Ձեռք ենք բերել պայմանավորվածություն առաջիկա 5 տարիներին լուծել մասնագիտական կադրերի պատրաստման խնդիրները

Ձեռք ենք բերել պայմանավորվածություն  առաջիկա 5 տարիներին լուծել  մասնագիտական կադրերի պատրաստման խնդիրները

Այսօր Պոլիտեխնիկում հյուրընկալել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավարությանն ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի։ Պատվիրակության կազմում էին տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

ԶՊՄԿ-ի ղեկավարության հետ քննարկել ենք ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի կրթական ծրագրերի շուրջ առկա մարտահրավերները և զարգացման հեռանկարների համար անհրաժեշտ գործողությունները:

Գործընկերներիս եմ ներկայացրել ոլորտային կրթական ծրագրերը պահանջարկված ու մրցունակ դարձնելու համար իմ մոտեցումները: Ձեռք ենք բերել պայմանավորվածություն ինստիտուցիոնալ համագործակցությամբ առաջիկա 5 տարիներին լուծել ոլորտում առկա մասնագիտական կադրերի պատրաստման խնդիրները:

ԶՊՄԿ գործադիր տնօրենն, իր հերթին արձանագրելով ինժեներական կրթության կարևորությունը երկրի տնտեսության և կայունության հարցում, հայտնեց իր պատրաստակամությունը խորքային և բովանդակային բարեփոխումների ճանապարհին աջակցելու Պոլիտեխնիկին։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակի և ՀԱՊՀ-ի հետ երկարատև սերտ համագործակցության համար ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Նիկոլայի Խուդոլիին պարգևատրել եմ ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով։

Այցի շրջանակներում ԶՊՄԿ-ի ղեկավարության համար կազմակերպվել է այցելություն ՀԱՊՀ մի շարք լաբորատորիաներ, գերազանցության կենտրոններ, Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտ։

Գոռ Վարդանյան