Ոստիկանը մերը չէ՝ Նիկոլինն է

Ոստիկանը մերը չէ՝ Նիկոլինն է

Մայրության, գեղեցկության եւ սիրո տոնի օրը կանանց նկատմամբ բռնություն կիրառող ոստիկանը թուրք չէ, այդ ոստիկանն ընդամենը գործիք է: Ոստիկանը գործիք էր նախկինների օրոք, ոստիկանը գործիք է Նիկոլի ձեռքին: Ոստիկանը մեր տիպի երկրներում միշտ է եղել գործիք իշխանությունների ձեռքին ու դեռ երկար կմնա այդպիսին: 2018-ի ապրիլին «ոստիկանը մերն է» բացականչելով՝ մեզ մի պահ թվաց, թե իսկապես այն դադարում է լինել իշխանությունների ձեռքի գործիքը: Մեզ թվաց, թե այսուհետ ոստիկանը կզբաղվի այն գործով, որը նախատեսված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով:

Միամիտ էինք, ոստիկանը ոչ թե դադարեց գործիք լինելուց, այլ ընդամենը Սերժի ձեռքից անցավ Նիկոլի ձեռքը: Ու այլ տարբերակ լինել չէր կարող, քանի որ ոստիկան են դառնում հենց մեր ժողովրդի զավակները: Այն ժողովրդի, որի մտածողությունը շատ խորն ու ցավոտ փոփոխությունների պետք է ենթարկվի, որպեսզի համապատասխանեցվի մեզ պատուհասած մարտահրավերներին ու 21-րդ դարի պահանջներին: 

Իսկ ոստիկանությունն էլ պետք է համապատասխանի այն սահմանմանը, որ տրված է վերը նշված օրենքում: «Ոստիկանությունը… կոչված է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը…»:  

Երեկ եւ այսօր Հայաստանում սահմանման մեջ նշված «մարդ» հասկացությունը վերաբերում է ոչ թե երկրի բոլոր քաղաքացիներին, այլ ընդամենը մեկ մարդու՝ երկրի առաջին իշխանավորին, եւ նրա ցուցումով բոլոր այն «մեկ մարդկանց», ովքեր վայելում են առաջին «մեկ մարդու» անձնական վստահությունը: 

Նույն օրենքում ոստիկանության գործունեության սկզբունքների առումով ասված է. «Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության եւ հրապարակայնության սկզբունքների վրա»: Այդպե՞ս է արդյոք իրականում: Իհարկե՝ ոչ: Ի՜նչ օրինականության մասին է խոսքը, երբ խախտվում են ազատորեն խաղաղ ցույց անելու քաղաքացիների իրավունքները: Պատվի եւ արժանապատվության ի՜նչ հարգանքի մասին կարող է խոսք գնալ, երբ Մայրության, գեղեցկության եւ սիրո տոնին օրը ցերեկով մայրաքաղաքի գլխավոր հրապարակում բռնության են ենթարկվում հայաստանցի մայրեր ու դուստրեր:

Որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վերջապես ունենան այն ոստիկանությունը, որը կկատարի հենց այն գործառույթները, որոնք տրված են նրան օրենսդրությամբ, ՀՀ վարչապետի պաշտոնից պետք է հեռացվի Փաշինյան Նիկոլը: Նա պետք է հեռացվի, որպեսզի երկրի հաջորդ վարչապետը ոչ թե ոստիկանապետ նշանակի իր դասընկերոջը ու նրանից պահանջի անձնական նվիրվածություն, այլ այն արժանապատիվ եւ պրոֆեսիոնալ անձին, որն իր խնդիրը կտեսնի իր ղեկավարած համակարգին օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացումը: 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ