Մհեր Եղիազարյանի ձերբակալումը որևէ կապ չունի մեր կուսակցության հետ. Խաչիկ Ասրյան

Մհեր Եղիազարյանի ձերբակալումը որևէ կապ չունի մեր կուսակցության հետ. Խաչիկ Ասրյան

 

Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրույթւոն տարածեց՝ տեղեկացնելով, որ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այդ մասին երեկ է տեղեկացել՝ Եղիազարյանին ձերբակալելուց հետո։ Ապա թվարկեց նրա արժանիքները, որ Մհեր Եղիազարյանը սյունեցի է, իր մարզում մեծ հեղինակություն է վայելում, 90-ականների սկզբից նա մեծ դերակատարում է ունեցել Հայաստանի անկախության կայացման գործում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ և այլն։ Անդրադառնալով հարուցված քրեական գործին՝ Ասրյանն ասաց, որ Եղիազարյանի ձերբակալությունը բացառապես կապված է Մհեր Եղիազարյան անձի հետ և որևէ կապ չունի իրենց կուսակցության հետ։

«Այն քրեական գործընթացները, որի մասին նշվում է և որոնց վերաբերյալ դեռևս չկա դատարանի որոշում, այդ գործընթացները բացառապես կապված են Մհեր Եղիազարյան անուն-ազգանունի հետ, այսինքն՝ դրանք զուտ անձնական բնույթի քրեական գործեր են, երևի թե։ Մեկ բան հստակ է, որ այս գործընթացները որևէ կապ, որևէ աղերս չունեն «Հայոց արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության հետ»,-ասաց պարոն Ասրյանը։

Մեր հարցին՝ ի՞նչ է կարծում, Մհեր Եղիազարյանը կարո՞ղ էր նման կոռուպցիոն գործարքների մեջ մտնել, Խաչիկ Ասրյանն ասաց․ «Ասեմ Ձեզ, որ անձամբ ինքս չեմ կարծում, որ նա այդպիսի գործընթացների կարող էր գնալ, որովհետև նրան ճանաչելով, նրա հետ խոսելով ընդհանուր ներքաղաքական իրավիճակներից, ես նրա մոտ չեմ նկատել նման խնդիրներ կամ պրոբլեմներ։ Այսինքն, եթե նման խնդիր լիներ, մեր ղեկավար կազմի մեջ որևէ մեկը պետք է տեղյակ լիներ, այդ թվում՝ նաև ես։ Մենք որևէ կերպ տեղեկացված չենք եղել նրա այդ անձնական խնդիրներից։ Եվ կրկնում եմ՝ Մհեր Եղիազարյանին վերաբերող այս գործընթացները որևէ աղերս չունեն մեր կուսակցության հետ։ Ես սա ուղղակի բացառում եմ»։