Ընտրություններ… քրեական օրենսգրքով

Ընտրություններ… քրեական օրենսգրքով

62 տարեկան մարդ եմ՝ կյանքիս վերջին երկու տասնամյակն էլ նվիրել եմ գործող իշխանության դեմ պայքարին՝ հանուն արդարության եւ օրինականության: Փողոցային ակցիաների ժամանակ ոստիկանների հետ եմ վիճել: Ակտիվ մասնակցություն եմ ունեցել թե՛ համապետական եւ թե՛ համայնքային ընտրություններին: Երբեմն փորձել են ինձ գնել՝ չեմ վաճառվել, երբեմն փորձել են սպառնալ՝ օրենքով եմ պաշտպանվել: Այո, հենց օրենքով: Այն օրենքով, որ այսօր ոտնահարվում է իրավապահների կողմից: Իհարկե, այն ժամանակ էլ էր ոտնահարվում: Սակայն, այնուամենայնիվ, ոտնահարողների դեմ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միահամուռ ուժերով կռիվ էինք տալիս: Այսօր դրանք հիմնականում չկան՝ դարձել են գործող իշխանության մասը կամ կցորդը: Դիմում էինք միջազգային կառույցներին, եւ քրեաօլիգարխիկ կոչված իշխանությունը ստիպված էր լինում հետընթաց քայլ կատարել: 

Այսօր միջազգային կազմակերպությունները հիմնականում աչք են փակում «ժողովրդի իշխանություն» կոչված, սակայն իրականում միանձնյա ավտորիտար իշխանության ապօրինությունների վրա: Կարեւորը թուրքերի եւ ադրբեջանցիների հետ «խաղաղ դարաշրջանի մեկնարկի» գաղափարն է, ինչպես նաեւ թուրքերի հետ «քիրվայության» միջոցով աստիճանաբար Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելը:

Եվ քանի որ համարյա բոլոր նախկին բողոքավորները կուրացել են եւ խլացել, ապա գործող իշխանությունը հանուն իշխանության պահպանման եւ կամ հաստատման (տեղական ինքնավարություններում) անում է բաներ, որ երբեք չէին արել նախկինները: Նրանք, այո, ընտրող էին կաշառում, թեկնածուների ազգականներին էին գործի դնում, բայց եթե չէր ստացվում՝ համայնքներում համակերպվում էին արդյունքների հետ: Հիշենք հենց «կոկորդիլոսագետ» անձի հաղթանակը նախկինների օրոք: Սակայն այդպես չի պահում իրեն «թավիշից» եւ կամ «պողպատից» պատրաստված մանդատների ուժով պետական իշխանություն ստացած քաղաքական խմբակը: Դա համայնքային ընտրություններին մասնակցում է ոչ թե ընտրական, այլ համարյա թե քրեական օրենսգրքով: Այո, հենց քրեականով: Եվ այդ գործընթացը տեղի է ունենում թե՛ նախընտրական, թե՛ քվեարկության օրը եւ թե՛ հետընտրական ժամանակաշրջաններում: 
Նման բան ես չեմ տեսել նախկինների օրոք ու չէի էլ կարող պատկերացնել, որ նման բան կարող է պատահել: Եվ այն էլ, պատկերացրեք, արեւմտյան էմիսարների կողմից որպես «ժողովրդավարության փայլուն աստղ» գովված երկրում: 

Հետաքրքիր է, թե արեւմտյան որ երկրում է կենտրոնական իշխանությունը գողականների կամ իրավապահների միջոցով ճնշում ոչ իշխանական թեկնածուներին, որպեսզի իր ձեռքը վերցնի տեղական ինքնավարությունները: Իսկ մինչ այդ էլ օրենքի ուժով ձեւավորի այնպիսի խոշորացված համայնքներ, որպեսզի ավելի հեշտացվի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակն ընտրություններում: Եվ եթե դա չստացվի, ապա, ինչպես ասվեց, անհիմն քրեական գործեր հարուցելու եւ կամ գողականների «ինստիտուտի» միջոցով ուղղի քվեարկության օրը «սիրելի ժողովրդի» կատարած «քաղաքական սխալը»: 

«Ժողովրդի իշխանության» պայմաններում, համայնքային ընտրությունների գործընթացում Նիկոլն արեւմտյան ժողովրդավարության ժամանակակից «հայրերին» կառավարման ժողովրդավարական մեթոդների անգնահատելի դաս տվեց: Դա, ինչպես արդեն ասվեց, քրեական օրենսգրքով ընտրություն կազմակերպելն էր, ինչպես նաեւ դրա անհնարինության դեպքում (երբ դա կիրառել հնարավոր չի լինում) ավագանու արդեն ընտրված թեկնածուների ինքնաբացարկի  «ինստիտուտի» հայտնաբերումն է: Բնականաբար, իշխանական թեկնածուների ինքնաբացարկը խոչընդոտում է ավագանու նիստին եւ համայնքապետի ընտրությանը, ինչից հետո, կարճ ժամանակ անց կազմակերպվում է նոր ընտրություն:

Հասկանալի է՝ նորի ընտրության ժամանակ ամեն ինչ կարվի, որպեսզի ուղղվի նախորդ բացթողումը, եւ նախորդ անգամ հաղթանակած թեկնածուները կչեզոքացվեն ոստիկանության կողմից: Արդյունքում ՔՊԿ-ականները հաղթանակ կգրանցեն նոր ընտրությունում: Կարծում եմ, որ այդ սխեման կարող է ներառվել քաղաքագիտական դասագրքերում՝ որպես ժամանակակից ժողովրդավարության զարգացման տենդենց: