Հարց Հակոբ Ասլանյանին․ արդյոք ՔՊ-ն կպահպանվի՞, երբ կորցնի իշխանությունը

Հարց Հակոբ Ասլանյանին․ արդյոք ՔՊ-ն կպահպանվի՞, երբ կորցնի իշխանությունը

ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի ասածը, թե ՀՅԴ-ն մի քանի տարուց որպես կուսակցություն կվերանա, բավականին տարօրինակ էր ու տարակուսելի։ Նախ, որ հազիվ տասը տարվա պատմություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչը նման կանխատեսում է անում մի կուսակցության մասին, որն ավելի քան մեկդարյա պատմություն ունի։ Եվ հարց է ծագում, թե ինչն է դրդել, որ պատգամավոր Ասլանյանը նման կարծիք հայտնի։ Կարելի է, իհարկե, հակադարձել, թե՝ հետաքրքիր է, ի՞նչ կլինի ՔՊ-ի ճակատագիրը, երբ այն կորցնի իշխանությունը, կկարողանա՞ արդյոք պահպանվել որպես կուսակցություն, թե՞ ոչ։ Կամ՝ կարելի է հարցնել, թե արտահայտած տեսակետն իր մտածումների՞ արդյունքն է, թե՞ Նիկոլ Փաշինյանի «սրտի ցանկությունը»։ Բայց դե՝ սրանք հարցեր են, որոնց ժամանակը եւ պատմությունը թերեւս ամենաճշգրիտ պատասխանները կտան։ Անիմաստ է խոսել նաեւ այն մասին, թե նման արտահայտությունները որքանով են համատեղելի քաղաքական էթիկայի հետ։

Բայցեւայնպես, պետք է արձանագրել նաեւ, որ որեւէ քաղաքական ուժի համար, կարեւոր չէ՝ Հայաստանում կամ աշխարհի այլ երկրում, կենսունակության չափման միավորը ժամանակի քննությունը հանձնելն է, այսինքն՝ ժամանակի մեջ պահպանվելը։ Քաղաքական կուսակցությունները, որոնք ժամանակի քննությունն անցել են ու ապացուցել իրենց տասնամյակների, գուցեեւ հարյուրամյակի կենսագրությամբ, որ կենսունակ են, կարողացել են այդ կենսունակությունը պահպանել շնորհիվ իրենց գաղափարախոսության, որն արձագանք է գտել հասարակական որոշակի շերտերի մոտ, դարձել այդ շերտերի մաս կազմող անհատների քաղաքական համոզմունքների հետ համատեղելի։

ՀՅԴ-ն, իր բոլոր թերություններով հանդերձ, ժամանակի քննությունը հանձնել է։ Եղել է ե՛ւ իշխանություն, ե՛ւ վտարանդի կուսակցություն, ե՛ւ արգելված քաղաքական ուժ, ե՛ւ ընդդիմություն ու շարունակում է մնալ որպես պայքարող ուժ, իսկ հայոց պահանջատիրության լույսի ներքո՝ այդ պահանջատիրությունն աշխարհում առաջ մղող առաջամարտիկներից մեկն է։ Այս առումով պատգամավոր Հակոբ Ասլանյանի արտահայտած կարծիքը եւ դրսեւորած ցանկությունը՝ ամենամեղմ բնորոշմամբ, թերի է, վտանգավոր, սխալ։ Ի վերջո, չմոռանանք, որ, ի դեմս ՀՅԴ-ի, մենք գործ ունենք հայ քաղաքական մտքի դասական կառույցի հետ, որը միաժամանակ նաեւ բավականին հզոր միջազգային ցանց է՝ ներկայացված աշխարհի մի շարք երկրների պառլամենտներում եւ, որպես այդպիսին, կարեւոր լոբբիստական գործունեություն է ծավալում աշխարհի շատ երկրներում։ Երբեմն շատ ավելի ազդեցիկ ու արժեքավոր, քան ՀՀ դեսպանատներն են անում։

Այս ամենի ֆոնին, եթե փորձենք նկարագրել ՔՊ-ն, ապա ասելու բան գրեթե չենք ունենա, որովհետեւ ոչ մի «իզմ»-ի չդավանող կուսակցությունն իր տեսակով արդեն իսկ իրեն ներկայացնում է որպես գաղափարախոսություն եւ քաղաքական հավատամք չունեցող մարդկանց միավորում, ինչը նշանակում է, որ այն ոչ թե կուսակցություն է, այլ պարզապես կազմակերպություն, որը շարունակում է գոյատեւել շնորհիվ այն բանի, որ իշխանություն է, եւ դրա կազմում հավաքված մարդկանց շահերը որոշակիորեն փոխհամընկնում են։ Այդպիսի նկարագիրը, գոնե քաղաքական կուսակցությունների մասին ընդունված առկա պատկերացումների տեսակետից, չի կարող երաշխիք լինել նմանատիպ քաղաքական ուժի կենսունակության պահպանման կամ ժամանակի մեջ իր գոյությունը պահպանելու ներուժի համար։ Հանրագումարում, նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, հավելյալ ուսումնասիրություններ էլ պետք է իրականացնի՝ հասկանալու քաղաքական կուսակցությունների դասական նկարագիրն ու մյուս բաղադրիչները։ Եվ ամենակարեւորը՝ իր արտահայտած մտքերի ու ցանկությունների հնարավոր հետեւանքները հաշվարկի։