Վարչապետի անվստահության վախը համակել է հեղափոխականներին

Վարչապետի անվստահության վախը համակել է հեղափոխականներին

Հունվարին 14-ին կլրանա մեկ տարին, երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց վարչապետի պաշտոնում։ Իսկ դա նշանակում է, որ տեսական հնարավորություն է առաջանում վարչապետին անվստահություն հայտնելու համար։ Սահմանադրությունը տալիս է այդ հնարավորությունը՝ վարչապետի նշանակվելուց մեկ տարի հետո պատգամավորները ձայների առնվազն 1/3-ով իրավունք ունեն նրան անվստահություն հայտնել։ Այս պարագայում Սահմանադրության 115-րդ հոդվածի ուժով պատգամավորները պետք է ներկայացնեն նախագիծ՝ միաժամանակ առաջարկելով նոր վարչապետի թեկնածուի։

Վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Ընդ որում՝ այս պարագայում չի գործում Սահմանադրության 149-րդ հոդվածով վարչապետի ընտրության կարգը, այսինքն՝ խորհրդարանի ուժերը չեն կարողանա սեփական թեկնածուներին ներկայացնել ու քվեարկել։ Ավելին, որոշումը կայացվում է միաժամանակյա քվեարկությամբ: Եթե նոր թեկնածուին ասում են «այո», ապա նա ընտրվում է վարչապետ, եթե ասում են «ոչ», անվստահություն չի հայտնվում։ Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան 6 ամիս հետո: Ամենակարեւորը՝ Սահմանադրությունը չի նախատեսում այն պարտադիր հիմքերը, որոնց առկայության պարագայում է միայն հնարավոր անվստահության նախագիծ ներկայացնելը։

Նման նախագիծ ներկայացնելու համար պահանջվում է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն, իսկ նախագիծը հաստատելու համար՝ 66 պատգամավորի կողմ քվեարկություն։ Վարչապետի նշանակումից մեկ տարի անց վերջինիս անվստահություն հայտնելու նախաձեռնությունը բազում պատճառներով կարող է անհավանական, նույնիսկ վառ երեւակայության ժանրից թվալ՝ սկսած այն փաստից, որ ընդդիմադիրներ կան, որ իշխանական խմբակցությունից ավելի իշխանական են, վերջացրած նրանով, որ ամենավճռական պահերին դառնում են հստակ իշխանական եւ կատարում իշխանությունից եկող հրահանգները։ Սակայն հարցը դիտարկենք տեսական առումով․ Արման Բաբաջանյանի անկախանալուց հետո ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» միասին ունեն ընդամենը 43 պատգամավոր, առնվազն մեկ ձայն պակասում է։ Եվ ամենաբարդ հարցերից մեկը վարչապետի միասնական թեկնածու ներկայացնելու խնդիրն է։

Այսինքն՝ նույնիսկ եթե ստորագրահավաքն իրականություն դառնա, իշխանական ճամբարից առնվազն 20-25 պատգամավոր պետք է միանա նախաձեռնությանը, որ կարողանան նախագիծն ընդունել։ Սակայն քաղաքականությունը հնարավորինի արվեստ է նաեւ, ու այսօր անհավանական թվացողը վաղը կարող է ռեալ իրականություն դառնալ։ Գուցե հենց այս մտավախությամբ են պայմանավորված հեղափոխականների ճամբարում ընթացող կադրային «ռակիրովկաները», զտումները։ Փաշինյանը, այսպես ասած, ամրացնում է իր դիրքերը եւ նրանց, ում փոքր-ինչ կասկածում է, որ կարող են դավաճանել կամ անհնազանդություն դրսեւորել, չեզոքացնում է։

Մեր տեղեկություններով՝ օրերս մի քանի իշխանական պատգամավորի էլ են հորդորել վայր դնել մանդատները՝ Սոֆյա Հովսեփյան, Միքայել Զոլյան, Վարազդատ Կարապետյան, դրանից ավելի վաղ՝ Թագուհի Թովմասյան եւ այլն։ Օդում շրջանառվող լուրերի համաձայն՝ «հակահեղափոխականների» ճամբարում էլ են նման պլաններ մշակվում, անգամ «Իմ քայլից» մի քանի տասնյակ պատգամավոր «պոկելու», գուցե՝ «գնելու» ուղղությամբ։ Սակայն մի բան պարզ է, որ նման սցենարները կարող են իրականություն դառնալ միայն մի դեպքում՝ եթե խորհրդարանական ընդդիմության միավորումը հնարավոր լինի, ինչը քիչ հավանական է։