Հայաստանում տնտեսական աճն ամենաբարձրն է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում

Հայաստանում տնտեսական աճն ամենաբարձրն է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում

Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը (Հունվար, 2023):

Զեկույցը կանխատեսում է, որ համաշխարհային աճը կտրուկ դանդաղելու է բարձր գնաճի և տոկոսադրույքների, ներդրումների կրճատման և ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խափանումների ֆոնին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«2023-ին այն կդանդաղի մինչև 1.7% (6 ամիս առաջ ակնկալվող 3%-ից), 2024-ին կհասնի 2,5%-ի:

Կոնկրետ Հայաստանի համար Համաշխարհային բանկը գնահատում է, որ 2022 թվականի տնտեսական աճը կկազմի 10.8%, որն ամենաբարձրն է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։

2023 թվականին մեր երկրի համար ՀԲ-ն կանխատեսում է 4.1%, իսկ 2024 թվականին՝ 4.8% տնտեսական աճ։

Այս կանխատեսումները ցածր են Կառավարության ծրագրում եւ այս տարվա բյուջեի նախագծում ֆիքսված թիրախներից (նվազագույն թիրախը 7% է)։

Սակայն հիշեցնեմ, որ Համաշխարհային բանկը դեռ անցած տարվա կեսին 2022 թվականի համար կանխատեսում էր ընդամենը 2.5% աճ և այժմ վերանայել է դեպի վերև՝ 7.3 տոկոսային կետով»,-նշել է նա։