Պարտված պետություն ենք մենք, եկեք հիշենք, դուք գտնո՞ւմ եք, որ պետք է ապտակենք Ալիեւին

Պարտված պետություն ենք մենք, եկեք հիշենք, դուք գտնո՞ւմ եք, որ պետք է ապտակենք Ալիեւին

«Հրապարակի» զրուցակիցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Գեւորգ Գորգիսյանն է:

- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Երեւանի խորհրդի վերակազմավորման նիստ է արել եւ նախագահ է ընտրել ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, ով ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն է եւ այդ մասին անձամբ է հայտնել մեզ։ Մինչ այդ Երեւանի խորհուրդը ղեկավարում էիք Դուք: Ի՞նչ է փոխվել այժմ:

- Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ակտիվորեն Դավիթ Խաժակյանն է զբաղվում Երեւանի հարցերով, տրամաբանական է, որ հենց նրան է վստահվել այդ աշխատանքը: Երեւանի խորհրդի որոշմամբ՝ Դավիթ Խաժակյանն ընտրվել է Երեւանի խորհրդի նախագահ:

- Դուք վերջին ժամանակներում այդքան էլ ակտիվ չեք: Առաջ շատ էիք խոսում, գրում, հարցազրույցներով հանդես գալիս, այժմ զգալիորեն պասիվացել են Ձեր գործողությունները: Ինչո՞ւ:

- Պայմանավորված է զբաղվածությամբ: Չէի ասի, թե պասիվացել եմ, ուղղակի քաղաքական դաշտում ոնց որ թե շատ անելիքներ չկան էլ:

- Ընդդիմադիրները ճիշտ հակառակն են պնդում, ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը քաոսի է վերածվել: Մի՞թե Դուք անելիք չեք տեսնում այս համատարած քաոսի մեջ:

- Անելիքներ, որպես այդպիսին, պետության համար շատ կան, սակայն այն ակտիվությունը, որ դուք եք պատկերացնում, անելիք չէ: Այսինքն` զուտ լինել հերթական խոսող գլուխը, ով ինչ-որ մեկին կհայհոյի, ես այժմ չեմ տեսնում դրա նպատակը: Հայաստանի առաջ կան շատ խնդիրներ, եւ այդ խնդիրները պետք է լուծվեն: Մենք՝ որպես քաղաքական ուժ, մեր փորձով, գիտելիքներով, կապերով կարող ենք նպաստել եւ փորձում ենք նպաստել՝ Հայաստանի Հանրապետության համար մի խնդիր լուծելով: Ես այս գզվռտոցի մեջ մեզ չեմ տեսնում:

- Գուցե «Լուսավոր Հայաստանում» Ձեզ այնքան էլ կոմֆորտ չեք զգում, դրա համա՞ր եք նման կրավորական կեցվածք որդեգրել:

- Ես արդեն երկար ժամանակ է՝ կուսակցության փոխնախագահն եմ: Որեւէ դիսկոմֆորտ չկա: Չեմ հասկանում, թե Ձեր մտքերը որտեղից են գալիս: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, կուսակցությունը գործում է իր օրակարգով, նոր մարդիկ են մեզ միանում: Այնպես որ, մենք զբաղված ենք մեր առօրյա գործերով: Երկրի քաղաքական կյանքին էլ խառնվում է այնքանով, որքանով որ կարծում է՝ կարող է օգուտ բերել մեր երկրին: Առանց այդ էլ ներքաղաքական կյանքում ատելության խոսքը չափից շատ է, հետեւաբար՝ մենք չենք պատրաստվում ատելության խոսք տարածել, հակառակը: Թշնամին մուտք է գործել Հայաստանի տարածք, եւ մենք ասում ենք, որ պետք է անձնական ամբիցիաները մի կողմ դնել՝ միասին լծվելով Հայաստանն ուժեղացնելու գործին:

- Երկու ամիս է՝ Արցախը բլոկադայի մեջ է: Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է անել իրավիճակը հնարավորինս փոխելու համար:

- Պետք է ճնշումները շատացնել Ադրբեջանի վրա եւ ուղղակի նպաստել, որպեսզի տեղի ունենա Հայաստան-Արցախ-Ադրբեջան երկխոսությունը: Ադրբեջանը որդեգրել է Արցախը հայաթափելու քաղաքականություն: Այս մասին պետք է չդադարենք խոսել՝ միջազգային ճնշումներ ավելացնելով Ադրբեջանի վրա: Ես կարծում եմ, որ Հայաստանն այս պահին նոր պատերազմ սկսելու ռեսուրսներ չունի, իսկ այլ տարբերակը մնում է միայն բանակցություններով:

- Օրվա իշխանությունները բացառապես խաղաղության մասին են երազում:

- Երկխոսությունը հենց խաղաղության մասին է, ասեմ՝ իմանաք:

- Այսինքն` էլի՞ խոսել խաղաղության մասին, անգամ այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահը խոսում է արդեն Հայաստանը գրավելու մասին:

- Ի՞նչ անենք, հարձակվե՞նք Ադրբեջանի վրա:

- Բանակցել՝ չի նշանակում խոսել միայն խաղաղության մասին:

- Կա երկու տարբերակ` խաղաղություն եւ պատերազմ: Հայաստանն այսօր պատրաստ չէ պատերազմի, որովհետեւ կան անադեկվատ ուժեր, որոնք դեմ են խաղաղության օրակարգին: Այդ մարդիկ Հայաստանի թշնամիներն են: Նրանք առաջին հերթին չեն հասկանում, թե ինչ է տեղի ունեցել 2020 թվականին, եւ չեն ուզում ընդունել, որ մենք պարտվել ենք, եւ չեն ուզում ընդունել, որ չունենք այն ռեսուրսը, որով կարող ենք պատերազմել Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի ու այլ մեծ խաղացողների դեմ, որոնք տարածաշրջանում ունեն տարբեր շահեր:

- Ադրբեջանի նախագահն արդեն Հայաստանը գրավելու մասին է հանդգնում խոսել, ասում է` Էրիվանն ու Գյոկչան` Սեւանը, մերն են, շուտով կհայտնվենք այնտեղ: Դուք պնդում եք, որ պետք է միայն խաղաղության մասին խոսել: Ո՞ւմ հետ եք խոսում խաղաղության մասին՝ Ալիեւի՞, նա ուզո՞ւմ է խաղաղություն, ուզո՞ւմ է մտնել ձեր «խաղաղության դարաշրջանը»:

- Այն կողմը, որ հաղթել է խաղաղություն, չի ցանկանում խաղաղություն: Խաղաղությունն ունի երկու կողմ: Հաղթած կողմն անընդհատ բզբզելու է, օրը մի գյուղ է գրավելու, սակայն այդ խաղաղությունը պետք է մեզ: Ադրբեջանն իր ագրեսիվ հռետորաբանությունը շարունակելու է, բայց մենք ի՞նչ պետք է անենք:

- Խաղաղությո՞ւն մուրանք, մուրացկանությո՞ւն անենք:

- Մուրացկանություն անելը ո՞րն է: Խաղաղությունն ունի երկու կողմ: Եթե դուք չեք ուզում խաղաղություն, ապա պետք է պատերազմի գնաք:

- Ինչպե՞ս պետք է հասնեք այդ խաղաղություն ասվածին:

- Պայքարելով, ուժեղանալով, հզորանալով: Եթե մենք չունենք պաշտպանական համակարգ, մեզ վրա անընդհատ հարձակվելու են: Եթե չունեցանք զարգացող տնտեսություն, չենք կարողանալու սպասարկել բանակի կարիքները: Եթե չունենք կյանքի որակի բարձրացում, չենք ունենալու մարդիկ, որոնք ապրում եւ արարում են Հայաստանում: Ի՞նչ անենք, չթողնե՞նք երկիրը զարգանա: Անիմաստ մեծ-մեծ բանե՞ր խոսենք: Բոլոր նրանք, ովքեր այսօր դեմ են խաղաղությանը, նրանք ադրբեջանցի են կամ ֆինանսավորվում են Ադրբեջանից, որպեսզի Հայաստանը տանեն կործանման:

- Խաղաղությանը կողմ են բոլորը, խնդիրը ոչ արժանապատիվ խաղաղության մասին է, երբ դիմացինը պատերազմից է խոսում, մենք` խաղաղությունից:

- Պարտված պետություն ենք մենք, եկեք հիշենք, դուք գտնո՞ւմ եք, որ պետք է ապտակենք Ալիեւին, ո՞նց, ո՞ւմ հաշվին:

- Խոսում եք հզորանալուց, սակայն ինչ-որ անհասկանալի, ոչ մարդկային պայմաններում, որն անվանում են զորանոց, զինծառայողներ են այրվում: Այդպե՞ս են հզորացնում բանակը:

- Եկեք այդ մասին խոսենք: Դրանից հետո առաջին քայլը, որ պետք է լիներ, նախարարի հրաժարականն է: Այո, այդտեղ կան խնդիրներ: Դուք ասում եք՝ խաղաղություն մուրալ, ո՞վ է մուրում:

- Կարծում եք՝ Փաշինյանը պարտադրո՞ւմ է խաղաղություն:

- Հայաստանը ոչ մի ղեկավարով չի սկսվել եւ ոչ մի ղեկավարով չի ավարտվել:

- Բայց բանակցողը երկրի ղեկավարն է:

- Այո, ժողովուրդը նրան է ընտրել, նա է բանակցում, բա հո Դուք չե՞ք բանակցելու:

- Ստացվում է, որ դուք խաղաղություն եք ցանկանում, այլոք՝ պատերա՞զմ:

- Այո, այդպես է դուրս գալիս:

- Բայց 5 հազար եւ ավելի զոհեր Փաշինյանի «խաղաղության դարաշրջանում» եղան, ողջ խնդիրը սա է:

- Դուք չեք ուզում ինձ լսել եւ հասկանալ: