Գլոբալ խաղացողներն են որոշելու, թե ստատուս քվոն ինչպիսին լինի, ոչ թե մենք

Գլոբալ խաղացողներն են որոշելու, թե ստատուս քվոն ինչպիսին լինի, ոչ թե մենք

Հայաստանի  եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում հերթական հանդիպումն ունեցան։ Հետո էլ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ հանդիպում: ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ կողմերը նշել են, թե կան խնդիրներ, որոնք հասցեագրման կարիք ունեն, եւ որ երկու կողմն էլ ավելի մեծ թափ կհաղորդի իրենց բանակցություններին: Հանդիպման մասին զրուցեցինք միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:

- Այս հանդիպումն ինչպե՞ս կորակեք, նորություն կա՞ր, թե՞ հերթական հանդիպումն էր:

- Չեմ կարծում, թե ինչ-որ ակնկալիք էր պետք ունենալ, որ այս հանդիպումով ինչ-որ լուրջ բան է փոխվելու: Ընթացիկ քննարկումներ են տեղի ունենում, կողմերը պատրաստվում են դեկտեմբերին ինչ-որ բան ստորագրել, ինչպես հայտարարվել է: Եվ սա անցած բանակցություններից երեւի թե հերթականն էր՝ մանավանդ Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո, բնականաբար, Վաշինգտոնը պետք է նախաձեռնողականություն դրսեւորեր եւ քայլեր աներ: Սա այդ կոնկրետ քայլերից մեկն է, ինչ-որ բաների շուրջ խոսում են, քննարկում են եւ բանակցում, առանձնապես ակնկալիք չունեի եւ կարծում եմ՝ պետք չէ ունենալ ակնկալիք այս պահին:

- Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերն էլ ավելի մեծ թափով են շարունակելու բանակցությունները: Այս շտապողականությունն ինչո՞վ է պայմանավորված:

- Շտապողականությունը, բնականաբար, պայմանավորված է նրանով, որ Մոսկվան իր առաջարկներն է ներկայացրել կողմերին, ընդ որում՝ նախագահների կամ պետությունների առաջնորդների մակարդակով, իսկ Վաշինգտոնում դեռեւս քննարկում են արտգործնախարարների մակարդակով ինչ-որ հարցեր: Կարծում եմ՝ շտապողականությունը հենց դրանով է պայմանավորված, փորձում են այնպես անել, որ ստորագրվի արեւմտյան տարբերակը կամ ամերիկյան առաջարկությունների փաթեթը, այլ ոչ թե ռուսականը:

- Նշվում է, որ կողմերը վերահաստատում են նաեւ Պրահայում ու Սոչիում ձեռք բերված երկուստեք պայմանավորվածությունները: Կարո՞ղ ենք ենթադրել, որ ԱՄՆ-ից նման հայտարարությունը որոշակի կոնսենսուսի գնալու դիրքորոշման մասին է խոսում:

- Չեմ կարծում, որ կոմպրոմիսի մասին է գնում խոսքը, որովհետեւ էապես տարբերվում են Արեւմուտքի առաջարկն ու Մոսկվայի առաջարկը: Արեւմուտքի առաջարկը, ըստ շրջանառվող տեղեկությունների, ներառում է նաեւ կարգավիճակի հարցի լուծում, այսպես ասած, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, իսկ մոսկովյան առաջարկը նախատեսում է կարգավիճակը թողնել հետոյին: Սոչիի հանդիպմանը հղում են տալիս, որովհետեւ այդ հանդիպումների ընթացքում կողմերն ինչ-որ բաների շուրջ համաձայնության են գալիս, ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերում եւ շարժվում են առաջ: Այսինքն՝ այս պրոցեսներն ինչ-որ ուղղություններով հակասություններ կունենան, բայց ինչ-որ ուղղություններով էլ նաեւ փոխլրացման էֆեկտ կունենան: Կարծում եմ՝ հենց այդ փոխլրացման դետալների մասին էլ հնարավոր է, որ խոսք գնա:

- Նիկոլ Փաշինյանը քննադատում էր նախկին իշխանություններին Արցախի հարցում ստատուս քվոյի համար, հայտարարում էր, որ հարցը չլուծեցին 30 տարի: Այժմ նորից ստատուս քվո են փորձում պահպանել: Ստատուս քվոն քննադատող Փաշինյանը եւս սկսեց ստատուս քվո տանող գիծ վարել:

- Որովհետեւ, ընդհանուր առմամբ, այս կոնֆլիկտի էությունը, մեծ հաշվով, ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի շահերի շրջանակներում է գտնվում, այլ նաեւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերի, Թուրքիայի, Իրանի շահերի շրջանակներում: Ներգրավված կողմերը կամ շահառուները միայն Հայաստանը եւ Ադրբեջանը չեն: Սա շատ կարեւոր պահ է, որ պետք է հասկանալ՝ կոնֆլիկտն ամբողջությամբ ճիշտ ընկալելու եւ ճիշտ լուծումներ տալու տեսանկյունից: 

- Հնարավո՞ր է հասնել ու պահպանել ստատուս քվո:

- Իհարկե, շատ պետություններին է ձեռնտու այդ ստատուս քվոյի պահպանությունը՝ տարածաշրջանում իրենց շահերի ամրապնդման եւ զարգացման տեսանկյունից: Դրա համար որեւէ բան բացառել, կարծում եմ, պետք չէ: Մենք չենք լինելու որոշողը, թե այդ ստատուս քվոն ինչպիսին պետք է լինի, որոշում են կայացնելու գլոբալ խաղացողները, տարածաշրջանային գերտերությունները` իրենք իրենց շահերի հաշվառմամբ: Ռուսաստանի առաջարկած փաթեթը, բնականաբար, բխում է մեր տարածաշրջանում իր շահերից, այսինքն՝ կարգավիճակը թողնում ենք հետոյին, որ ռուսական զորքը շարունակի գտնվել Արցախում, իսկ արեւմտյան տարբերակը նախատեսում է, որ Արցախը տալ Ադրբեջանին, եւ դրա արդյունքում ռուսներն այստեղ էլ անելիք չունենան, այսինքն` գերնպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է կամ գոնե բալանսավորելը: 

- Իսկ այս պահին Հայաստանի շահերն ո՞ւմ հետ են ավելի համընկնում:

- Բնականաբար՝ այն տարբերակը, որով նախատեսվում է, որ Արցախի կարգավիճակի հարցի քննարկումները թողնեն հետոյին, այսինքն` Արցախը չհանձնվի Ադրբեջանին, դա է բխում մեր շահերից:

- Ի՞նչ նկատի ունեին, երբ հայտարարում էին, որ կան տարաձայնություններ: Դրանք միայն Արցախի՞ն էին վերաբերում: 

- Ոչ, այդ տարաձայնությունները կարող են վերաբերել ամենատարբեր հարցերի՝ դեմարկացիայից ու դելիմիտացիայից սկսած՝ մինչեւ կարգավիճակի հարցը: Այսինքն՝ ամեն ինչի մասին կարող են լինել անհամաձայնություններ․ կոմունիկացիայից սկսած, կոմունիկացիայի որակի, բովանդակության վերաբերյալ, թե արդյոք դա լինելո՞ւ է ճանապարհ: Արդյոք դա լինելո՞ւ է, ինչպես ադրբեջանցիներն են ասում, միջանցք․ այդ ամենը պետք է հասկանալ: Դրա համար ակնհայտ է, որ այս ուղղություններով շատ հստակ անհամաձայնության բոլոր հնարավորությունները կան, այսինքն՝ անհամաձայնություն, բնական է, կա ու կլինի: