Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքը եւ չի դիմելու ՍԴ

Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքը եւ չի դիմելու ՍԴ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին:

Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:

Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ սահմանադրականության տեսանկյունից Օրենքն առերևույթ խնդրահարույց չէ:
Միևնույն ժամանակ, Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահն ունի հետևյալ սկզբունքային դիտարկումները՝

Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում:

Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված արտահերթ ընտրությունները կազմակերպելուն պետք է նախորդի Սահմանադրության, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի համապարփակ փոփոխությունների գործընթացը, որը պահանջում է ողջամիտ ժամկետ և, ժողովրդավարության սկզբունքներին համաձայն, պետք է իրականացվի լայն հանրային, հասարակական, քաղաքական քննարկումների արդյունքում ձևավորված կարծիքները լսելով և հաշվի առնելով: Ընտրակարգին առնչվող կարգավորումները պետք է միտված լինեն ընտրողների շահերը լավագույնս ներկայացնելու տրամաբանությամբ Ազգային ժողով ձևավորելուն:

Վենետիկի հանձնաժողովի մոտեցմամբ ընտրական օրենսդրության փոփոխությունները պետք է տեղի ունենան առնվազն ընտրություններից մեկ տարի առաջ: Վենետիկի հանձնաժողովն արտահայտել է նաև իր դիրքորոշումն այն մասին, որ ընտրական համակարգի կայունությունը կարևորագույն սկզբունքներից է, կարևոր է նաև ունենալ բավարար ժամանակ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ խորքային և բոլոր շահագրգիռ անձանց մասնակցությամբ հանրային քննարկումներ իրականացնելու համար:

Օրենքով մեկ տեսակի համամասնական ընտրակարգը փոխարինվում է մեկ այլ տեսակի համամասնական ընտրակարգով: Մասնավորապես, բացառվում է տարածքային ընտրական ցուցակներով ընտրություններին մասնակցելու գործող կառուցակարգը:

Առանց տարածքային ցուցակների կառուցակարգի համամասնական ընտրակարգը կարող է արդյունավետ լինել խորհրդարանական կայացած քաղաքական մշակույթ ձևավորած պետություններում, որտեղ կուսակցություններն ունեն հստակ ծրագիր, որտեղ հասարակությունն ունի հնարավորություն և բավարար ժամանակ ծրագրերին ծանոթանալու, որտեղ ընտրությունն իրականցվում է ներկայացված ծրագրերի հիման վրա: Մինչդեռ նման փոփոխությունը Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակում կարող է հանգեցնել ոչ թե կուսակցությունների և դրանց ծրագրերի, այլ այս կամ այն կուսակցությունը գլխավորող անձանց միջև մրցակցության:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանրապետության նախագահը չի ստորագրելու Օրենքը, բայց և չի դիմելու Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար: