Նման քննարկումները պարբերական են և Ապրիլյանի ժամանակ շատ գերզգայուն հարցեր են քննարկվել

Նման քննարկումները պարբերական են և Ապրիլյանի ժամանակ շատ գերզգայուն հարցեր են քննարկվել

Ողջ կիրակի  գիշեր համացանցը քննարկում էր, թե ինչու է  Զոհրաբ Մնացականյանը  հանդիպել  սորոսական լրագրողների հետ։ Հանդիպման մասին  Ֆեյսբուքում «ավետեց» Դանիել Իոաննիսյանը։ Մարդիկ վրդովված էին, թե ինչու են սորոսական լրագրողների հետ արցախյան հարցով փակ քննարկում կազմակերպում։ Անգամ սցենարներ էին առաջ քաշվում, որոնցից մեկն այն էր, որ «կա՛մ Զորիկը գիտակցված է մասնակցում այս իշխանությունների դավադրությանը, կա՛մ Զորիկին նենգաբար պադստավկա են անում, որպեսզի նրա տեղն ազատվի»։
Հավաքի նախաձեռնող  «Իրազեկ քաղաքացիների միավորման » համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել էր, թե լրագրողների համար արցախյան հակամարտության թեմայով փակ քննարկման ժամանակ շատ բաց ու անմիջական քննարկում է եղել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, բայց հավաքի պայմանը off the rerords զրույցն էր՝ չհրապարակելու պայմանով։ Առաջին եւ բնական 3 հարցերը, որոնք  առաջանում են․ ի՞նչ սկզբունքով են ընտրվել փակ հավաքին մասնակցող լրագրողները, եւ արդյոք փակ քննարկման թեմա կարո՞ղ է դառնալ արցախյան հակամարտությունը, եւ, վերջապես՝ ո՞վ կարող է երաշխավորել, որ այդքան լրագրողի ներկայության պայմաններում հրապարակված գաղտնի ինֆորմացիան արտահոսք չի ունենա։ Եվ եթե դրանք բանակցային պրոցեսի գաղտնիքներն են, ապա ինչո՞ւ են դրանց հաղորդակից դառնում սորոսական ՀԿ-ները։ Այս հարցերն ուղղեցինք հենց Դանիել Իոաննիսյանին, ով վերջին՝ արտահոսքի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց, որ սա վերջին 5 տարում իրենց 9-րդ նման հավաքն է, եւ, «փառք Աստծո, երբեւէ որեւէ արտահոսք չի եղել, միշտ ընտրվել են բարեխիղճ լրագրողներ»։

«Միշտ, բոլոր 9 միջոցառումները, սկսած 2015 թվից, բոլոր մրցույթները եղել են լրագրողների համար, դիմել են՝ դիմողների միջից ընտրվել է։ Համարյա միշտ այս միջոցառումներին մասնակցել են դեսպաններ, պաշտոնյաներ, նախարարներ, պատգամավորներ թե՛ այս, թե՛ նախորդ իշխանության, թե՛ Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող պաշտոնյաներ են մասնակցել, ու էս առումով ոչինչ չի փոխվել։ Մի անգամ, կարծեմ, Արմեն Աշոտյանն էր ուզում մասնակցել, ուղղակի ժամկետները չկարողացանք համաձայնեցնենք։ Այս ֆորմատով մեր աշխատանքը ներկա ու նախկին իշխանությունների հետ ոչնչով չի տարբերվում»։ Հարցին, թե իրենց նախորդ քննարկումներին երբեւէ նախարարի  մակարդակով մասնակցություն ապահովվե՞լ է, Իոաննիսյանը մտաբերեց, որ եղել է ապրիլյան պատերազմի թեմայով քննարկում, որին մասնակցել է Արծրուն Հովհաննիսյանը եւ լրագրողներին «շատ զգայուն ինֆորմացիա է տվել»։ Մյուս հավաքներին էլ ԱԳՆ-ից մշտապես դիվանագետներ են լինում։
Փակ հավաքն անցել է Աղվերանի հյուրանոցներից մեկում, ներկա են եղել նաեւ փորձագետներ, մասնավորապես՝ Մանվել Սարգսյանը։

Ինչ վերաբերում է փակ հանդիպմանը մասնակցող լրագրողների ընտրության սկզբունքին, ապա Իոաննիսյանն ասաց, որ եղել է բաց մրցույթ, Ֆեյսբուքում հրավերը դրված է եղել sponsored-ի տակ, դիմել է 70 լրատվամիջոց, ընտրվել է 20-ը։ Ի՞նչ սկզբունքով՝ ելնելով նրանից, թե դիմած լրագրողները որքանով են արտաքին քաղաքական թեմաներ լուսաբանում։ Դանիել Իոաննիսյանը հաստատեց, որ ներկա են եղել «Հայկական ժամանակ»-ը, «Ֆակտոր»-ը,եւ չեն եղել «Armnews»-ը, «Tert.am»-ը, «5-րդ ալիք»-ը, «Հրապարակ»-ը։ Այս մասով ասաց, որ նրանցից ոչ ոք չի դիմել։ «Օրինակ, կարծեմ՝ Վահեն «Հրապարակից» նախկինում մասնակցել է, բայց նորից՝ մրցույթը բաց է եղել, ե՛ւ դուք, ե՛ւ Ձեր հիշատակած լրատվամիջոցները չեն դիմել»,- հավելեց Իոաննիսյանը։
Այնուամենայնիվ, ղարաբաղյան թեման առանձնանում է եւ շատ զգայուն է։ Ի պատասխան՝ Իոաննիսյանն ասաց․ «Այդ թեման նախկինում էլ է եղել, Ապրիլյան պատերազմից հետո 2016-ին պաշտպանության նախարարությունից են եկել, բավականին շատ փակագծեր են բացել։ Ամենասենսիթիվ, ամենանուրբ բաները, որ երբեւէ լսել ենք, եղել են 2016-ի ապրիլյանի ժամանակ։ Բնականաբար, off the record։ ԱԳՆ-ից էլ այն ժամանակ շատ բան ասացին, նույնկերպ՝ չհրապարակելու պայմանով։ Ոչ մի բան չի փոխվել, սա մեր կազմակերպության այն եզակի բաներից մեկն է, որի վրա հեղափոխությունն առանձնապես չի ազդել»։ 

Իսկ դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, ղարաբաղյան թեման այն սպեցիֆիկան ունի, որ բանակցություններին տիրապետում են 1-2 հոգի՝ առաջին դեմքերից․ վարչապետ, նախագահ, արտգործնախար, Իոաննիսյանն ասաց՝ այս առումով իրավիճակ է փոխվել․ «Մի քիչ ավելի շատ մարդ է տիրապետում, բայց սա չէ էականը, այլ այն, որ գաղտնի տեղեկություն այդտեղ չի տրվել։ Ես չգիտեմ՝ որտեղից եք որոշել, որ գաղտնի տեղեկատվոթյուն է։ Եվ գաղտնին դեռ off the record-ը չէ։ Եվ, ներեցեք, գաղտնի տեղեկությունը հրապարակելը քրեական հանցագործություն է։ Ուզում է՝ off the record, ուզում է՝ ոչ։ Եվ, բնականաբար, գաղտնի տեղեկություն չի հրապարակվել»։ Իսկ այդ դեպքում ի՞նչ է հրապարակվել, Իոաննիսյանը հստակեցնում է․ կան շատ տեղեկություններ, որոնք գաղտնի չեն, գաղտնագրված չեն, բայց հրապարակային չեն ասվում։ Եվ հիմա այդ հավաքի նպատակը, նրա ամփոփմամբ, այն է, որ լրագրողները թեմայի շուրջ լրացուցիչ տեղեկատվություն ունենան։ Այդ դեպքում ինչո՞ւ այս անգամ նման աղմուկ առաջացավ։ Իոաննիսյանն ասում է՝ չգիտի, բայց ենթադրում է, որ «ոմանք ծանր են տանում այս թեման»։

ՀԳ․ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին հարցրինք՝ Զոհրաբ Մնացականյանն արցախյան սեղանին դրված փաստաթղթի մասին պարզաբանումներ ներկայացրե՞լ է այդ հավաքին։ Նա պատասխանեց․ «Ինչպես ես նշել եմ ուրբաթ օրը կայացած իմ ճեպազրույցի ժամանակ, ներկայումս որեւէ փաստաթուղթ չի քննարկվում։ Մենք դա նշել ենք բազմիցս»։ Այն հարցին, թե  այդ ինչ կազմակերպություն է, որ նախարարը վեր է կացել, գնացել Աղվերան՝ մասնակցելու նրանց սեմինարին, եւ եթե որեւէ այլ ՀԿ Զոհրաբ Մնացականյանին հրավիրի արցախյան հարցով քննարկման, նախարարը կընդունի՞ հրավերը, ԱԳՆ խոսնակը նախ նշեց, թե ԱԳՆ-ում արդեն իսկ տասնամյակներ գործում է խորհրդարանի անդամների, հայաստանյան եւ օտարերկրյա փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների, ԶԼՄ խմբագիրների եւ լրագրողների հետ արտաքին քաղաքական տարբեր թեմաների շուրջ փակ հանդիպումներ անցկացնելու մշակույթը, ապա նշեց, թե շատ կարեւոր է, որ այդ հանդիպումներն անցկացվում են «չաթըմ հաուզ» կանոններով, որոնց ժամանակ ԱԳ նախարարը պատասխանում է արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերին՝ հրապարակման ոչ ենթակա առավել բաց ձեւաչափով: «Նման հանդիպումների առաջարկները դիտարկվում են առանց որեւէ խտրականության, եւ ԱԳՆ-ն բաց է համագործակցության շահագրգիռ շրջանակների հետ: Հավելեմ, որ ԱԳՆ-ն ստանում է բազմաթիվ հայտեր՝ անցկացնելու նման ձեւաչափով հանդիպումներ, եւ հնարավորության դեպքում ապահովում է պատշաճ մասնակցություն»,- հարցին ուղիղ պատասխանելուց խուսափեց Աննա Նաղդալյանը։ Արժե, որ այլ ՀԿ-ներ հիմա հրավեր ուղարկեն Զոհրաբ Մնացականյանին, եւ տեսնենք, թե ընդունվելո՞ւ է արդյոք այդ հրավերը նախարարի կողմից։