Պատմությունից դաս քաղելու մասին

Պատմությունից դաս քաղելու մասին

Վաղուց արդեն կասկածից դուրս է, որ վարչապետի պաշտոնից կառչած անձը փորձում է աստիճանաբար փոխել ՀՀ անվտանգային համակարգը: Որպես առաջին քայլ ՀԱՊԿ-ը հեղինակազրկելն էր՝ հիշենք Յուրի Խաչատուրովի պաշտոնանկության պատմությունը: Հաջորդ քայլն էր այդ կառույցի գործողություններից կամ նրանում մասնակցությունից հրաժարվելը: Դրան հաջորդել է Ռուսաստանից զենք գնելուց հրաժարվելը: Ինչը ստի ու կեղծիքի վրա հիմնված իշխանության կողմից ներկայացվել է իբրև թե ՌԴ-ն հրաժարվել է մեզ զենք վաճառել: Միաժամանակ, տարփողվում էր, ՌԴ-ն իբրև թե խոչընդոտում է այլ երկրներից զենք ստանալուն: Եթե վերջին երկու նախադասությունները դնենք կողք-կողքի, ապա ստիպված ենք եզրակացնել, որ ՌԴ-ն դարձել է թշնամի և որոշել է ադրբեջանական սպառնալիքների  դեմ հանդիման անզեն թողնել Հայաստանը: Ինչն անհեթեթություն է, քանի որ դա բացարձակ չի համապատասխանում մեր տարածաշրջանում ռուսական շահերին:

Սակայն ողջ խնդիրն այն է, որ նման համադրում անելու և դրանից եզրկացության հանգելու համար նվազագույն կարողություններ չունեն նրանք, ում ուղղված են այդ մեսիջները: Եվ, որքան հասկանում եմ, նույնիսկ դրանց հեղինակը ևս զուրկ է այդ կարողությունից: Այլապես, որպես գիտակից անձնավորություն, պետք է այդ երկուսից մեկը չհայտարարեր: Ինչ մնում է այդ մեսիջներից, ասենք, երկրորդի համապատասխանությանն իրականությանը, ապա այն հերքվել է հենց նիկոլական կամակատարներից մեկի կողմից: Դրա մասին հայտարարվել է հանրային հեռուստատեսությամբ: Վերջին 20 տարում ես հազիվ թե 20 անգամ դիտած լինեմ հանրայինի հաղորդումները, և հերքման մասին էլ իմացել եմ հայաստանյան լրատվական կայքերից: Որոնց ամենօրյա մոնիտորինգը եղել է իմ աշխատանքը՝ երբ այն ունեի, և դրանից հետո՝ երբ այն կորցրի, իսկ հետո էլ անցա թոշակի:

Բազմիցս է գրվել նաև, որ Հայաստանը փորձում կամ արդեն գնել է հնդկական արտադրության սպառազինություն: Խոսքը հրանոթների կամ հրթիռային համակարգերի մասին է: Եվ վերջերս էլ որոշում է կայացվել Հնդկաստանում ՀՀ-ն դեսպանատանը պահել ռազմական կցորդ: Չլինելով ռազմական փորձագետ՝ չեմ փորձի գնահատական տալ հնդկական արտադրանքի արդյունավետության վերաբերյալ: Բայց չեմ խուսափի նաև տրամաբանական հարց տալուց. Հնդկաստանը վերջին տարիների ռուսական սպառազինուրթյան հիմնական գնորդներից մեկն է: Ինչպես նաև ռուսական ինչ-ինչ զինատեսակներ արտադրելու թույլտվություն ստացած երկիր: Դա չի՞ ենթադրում, արդյոք, որ ավելի լավ կլիներ գնել հենց օրիգինալ ռուսական զենքը: Հատկապես որ այն մեզ վաճառվում էր գործարանային կամ ներռուսական գներով: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ Փաշինյան Նիկոլի վարչապետության ՇՆՈՐՀԻՎ Հայաստանը փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, որևէ դեր չէր ունենա այդ բնագավառում: Թե ինչու՝ ասվել է սույն հոդվածի առաջին պարբերությունում. չկրկնվեմ:

Մամուլում խոսվում է նաև ֆրանսիական արտադրության սպառազինություն գնելու մասին: Նախ, չեմ կարծում, թե ֆրանսիական ռազմական արտադրանքն իր որակով գերազանցում է ռուսականին: Դրա մասին է վկայում, համենայն դեպս, ռուս-ուկրաինական պատերազմի մոնիտորինգը, ինչն ամենօրյա ռեժիմով կատարում եմ մեկ տարուց ավելի: Բայց կրկին ոչ թե որպես փորձագետ, այլ համոզված լինելով, որ մեր պետականության գոյության հարցն այսօր վճռվում է այդ պատերազմում: Երկրորդ՝ սպառազինությունն ամենօրյա կրման հագուստ չէ, որ դրա տարրերից մեկը գնես հայկական արտադրության, մյուսը՝ չինական, երրորդը՝ թուրքական: Այն ենթադրում է տեխնիկական համակարգված ամբողջություն և համապատասխան գիտելիքներ, որ մեր սպաները ստացել և կարծեմ շարունակում են ստանալ Ռուսաստանում՝ այն էլ անվճար:  

Եվ վերջապես՝ Փաշինյան Նիկոլի երազանքն է, որպեսզի Ֆրանսիան, բացի զենք մատակարարելուց, ապահովի նաև Հայաստանի անվտանգությունը: Թե ինչպես է Հյուսիսային դաշինքի և հատկապես Եվրամիության անդամ երկիրն առանձին հովանավորելու Հայաստանը, մի քիչ դժվար է պատկերացնելը: Նման բան արվում է ԱՄՆ-ի կողմից, բայց նրա օրինակն այս դեպքում չի աշխատում: Ինչևիցե, եթե նույնիսկ դա կյանքի կոչվի՝ դրա ապագայի հարցում առանցքային է լինելու կրկին ռուս-ուկրաինական պատերազմը: Որովհետև եթե այդ երկիրը պարտվի, իսկ դրանում կասկած լինել չի կարող (հակառակն ուղղակի անհնար է՝ միջուկային գերտերությունը պարտվել չի կարող, ու դա հայտարարվել է ամենաբարձր մակարդակով), ապա Ֆրանսիան ստիպված է մտածել հենց իր անվտանգության մասին: Եվ ոչ թե ապահովել մեր անվտանգությունը: Չնայած ՌԴ-ն միտք չունի դրանից հետո շարունակել պատերազմը, ու այդ մասին էլ է բազմիցս հայտարարվել: Իսկ որ Ուկրաինան, ի վերջո, պարտվելու է այդ պատերազմում, չեն ցանկանում տեսնել միայն ուղեղներն անջատած ռուսատյացները: Եվ որպես ասվածի նախնական վկայություն հանդես է գալիս հենց Բախմուտի կորուստը, որն ավարտվում է այսօր-վաղը:

Իսկ վերջում մի փոքր պատմություն ֆրանսիական տանիքով անվտանգության վերաբերյալ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ ավելի կոնկրետ 1916-ին, ֆրանսիական բանակի կազմում ձևավորվում է Արևելյան լեգեոն կոչված զորաջոկատը: Որոշված էր, որ այն պետք է բաղկացած լիներ հայ ու արաբ զինվորներից և ֆրանսիացի սպաներից: Սակայն երկու տարի անց՝ երբ լեգեոնը մուտք գործեց Ցեղասպանությունից հայաթափված Կիլիկիա, այն կրում էր «Հայկական» անվանումը: Եվ հիմնականում կազմավորված էր հենց հայ զինվորներից՝ ունենալով շուրջ 5000 ծառայող: 

Լեգեոնի հետ միասին Կիլիկիա վերադարձան համազգային ջարդը վերապրած հայերը: Եվ 1920 թ.-ի մայիսի 4-ին հռչակվեց Կիլիկիայի հայկական իշխանություն՝ Ֆրանսիայի մանդատի ներքո: Մանդատը ֆրանսիական էր, քանի որ մինչ այդ արդեն որոշված էր, որ Կիլիկիան անցնելու է Ֆրանսիային: Ինչն, ի դեպ, ամրագրվեց 1920 թվական օգոստոսին ստորագրված Սևրի պայմանագրով: Սակայն քեմալական զորաջոկատները մի շարք մարտերում պարտության մատնեցին ֆրանսիական բանակը: Եվ հաջորդ տարվա վերջին ֆրանսիացիների հետ միասին տարածքը լքեց նաև Հայկական լեգեոնը՝ իր հետ տանելով վերադարձածներին: Ի դեպ, ֆրանսիական բանակի պարտություններն իրենց հիմքում ունեին նաև թուրքերի հետ առևտրային հարաբերություններ հաստատելու վերաբերյալ պայմանավորվածություններ: 

Ասում են, ժողովուրդների զարգացման առումով առանցքային այլ գործոնների հետ մեկտեղ կարևոր դեր ունի նաև պատմությունից դասեր քաղելու ընդունակությունը: Մեր ժողովուրդը (կամ հասարակությունը) ոնց որ թե որոշել է սխալ հանել այդ թեզը: Եվ պատմությունից դասեր քաղելու ընդունակություն հանդես չի բերում: Եվ 100 տարի անց կրկին թշնամանում է Ռուսաստանի հետ, ու կրկին փորձում է շրջվել դեպի Արևուտք: Տա Աստված, որ այս անգամ ևս մենք կարողանանք պահպանել մեր գոյությունը: