Դամբանական, որ այդպես էլ չի արտասանվի

Դամբանական, որ այդպես էլ չի արտասանվի

Բարոյակա՞ն մարդ էր, արդյոք, Նիկոլ Փաշինյանը: Ոչ, Նիկոլ Փաշինյանը բարոյական մարդ չէր: Նա նախկին փուչ ընդդիմադիր էր, բռնակալի հակումներով լյումպեն պոպուլիստ եւ անգերազանցելի ստախոս: Բայց եկեք քրիստոնեաբար աղոթենք նրա հոգու հանգստյան համար եւ աղերսենք մեր տեր Աստծուն, որ նրան արժանացնի երկնային արքայության ու այնտեղ պահի այնքան ժամանակ, մինչեւ ժողովուրդը մոռանա նրան: Ես այսպես կկառուցեի իմ խոսքը, եթե ՔՊ-ից ինձ թույլ տային ելույթ ունենալ Փաշինյան Նիկոլի հուղարկավորությանը: Նրան այնպես ուղարկեի իր պապերի մոտ, որ հետքն էլ չմնար:

Հիմա Նիկոլը կարդում է այս տողերն ու ինքն իրեն քրթմնջում՝ հավը երազում կորեկ է տեսնում… Մի սրան տեսեք, ուզում է իմ թաղումն անել: Զուր անհանգստություն է Ձեր կողմից, պարոն Փաշինյան, ինձ թույլ չեն տալիս նույնիսկ Ձեզ ոտքի վրա, կենդանի-կենդանի մոտենալ, ուր մնաց թույլ տան դամբանական ասել հորիզոնական վիճակում: Մյուս կողմից էլ՝ ես առանձնապես ռոմանտիկ չեմ, որ երազումս նման բաներ տեսնեմ: Ուղղակի բան էր՝ ասացի, որ ձեռքի հետ էլ տեսնեմ՝ ինչ ռեակցիա եք տալու այս ամենին, Ձեզ հետ էլ՝ ՔՊ-ն, ԱԱԾ-ն, դատախազությունը եւ մնացած ուսապարկ հիմնարկները: Եթե այս ամենը վիրավորանք համարեք եւ այն էլ՝ ծանր, ինձ էլ տարեք Նարեկ Սամսոնյանի մոտ, իսկ եթե չեք համարի, ապա հանգիստ նստեք տեղներդ եւ կարդացեք շարունակությունը:

Քա՞ջ մարդ էր, արդյոք Նիկոլ Փաշինյանը: Ոչ, Նիկոլ Փաշինյանը քաջ չէր: Նա կարողանում էր քաջություն խաղալ, բայց մայր բնությունը նրան քաջ լինելու արժանիքով չէր օժտել: 44-օրյա պատերազմի եւ Ալիեւի հետ երես-երես հանդիպումների ժամանակ նրա ցուցաբերած վարքը միայն ու միայն հաստատում է իմ տեսակետը: Կարող եք, իհարկե, չհամաձայնել ինձ հետ՝ պնդելով, որ Փաշինյանը թունդ ու անվախ ընդդիմադիր գործիչ էր, ահավոր ելույթներ էր ունենում, իսկ երբ վարչապետ դարձավ, փռում էր ասֆալտին, ծեփում պատերին: Ես էլ կասեմ՝ էդ վաղ էր, որ էշը կաղ չէր, երես էին տվել, «պռախոդ», նրա անունով պրոյեկտ էին գծում: Իր այդ ընդդիմադիր քայլվածքով, որ չփոխեց նաեւ վարչապետ դառնալուց հետո, նա ոչինչ չկարողացավ անել այն վայրերում, որտեղ բոլոր երես առածներին դուրսպրծուկ են ասում: Խոսքը միջազգային արենայի մասին է: Ներսում էլ մի բան չէր: Աշխարհի ախրանան կապել էր քամակից, ոստիկանությանը շուրջօրյա հերթապահ նշանակել Հանրապետության հրապարակում, դատախազությունը, ԱԱԾ-ն, բանակը սեփականացրել այնպես, որ նրանց բոլոր գործողությունները բխեին զուտ իր անվտանգությունից: Պետք էր՝ հողն էլ կտային, դիրքն էլ, միջանցքն էլ, միայն թե Փաշինյանի անվտանգությանը ոչինչ չսպառնար:

Ժողովրդավա՞ր մարդ էր, արդյոք, Նիկոլ Փաշինյանը: Ոչ, Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար չէր: Բայց ես այսպես կասեմ՝ Փաշինյանի ժողովրդավարությունն ուղիղ համեմատական էր մասսաների ոչխարության աստիճանի հետ: Որքան այդ աստիճանը բարձր էր, Փաշինյանն այնքան ավելի ժողովրդավար էր: Նրա ժողովրդավարության պիկը գրանցվեց 2018 թվականին, երբ հրապարակ լցված ամբոխին նշանակեց վարչապետ: Մի տիկին նույնիսկ ուշաթափվեց այդ հանկարծահաս հաջողությունից եւ արժանացավ Նիկոլի արձագանքին՝ էդ ի՞նչ ա, մարդ ա՞ վատացել… Այ, այսքան ժողովրդավար էր Նիկոլը, երբ ամբոխն ուղղակի «ոչխարի» նման հավատում էր նրան: Բայց ժամանակ անցավ, եւ այդ նույն ամբոխն իր մաշկի վրա զգաց խաբեությունն ու հասկացավ, թե ինչ են արել իր հետ: Չէ չէ մի վարչապետ… թան էլ չէ՝ բրդած մածուն: Պարտություն, զոհեր, ավերածություններ, քանդվող տնտեսություն, աղքատության աճ, հայրենաթողություն, եւ կար ընդամենը մեկը, որին էլ ամբոխը մեղավոր համարեց ու ընկավ հետեւից՝ է՛լ քֆուր, է՛լ անեծք, է՛լ մերժում… Ընտրակաշառքը հասավ 60 հազարի, բայց էլի մերժում էին Նիկոլին ու նրա բոլոր խաբեբաներին: Դե պատկերացրեք, թե ինչպիսի հսկա պետք է լիներ Նիկոլը, որ ոչ միայն շարունակեր խոնարհվել ամբոխի առաջ, այլեւ մնար ժողովրդավար: Ու հիմա տժժում են՝ դատախազը, ԱԱԾ-ն, ԲԴԽ-ն, ոստիկանապետը, լիքը գործ կա, չեն հասցնում: Քֆուր-քյաֆար տվողներին ավելացել են նաեւ ընտրված համայնքապետերը, եթե ՔՊ-ական չեն:

Ես Նիկոլի դամբանականը կավարտեի հետեւյալ հարցադրումով՝ կոռումպացվա՞ծ պաշտոնյա էր, արդյոք, Նիկոլ Փաշինյանը: Ոչ, Նիկոլ Փաշինյանը կոռումպացված պաշտոնյա չէր: Նա ապրեց վարչապետի աշխատավարձով՝ աղքատության մեջ, եւ աղքատության մեջ էլ կնքեց մահկանացուն: Նրա շնորհիվ պաշտոնների եւ դրանով հանդերձ կոռուպցիային ձեռնահասություն ստացած չտես գյոռմամիշները լափում էին ու լափում, խաբում ու խաբում էին պետությանը, եւ մի քանի կոպեկն ի՞նչ էր, չէին տալիս Նիկոլին, որ նա էլ իրեն լավ զգար, հաշիվ փակելիս չխեղճանար, դուստրերի համար օժիտ, Աշոտիկի համար մի լավ գործ դասավորեր: Մի՞թե դա ազնիվ չէ՝ կհարցնեք:

Գուցե, բայց ինձ դեռ ժամանակ է պետք, որ հավատամ այդ մտքին, քանզի հանգուցյալն ամեն ինչ կեղծելու, իրականությունը գլխիվայր ներկայացնելու, սկանդալները ճղճղոցով լռեցնելու անգերազանցելի վարպետ էր… Նա նաեւ արհեստավարժ ֆոկուսնիկ էր եւ նախկիններից բռնագրաված փողերն այնպես էր մտցնում պետական գանձարան, որ նույնիսկ ֆինանսների նախարար Ջանջուղազյանը գլխի չէր ընկնում: