Ինչ են ծրագրում «սևերի» ակումբում

Ինչ են ծրագրում «սևերի» ակումբում

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մի հասարակական-քաղաքական ակումբ է հիմնել, անունը դրել «Վերնատուն»։ Թումանյանական ոգով անվանակոչված, բայց պոեզիայից հեռու այս ակումբում հավաքվել են Նիկոլ Փաշինյանի իշխանությունից դժգոհ անձինք՝ Երվանդ Բոզոյան, Ստեփան Դանիելյան, Դավիթ Շահնազարյան, Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Աղվան Վարդանյան, Ռուբիկ Հակոբյան, Սպարտակ Սեյրանյան եւ այլք։

Նոր իշխանությունների լեզվով ասած՝ «սեւերով» հավաքվել են Տեր-Պետրոսյանի վաղեմի ախոյանի հովանու ներքո։ Այս անձանցից ոմանք ակումբի հիմնական կազմում են, ոմանք՝ հրավիրյալ։ Նրանք ժամանակ առ ժամանակ հավաքվում են Բլուր թաղամասում եւ զրուցում, քննարկում այս կամ այն թեման։ Տեւական ժամանակ փակ քննարկումներ էին ունենում՝ խուսափելով անգամ պարզ լրատվություն տալուց։ Եվ միայն վերջերս Վազգեն Մանուկյանը հայտարարություն տարածեց՝ ազդարարելով «Վերնատան» ստեղծումը եւ պլատֆորմը։ Հայտարարությունը բավականին անատամ է ու դեկլարատիվ, որից հստակ չի հասկացվում՝ ակումբ են ստեղծել ու հայտարարություն են տարածում, որ ի՞նչ լինի։ Օրինակ՝ գրել են, որ «չկա պետության զարգացման տեսլական, չկան առողջ քաղաքական օրակարգ ու տնտեսական զարգացման իրատեսական ծրագրեր», ապա արձանագրել են, որ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը մտել է փակուղի, ստեղծվել է փոխադարձ ատելության մթնոլորտ, Մարտի 1-ի դատավարությունը քաղաքական հարթություն է տեղափոխվել եւ այլն։ «Մենք կարծում ենք, որ քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխանությունը, հասարակական կազմակերպությունները, քաղաքականապես ակտիվ անհատները պետք է ջանքեր գործադրեն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,- ասված է հայտարարության վերջում։ Իսկ թե ինչպես՝ գրված չէ։

Կարո՞ղ է այս ակումբի հիմքի վրա ինչ-որ ուժ ձեւավորվել։ Փորձեցինք մեր հարցերի պատասխանները ստանալ ակումբի անդամ Աղվան Վարդանյանից։ Նա ասաց, որ «Վերնատան» վերջին հայտարարության մեջ նպատակներն ու խնդիրները ձեւակերպված են, եւ ակումբը հասել է այն սահմանագծին, որ առաջիկայում նոր նախաձեռնություններով հանդես կգա եւ կփորձի դառնալ հարթակ՝ կարեւոր օրակարգային հարցեր քննարկելու համար։ «Կփորձի նաեւ այդ հարթակում քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ տարբեր միավորումների հետ գտնել համախոհության ձեւաչափ, որպեսզի մեր օրակարգերը ծառայեն Հայաստանի, Արցախի առջեւ ծառացած մարտահրավերներին։ Ակումբը հասել է մի կետի, որից հետո շատ ավելի ակտիվ եւ նախաձեռնողական փուլ ենք մտնում․ դրան առաջիկայում ականատես կլինեք»։

- Ակումբի կազմը նայելով՝ տպավորություն է ստեղծվում, որ «սեւերով» հավաքվել եք։

- Նոր իշխանության տերմինաբանությունը ես չեմ հասկանում, ակումբում մարդիկ են, որոնք ունեն կենսագրություն, վաստակ եւ ունեն կարողություն շատ ավելի ճիշտ ուղիներ ցույց տալու, քան այսօրվա իշխանությունը տանում է Հայաստանը։

- Ակումբը քաղաքական ուժերի կոնսոլիդացման մոտակա կամ հեռահար նպատակ ունի՞, գուցե նաեւ իշխանափոխության հասնելու նպատակ։

- Ակումբը հասարակական-քաղաքական ակումբ է, օրակարգում գոնե այսօր նման հարց չկա, բայց երբ որ մենք ասում ենք՝ փորձում ենք դառնալ հարթակ, որտեղ տարբեր քաղաքական ուժեր, միավորումներ կարող են մասնակցել, դրանից էլ կբխեն հետագա քայլերը։ Բայց ամենակարեւորը՝ ակումբն այսօր, առաջիկայում պարբերական նախաձեռնություններով հանդես կգա, եւ հանրությունը, լրատվամիջոցները կկարողանան գնահատել գործունեությունը։

- Բայց հայտարարության մեջ որեւէ հստակություն չի երեւում։

- Բավական հստակ բաներ կային, մի՛ ակնկալեք, որ ամեն ինչ պիտի ասվի միանգամից եւ ինտրիգային ինչ-որ ձեւակերպումներով։ Ես կարծում եմ, որ ակումբն այսօրվա հանրային կյանքում կարող է կարեւոր դերակատարում ունենալ։

- Տպավորություն է, որ այսօր քաղաքական դաշտում Նիկոլ Փաշինյանի իշխանությունից դժգոհ ուժեր կան, որոնք դեռեւս կողմնորոշված չեն եւ փորձում են ինչ-որ մի կենտրոնի կամ բեւեռի շուրջ համախմբվել։ Կարո՞ղ է այս ակումբը նման համախմբման համար հարթակ հանդիսանալ։

- Չեմ բացառում։ Ակումբը կարող է դառնալ քննարկումների, տեսակետների մերձեցման հարթակ։ Բայց խոսքն իշխանությունից դժգոհության մասին չէ, խոսքը մեր երկրի ապագայի մասին է, թե ինչպիսի երկիր ենք պատկերացնում, եւ դրական ծրագրերի շուրջ համախմբելու մասին է, ոչ թե ինչ-որ մեկի դեմ։