Բժիշկը փաստում է, որ Գրիգորյանը կարող է մահանալ․ Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի՞

Բժիշկը փաստում է, որ Գրիգորյանը կարող է մահանալ․ Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի՞

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ գործով դատական նիստին այսօր պաշտպանական կողմը հերթական միջնորդությունը ներկայացրեց նրա խափանման միջոց կալանավորումը մինչեւ հինգ միլիոն դրամ գրավի դիմաց փոփոխելու վերաբերյալ։

Նրա պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը նշեց․ «Խափանման միջոց կալանքը չփոխելը համարում ենք խոշտանգում։ Բազմիցս է բարձրաձայնվել  դատարանում, որ կալանքը խոչընդոտում է Գրիգորյանի բուժմանը, վատթարացնում է վիճակը․ այդ ամենի պատասխատուն դատարանն է։ Հայցում ենք ձեզանից, որ կալանավորումը փոխարինվի գրավով, մինչեւ հինգ միլիոն դրամով, որի վճարումը երաշխավորում ենք։ Ողջ բժշկական անձնակազմը բարձրաձայնում է, որ կալանքը խոչընդոտում է, որ անձը բուժվի։ Ի՞նչն է խանգարում, որ մարդը դուրս գա, բուժվի։ Բժիշկը փաստում է, որ այս պայմաններույմ կարող է մահանալ»։

Դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ նույն միջնորդության տեքստն է, որը նախկինում  ներկայացվել է․ «Գտնում եմ, որ սույն միջնորդությունը հիմնավոր չէ, բերված փաստարկները չեն համոզում հակառակի մասին, գտնում եմ, որ ենթակա է մերժման»։

Դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։ 

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։