայաստանի ամբողջ տարածքը պատկանում է իրենց։ Ասեմ Ձեզ ավելին՝ Ադրբեջանում արգելված է պետական մակարդակով արտաբերել հայկական տեղանունների իրական անվանումները, այլ միայն ադրբեջանական անվանումները։ Հայաստանն իր անվտանգության բանալիները հանձնել է բոլորին և ասում է՝ իմ անվտանգությունը ապահովեք»,-ասաց նա։

Աբովյանը հարցադրում է անում, թե ինչու պետք է թեկուզ դաշնակից Ռուսաստանը պաշտպանի Հայաստանի շահերը, եթե Հայաստանն ինքը դա չի անում։
Անդրադառնալով Ուկրաինայում ռուսական կողմի անհաջողություններին, Աբովյանն ասում է, որ մարդիկ շտապեցին տոնել Ռուսաստանի պարտությունը Ուկրաինայում։ Նա մեջբերեց Բժեզինսկու խոսքերը, որ միջուկային զենք ունեցող պետությունը չի կարող պարտվել մեկ այլ միջուկային զենք ունեցող պետության։
«Ոչ թե Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ է գնում, այլ գնում է պայմանական արևմուտք և պայմանական արևելք գործընթաց և պատերազմն այդ տեսանելի գործընթացն է։ Խորքային գործընթացը համաշխարհային մակարդակով առևտրա-տնտեսական հարաբերությունների ձևավորումն է, միջազգային տնտեսության, այսպես կոչված, դեդոլարիզացիան։ Ուկրաինայում ձևավորվում են նոր աշխարհակարգի սահմանները»,- շեշտեց Աբովյանը։

Նա նկատել է, որ Արարատ Միրզոյանի և հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանի հայտարարությունները խոսում էին հենց այն մասին, որ ոչ մի խաղաղության դարաշրջան էլ չի լինելու, քանի որ Ադրբեջանը պատրաստվում է սադրանքների հայկական կողմի ուղղությամբ։ Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների հույսին, որ միջազգային հանրությունը ճնշում կգործադրի Ադրբեջանի ու Թուրքիայի վրա՝ ռազմական գործողությունները կանգնեցնելու համար, Արման Աբովյանը վստահ է՝ այսպես կոչված միջազգային հանրությունը ոչինչ չի անի։

«Միջազգային հանրությունը ճնշում չի գործադրելու, նույնիսկ աչքը չի թարթելու, եթե հանկարծ ադրբեջանական ու թուրքական տանկերը հայտնվեն Հայաստանի տարածքում»,- շեշտեց քաղաքական վերլուծաբանը։

Անդրադառնալով Իրանի դերակատարմանը, նա նկատեց, որ Իրանը բոլոր մակարդակներով ավելի շատ է խոսում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին, քան Հայաստանի իշխանությունները։ Բացի այդ Իրանի և Ռուսաստանի համար կյանքի եւ մահվան խնդիր է  Հայաստանի՝ որպես պետական միավորի գոյության երաշխիքը։ Իրանը  հասկանում է նաև, որ թուրքերի ու ադրբեջանցիների նկրտումները Հայաստանից հետո տարածվելու են իր ուղղությամբ։
Աբովյանն ասում է, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն պատրաստվում Հայաստանի հետ գնալ խաղաղության օրակարգով, ինչում այդքան համառորեն Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել մեզ։ Չնայած վերջին օրերին իշխանությունները սկսել են հասկանալ, որ խաղաղության օրակարգը կարծես թե չի ստացվում, և չեն կարող այս անգամ փողոցներով քայլել ու ներողություն խնդրել, քանի որ խաղաղության օրակարգի իրականություն դառնալու պարագայում փողոցներ պարզապես կարող են չլինել։