Սևանում «վազվրատ» արած հաց են ուտում ու եղինջ

Սևանում «վազվրատ» արած հաց են ուտում ու եղինջ

Սեւանի բնակիչները մոռացել են, թե երբ են վերջին անգամ թարմ հաց գնել: Միջին ընտանիքն օրական մեկ կիլոգրամանոց թարմ մատնաքաշը գնում էր 250 դրամով: Բայց կորոնավիրուսի շրջանում մարդիկ անցել են հին հացի կամ, ինչպես ասում են՝ «վազվրատ էրած» հաց են գնում: 1 կգ «վազվրատ արած» մատնաքաշն արժե 160 դրամ: «Վազվրատ» հացը վաճառվում է պոլիէթիլենով փաթեթավորված, այնպես որ, չի հասցնում շատ հնանալ: 

«Փափուկ է, ուտել լինում է»,- ասում է Սեւանի բնակիչ Վահագն Ղազարյանը: Նա երկու դպրոցական դուստր ունի: Բանվորություն է անում ափամերձ տարածքի հյուրատներից մեկում: Գանգատվում է. «Արդեն երկու ամիս է, պետք է գործս սկսված լիներ, բայց էս կորոնայի պատճառով մնացինք անգործ»: 

Սեւանում կորոնավիրուսի պաշտոնապես կամ որեւէ այլ կերպ հաստատված դեպք չկա: Վարակը շրջանցել է քաղաքը: Գուցե պատճառն այն է, որ ամբողջ Սեւանը սեզոնային աշխատանքներով է զբաղված: Մոտ 1000 բանվոր է աշխատում ափամերձ տարածքի հյուրանոցներում, ռեստորաններում, հանգստի գոտիներում: Օբյեկտներում գործն ավարտվում է հոկտեմբերին, սկսվում է մարտին: «Հոկտեմբերից տունը նստած սպասում ենք մարտի 1-ին, որ մի քիչ աշխատենք: Մաքրություն ենք անում, կանաչապատում ենք տարածքը, գույքն ենք թարմացնում, ներկում ենք, ու ապրիլից արդեն հյուրանոցները բրոնյա արած են լինում, արդեն ակտիվ անցնում ենք գործի: Բայց էս տարի մնացինք տանը: Արդեն երկու ամիս ա, ես ու կինս տանը նստած ենք»,- պատմում է Վահագն Ղազարյանը: 

Կառավարության միջոցառումներից օգտվելու ձեւը մարզերի հասարակ բնակիչները չգիտեն, առցանց դիմումներ գրել շատերը չեն կարողանում: Միակ օգնությունը, որ ընտանիքը ստացել է, ռեստորանի տիրոջ ուղարկած 6 հազար դրամանոց տոպրակն է եղել: Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանին զանգահարեցինք ու հարցրինք, թե ինչու մարդիկ տեղյակ չեն, որ կառավարության միջոցառումների շրջանակներում իրենց օգնություն է հասնում: «Ես դրանով չեմ զբաղվում, դիմեք մարզպետարան»,- պատասխանեց քաղաքապետը: Նա ասաց նաեւ, որ բարեգործներին է դիմել ու իր անապահով բնակիչների համար նրանցից օգնություն է հայթայթել: «Բոլորը, ովքեր դիմել են սոցիալական օգնություն ստանալու համար, ստացել են: Չկա մեկը, ով հասնի ստեղ, մենք մի քանի օրում չօգնենք: Իսկ գործազրկությունն ամբողջ երկրում է»,- ասաց քաղաքապետը: 

Մարդիկ սովոր են դիմել քաղաքապետարան, օգնություն ստանալու համար: Բայց վերջերս Սեւանի քաղաքապետարանի աշխատողները աշխատանքի չեն գնում: Քաղաքապետարանի պահակը ոչ մեկին ներս չի թողնում: Աշխատողների հետ կարելի է կապվել միայն հեռախոսով: 
«Էթում ես, դռան դեմ կանգնում ես, թույլ չի տալիս մտնես, զանգում եմ հեռախոսով, երաժշտություն ա միանում, բա՝ սեղմեք մեկ, սեղմեք երկուս, սեղմեք երեք, րոպեդ պրծնում ա, վազում ես, լիցքավորում ես, էլի նույն կռուգով գնում ա, մինչեւ դու էլ հոգնես»,- ասաց «Հարսնաքարի» մաքրուհիներից մեկը: Նա առաջարկեց մեզ մի օր գնալ, ման գալ Սեւանով: ««Հրապարակ» թերթի 8 էջերն անգամ չեն բավարարի Սեւանի մասին գրելու: Մի շաբաթ ա, Նալբանդյան փողոցի վրա աղբը կուտակել են, չեն գալիս տանելու, քաղաքը հալից ընկել ա»,- ասաց նա: Հետաքրքրվեցինք, թե ինչ սնունդ են օգտագործում: «Եղրճիկ,- պատասխանեց կինը,- եղրճիկը դուրս ա եկել, էս պահին որ կորոնավիրուս ա, մարդիկ կանաչի են ուտում: Ձուկ քիչ ենք առնում: Մալյոկների 5 հատը 1000 դրամ ա: Ձուկը Երեւանից ավելի էժան կառնես, քան Սեւանում: Հանգստյան գոտիները, միեւնույն է, չէին աշխատելու: Հունիսից նոր սկսում են աշխատել»: