«Թող հեքիաթներ չպատմեն, նախապես գիտեին»․ Բուդանովը հակադարձում է ՌԴ-ին

«Թող հեքիաթներ չպատմեն, նախապես գիտեին»․ Բուդանովը հակադարձում է ՌԴ-ին

Ռուսական հետախուզական ծառայությունները նախապես գիտեին «Crocus City Hall» համերգասրահում սպասվող ահաբեկչության մասին, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։

«Առնվազն 2024 թվականի փետրվարի 15-ին Ռուսաստանը գիտեր նախապատրաստման մասին։ Ավելին ասեմ․ այս տեղեկատվությունն անցել է Սիրիայում խմբավորման հետախուզական վարչության միջոցով: Այնտեղից հասել է Մոսկվա։ Եվ թող հեքիաթներ չպատմեն, որ տարօրինակ կերպով ամեն ինչ նյութականացել է ոչ մի տեղից»,- ասել է Բուդանովը։

Նրա խոսքով, Կրեմլը գիտեր, թե որտեղ և որ երկու երկրների միջոցով են զինյալները ժամանելու Ռուսաստան։ 
«Ինչո՞ւ են թույլ տվել, որ դա տեղի ունենա. կան մի քանի տարբերակներ: Առաջինը, իրենց սովորության համաձայն, կռիվ է «աշտարակների» միջև՝ այժմ մի քանի պաշտոնյաների հեռացնելու համար: Մեկ այլ հավանականությունն այն է, որ նրանք իրականում թերագնահատել են այն, ինչ տեղի կունենա: Նրանք կարծում էին, որ դա ավելի տեղային կլինի, և ուզում էին ամեն ինչում մեղադրել Ուկրաինային»,- ասել է Բուդանովը։

Խոսելով «ուկրաինական հետքի» մասին՝ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի իշխանություններն արդեն երեք անգամ փոխել են «Կրոկուս»-ում տեղի ունեցածի վարկածները։
«Պարզաբանումներ հնչեցին Պատրուշևի և Բորտնիկովի կողմից, ովքեր ինձ անձամբ մեղադրեցին, և որ Ուկրաինան է այս ամենի հեղինակը։ Սա հիմարություն է: Ի դեպ, քանի որ անդրադարձանք այս ցավոտ հարցին, թեև նրանք (ՌԴ իշխանությունները-խմբ․) մեր թշնամին են, ես սկզբունքորեն հավանություն չեմ տալիս խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական գործողություններին»,- ասել է Բուդանովը։

Վերջին տվյալներով՝ մերձմոսկովյան ահաբեկչության հետեւանքով զոհվել է 143 մարդ, նույնքանն էլ վիրավորվել են։ «Վիլայաթ Խորասան» կոչվող՝ «Իսլամական պետության» բջիջը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Միաժամանակ ռուսական իշխանությունները պնդում են, որ ահաբեկչության հետեւում կանգնած է Ուկրաինան։ Մեղադրում են նաև ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային։