Արցախցիների վերադարձի խնդիրը

Արցախցիների վերադարձի խնդիրը

Արցախցիների վերադարձի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի բանաձի առումով ընդդիմության ոգևորվածությունն, անկեղծ ասած, չեմ ընկալում: Արցախը թշնամուն հանձնելուց հետո ինչ վերաբնակեցման մասին է խոսքը: Եվ այն էլ եվրոպական կառույցների աջակցությամբ, որոնց համար Ադրբեջանը չի դադարել հուսալի գործընկեր լինելուց: Երբ այդ բանաձևի ինչ-որ դրույթի առումով ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը փիառ է սարքում՝ դա այդպես էլ պետք է լիներ: Քանի որ այդ դրույթը համապատասխանում է ՌԴ-ին այստեղից հեռացնելու և խիստ մշուշոտ հեռավոր ապագայում Եվրամիության կազմ ընդունվելու իր երազանքին: Հասկանալի է նաև մարդասիրության անվան ներքո հայերին կուտ տալու՝ եվրոպական քաղաքականությունը: Ինչը ևս միտված է Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելուն:

Բայց ողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ ավելի քան ինն ամիս Արցախը շրջափակելուց, այնուհետև ռազմական ուժով այն գրավելուց և էթնիկ զտման ենթարկելուց հետո խոսել վերադարձի հնարավորության մասին՝ կարող են միայն քաղաքականապես միամիտները: Թեկուզ իրենք իրենց պատկերացնեն որպես քաղաքականության գուրուներ (հոգևոր ուսուցիչ): Կամ էլ փչացածության ամենաբարձր աստիճանի գործիչները, որոնք քաղաքական կապիտալ են կուտակում խեղճացված ազգի զգացմունքների վրա խաղալու հաշվին: Եվ եթե եվրոպացիների առումով դա նույնիսկ բնական է, ապա, կրկնվեմ, մեր ընդդիմության առումով բացարձակ անընկալելի: 

Հարցի զուտ կենցաղային և ըստ այդմ՝ ավելի ընկալելի առումով դիտարկելու դեպքում պետք է հասկանալի լինի, որ շատ ավելի հեշտ էր մարդկանց Արցախում պահելը, քան ադրբեջանցիների կողմից հայրենազրկվելուց հետո վերադարձնելը: Հիշենք 2021 թվականին այդ թշնամի երկրում շրջանառված քարտեզ-պատկերը. ադրբեջանցին ավելով մաքրում է իր տարածքը ԼՂԻՄ-ից: Ղարաբաղ և այդ թվում թե՛ լեռնային և թե՛ դաշտավայրային, վերադառնալը տեսականորեն հնարավոր է: Բայց դա կարող է տեղի ունենալ, եթե Հայաստանը ղեկավարվի ոչ թե «նիկոլիզմի» ներկայացուցիչների, այլ հայրենասեր, նվիրված և գրագետ անձանց կողմից: Եվ երբ խնդիր դրվի ոչ միայն արդարություն ու օրինականություն հաստատել երկրի ներսում, այլև պատժել հաբռգած թշնամուն և վերադարձնել մեր պատմական հայրենիքի այդ մասը: Մնացած բոլոր դեպքերում մենք պետք է մոռանանք ոչ միայն Արցախը վերադարձնելու, այլև արցախցիներին իրենց փոքր հայրենիքը վերադարձնելու գաղափարը: Որովհետև դա մեզ համար չեն անելու ուրիշները: 

Նույն կինոյից է նաև հայոց մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վերաբերյալ մտահոգությունները, որ հնչում են եվրոպական քաղաքական կառույցներում: Ու Ադրբեջանից նրանց պահանջը՝ դադարեցնել հայկական հետքերը Լեռնային Ղարաբաղում վերացնելու գործընթացը: Ստիպված ես կրկին զարմանալ՝ բա ուրիշ ի՞նչ էին անելու հայատյաց մարդանման արարածները: Թե՞ նախկինում իրենք իրենց պահել են մեկ այլ ձևով, որպեսզի պատկերացում ստեղծվեր, թե այսօրվա իրենց արածն անբնական է: Ինչևէ, դա այդպես էլ պետք է լիներ, և մեր պարտությունից հետո պետք է պատրաստ լինենք նաև այդ երևույթին ականատես լինելուն:  
Եվ որպեսզի դա տեղի չունենա՝ մենք պետք է ունենայինք ազգանվեր մասնագետներից կազմված իշխանություն: Սակայն ոչ միայն դա չունենք, այլ եղածը (այն, որ բանի պետք չէ) խայտառակ պարտությամբ պայմանավորված՝ խեղճացված իշխանություն է: Ունենք նաև այդ իշխանության կողմից ամենօրյա ռեժիմով խեղճացվող հասարակություն: Որը երազում է միայն խաղաղության մասին՝ եթե նույնիսկ դրա համար անհրաժեշտ լինի թշնամուն նվիրել Սյունիքը, Սևանը կամ նույնիսկ Երևանը: Կարևորը պատերազմ չլինելու գաղափարն է, որ նրանում անընդհատ սերմանվում է գործող ազգադավ իշխանության կողմից: 

Հ. Գ. Ասվածի առումով չեմ կարող չզարմանալ, թե այդ ինչ համաշխարհային հետազոտություն է, ըստ որի հայաստանցիների 96 տոկոսը պատրաստ է զենքը ձեռքին պաշտպանել իր հայրենիքը՝ այդ ցուցանիշով աշխարհում զբաղեցնելով առաջին հորիզոնականը: