Ինչ պետք է անի Հայաստանն առաջիկա նոյեմբերին կայանալիք եռակողմ նոր հանդիպման ժամանակ

Ինչ պետք է անի Հայաստանն առաջիկա նոյեմբերին կայանալիք եռակողմ նոր հանդիպման ժամանակ

Նախօրեին երեկոյան «Ալիք Մեդիայի» հարթակում լրագրող Թաթուլ Հակոբյանը հրապարակել է մի հոդված, որը կարելի է ասել, պարզկա երկնքում ամպրոպի ազդեցություն ունեցավ։ Նա մասնավորապես գրել էր դիվանագիտական աղբյուրներին հղում տալով, որ «Նոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու:Երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ եւ մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ։

Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները ․․․ Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ եւս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին: Նոյեմբերի 9-ը հատուկ է ընտրվել: Անցյալ տարվա՝ 2020 թվականի այդ օրը Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները, իսկ շաբաթների ընթացքում հայկական ուժերը դուրս եկան Հայաստանի Հանրապետության սահմաններ»։

Արդեն այսօրվա համար Թաթուլ Հակոբյանը խոստացել է այս մասին ավելի մանրամասն անդրադառնալ՝ ներառելով Արցախի կարգավիճակին եւ ճանապարհ-միջանցքներին առնչվող հարցը։ Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն էլ հաստատեց կարծես թե այս լուրը, գրելով, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հնարավոր է հանդիպեն նոյեմբերի առաջին տասնօրյակում եւ բանակցությունների արդյունքում հնարավոր է ստորագրվեն եռակողմ հայտարարություններ։

Իրավիճակն հատկապես ինտրիգային է այն պատճառով, որ Ռուսաստանի նախագահը «Վալդայ» ակումբում խոսել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների, Ղարաբաղյան իրադրության, Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի եւ հնարավոր ապագայի զարգացումների մասին եւ այդ համատեքստում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին, ասել էր, որ այդ գործընթացում բավարար են միայն Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը, քանի որ քարտեզները, որոնցով կարելի է իրականացնել սահմանազատում, գտնվում են ռուսական զինուժի գլխավոր շտաբում։ Այն, որ ի վերջո գալու է այն հանգրվանը, երբ ստորագրվելու են նման փաստաթղթեր, հասկանալի էր գոնե սկսած 2020 թվականի նոյեմբերի 11-ից կամ 2021 թվականի հունվարի 11-ից հետո։ Նաեւ հասկանալի էր այն, որ Ռուսաստանն ըստ էության ամբողջապես իր հովանու ներքո է վերցրել Ղարաբաղյան կարգավորման հարցը, եւ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության մյուս երկու համանախագահները կարծես թե առանձնապես դեմ չեն դրան, իհարկե, եթե զուտ «ռեալ-պոլիտիկի» տեսակետից,  այնպիսի կոմբինացիա ստեղծվի, որտեղ նաեւ իրենց շահերը հաշվի առնվեն։

Ռուսաստանը կարծես թե եւ ամերիկյան, եւ ֆրանսիական շահերը հաշվի առնելու տրամադրվածություն ունի եւ անկախ ամեն ինչից կգտնվի մի այնպիսի տարբերակ, որով «եւ գայլերը կուշտ լինեն, եւ գառները անվտանգ», թեեւ այս դեպքում, «գառների» պարագայում ավելի ճիշտ է ասել «չհոշոտված» կամ գոնե «մինչեւ արյունաքամության աստիճանը չհոշոտված»։ Հասկանալի է, որ գոյութուն ունի որոշակի «համաձայնություն» կամ «կոնսենսուս» Մեծ քաղաքականության խաղացողների մոտ, ինչպես գլոբալ, այնպես էլ ռեգիոնալ հատվածներում, կապված Հարավային Կովկասի ճարտարապետության վերափոխումների եւ մեր ռեգիոնի, ապագայի կտրվածքով գոնե առաջիկա քսան- երեսուն տարվա համար տեսլականի ու դրվածքի մասով։ Կյանքը ցույց տվեց, որ նախորդ երեսուն տարիները, որքան էլ ձեռնտու էին հայկական կողմի համար, սակայն գլոբալ առումով թույլ չէին տալիս, որ Հարավային Կովկասի պոտենցիալն ամբողջապես բացվեր, իսկ դրա անհրաժեշտությունը հատկապես այժմյան պանդեմիական աշխարհում շատ կա, որովհետեւ թեկուզ զուտ բիզնեսի եւ տնտեսության առումով, կյանքը ցույց տվեց, որ ծովային փոխադրումները սկսել են չարդարացնել իրենց, եւ համաշխարհային տնտեսության երկրորդ միավորն հանդիսացող չինական տնտեսությունը դեպի Եվրոպա իր մատակարարումները իրականացնում է ռուսական երկաթուղիներով եւ ռուսական երկաթուղիները գերծանրաբեռնված են, ու կա մտավախություն, որ չեն դիմանա այդ ծանրաբեռնվածությանը, ու կա անհրաժեշտություն նոր ճանապարհային ուղիներ «նվաճելու» կամ «բացելու» համար, իսկ դրա համար պետք է նաեւ «բացել» Հարավային Կովկասի պոտենցիալը։

Ու հիմա, ըստ էության այլ բան չի կատարվում, քան Հարավային Կովկասի նոր ճարտարապետության կյանքի կոչումը։ Սա աչքի առաջ ունենալով, զարմանալի են այն կարծիքները, թե Թաթուլ Հակոբյանը, օրինակ, Նիկոլ Փաշինյանի դրդմամբ է նման «սլիվ» արել, որպեսզի ձեւավորի հայկական միջավայրում դժգոհություն ընդդեմ այդ ստորագրվելիք փաստաթղթի եւ չի ուզում ստորագրել, քանի որ ստորագրելուց հետո ինքը, պատկերավոր ասած, կհայտնվի քաղաքականության ու պատմության խորդանոցում։

Փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, սեփական քաղաքական ապագայի համար որոշել է դուրս գալ ընդդեմ աշխարհակարգի։ Սա առնվազն տարակուսելի է, որովհետեւ եթե աշխարհակարգով նման լուծում է որոշված, ապա նույնիսկ եթե Հայաստանը աշխարհի քարտեզից վերանա, միեւնույնն է այդ լուծումը կյանքի կոչվելու է, ուր մնաց, թե աշխարհակարգ գծողները հաշվի առնեն Հայաստանի իշխանություններին։ Խնդիրը, որը Հայաստանի իշխանությունների դաշտում է մնացել, ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալն ու հնարավորինս շատ օգուտներ կորզելն է, իսկ առհասարակ, հասկանալի է, որ Հայաստանն աշխարհակարգին դիմադրելու համար չունի ոչինչ։