Իշխանությունը գիտակցված հանցագործությա՞ն է գնում

Իշխանությունը գիտակցված հանցագործությա՞ն է գնում

Ի հեճուկս բազում քննադատություններին, երեկ Ազգային ժողովն արտահերթ նիստ հրավիրեց, որի օրակարգում իշխանությունների համար օրախնդիր հարց էր՝ խմբագրում էին իրենց փնթիության ու անգրագիտության հետեւանքները, մասնավորապես՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի խնդրահարույց դրույթը, որը խոչընդոտում էր սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելուն, որ դադարեցվեին ՍԴ երեք անդամների լիազորություններն ու Հրայր Թովմասյանին գահընկեց անեին նախագահի պաշտոնից։

Մինչ իշխող թիմը կշտապեր արտահերթ նիստ հրավիրել, տարբեր կողմերից հորդորում էին չանել դա։ Ոչ թե այն պատճառով, որ սա սահմանադրական հեղաշրջման հաջորդ արարն է, այլ այն, որ սրանով խախտում են իրենց իսկ ընդունած օրենքը՝ կորոնավիրուսի պայմաններում ինքնամեկուսացման եւ մեկուսացման կանոնները խախտելու վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, «Իմ քայլի» 8 պատգամավոր վարակված է կորոնավիրուսով․ այդ փաստը նրանք հաստատել են հրապարակային։ Դեռ մի կողմ թողնենք կասկածները, որ նրանցից մի քանիսը վարակված են եղել մինչեւ հունիսի 22-ը եւ այդ օրը խորհրդարան էին եկել սահմանադրական փոփոխություններն անցկացնելու՝ առնվազն հիվանդության ախտանշաններ ունենալով, սակայն հունիսի 23-ից սկսած՝ պատգամավորներն իրենք են հրապարակայնացնում իրենց վարակվածության փաստը։ Իսկ դա նշանակում է, որ ոչ միայն իմքայլական 8 պատգամավոր պետք է մնար տանը, այլեւ առնվազն կրկնակի ավելի՝ նկատի ունենալով, որ վարակվածների առնվազն երկու կողմում նստածները պետք է հետեւեին օրենքին եւ իշխանության հորդորներին ու 14-օրյա կարանտին պահպանեին։ Եթե այդքան մարդ ինքնամեկուսանար եւ չգնար խորհրդարան, ապա սահմանադրական օրենքները չէին կարող ընդունել, քանի որ դրա համար 79 ձայն էր պետք։

Հիշեցնենք, որ վարակված պատգամավորներն են Հայկ Գեւորգյանը, Ծովինար Վարդանյանը, Հակոբ Սիմիդյանը, Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Արեն Մկրտչյանը, Կարեն Համբարձումյանը եւ Լիլիթ Ստեփանյանը։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, երեկ պատասխանելով հարցին, թե ինչու վերջիններիս հետ շփում ունեցածները չեն մեկուսացել, ինչը պահանջում է կարգը, հայտարարեց, որ բազմաթիվ պատգամավորներ, ովքեր պոտենցիալ կոնտակտավոր են, հայտարարել են, որ թեստ են հանձնել, պատասխանը բացասական է եղել: Մինչդեռ նույն վարչապետն ու առողջապահության նախարարը բազմիցս հայտարարել են, որ հիվանդությունն ունի գաղտնի շրջան, եւ այն կարող է ի հայտ գալ 14 օր անց, իսկ այս պարագայում ընդամենը մեկ շաբաթ է անցել այն օրից, երբ իշխանական պատգամավորները հրապարակում են իրենց վարակվելու մասին։

Մեկ այլ իրավաբան՝ Նիկոլայ Բաղդասարյանն էլ իրենց հանցանքը փորձեց որպես սխրագործություն ներկայացնել, թե «Իմ քայլը» դաշինքի անդամները, ի տարբերություն մյուս պատգամավորների, իրենց առողջության, կյանքի հաշվին փորձում են գալ աշխատանքի եւ ապահովել պետության բնականոն գործընթացը։ «Պետության ղեկավարման հետ կապված խնդիրներ կան, եւ դրանց մեջ դու՝ որպես պատգամավոր, դերակատարում ունես, կամովին ես ստանձնել այդ պաշտոնը եւ պարտավոր ես գալ նիստի ու պարտքդ պետությանը, ժողովրդին կատարել: Եթե չլիներ այդ պարտքը, հաճելի կլիներ գնալ մի վայր, որտեղ վարակվելու հնարավորությունը շատ ավելի քիչ է, բայց ստիպված պետք է գալ»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե վարակակիր չլինելու դեպքում էլ, եթե կոնտակտավոր ես, պետք է մեկուսացած լինես 14 օր, իսկ ինքնամեկուսացման կանոնները խախտողները քրեորեն պատժելի արարք են կատարում, պատգամավորն ասաց, որ քանի դեռ այդ մարդկանց պարտադիր չեն մեկուսացրել, իրենք օրենք չեն խախտել։ 

ԼՀԿ խմբակցության իրավաբան պատգամավոր Տարոն Սիմոնյանի կարծիքով, ցանկացած պարագայում այստեղ անելիք ունի Գլխավոր դատախազությունը․ նա պիտի պարզի՝ «նրանց ինքնամեկուսացման պահանջ ներկայացվե՞լ է, թե՞ ոչ, եթե ներկայացվել է, չեն մեկուսացել, դա քրեական գործի հիմք է, իսկ եթե չի ներկայացվել, ապա այդտեղ դիտավորություն չկա»։

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, մինչդեռ, կարծում է, որ հատուկ զգուշացման կարիք չկա, վարչապետից սկսած, վերջացրած պարետով եւ առողջապահության նախարարով, առավոտից երեկո զգուշացնում-հորդորում են, թե ինչ պետք է անեն վարակակիրները, ինչ՝ կոնտակտավորները։ «Իսկ եթե պետք է լիներ որեւէ մեկը, ով պիտի պարտադիր մեկուսանալու հանձնարարություն տար, բայց չի արել, ապա այդ անձն էլ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»,- մեզ հետ զրույցում ասաց նա։ Ավելի ուշ Ֆեյսբուքում գրեց․ «Այս անգամ քվեարկությունը ոչ միայն հակաիրավական է, այլեւ հակաբարոյական՝ կորոնավիրուսով հիվանդ պատգամավորներ կան, ու մյուսները պիտի մեկուսացված լինեին։ Չշաղակրատեք ու անկապ բաներ ասեք։ Ու եթե քվորումի համար բերեք, նշանակում է՝ դուք ոչ միայն խախտում եք ձեր իսկ սահմանած կանոնները, այլեւ իրավական ու բարոյական հիմք եք ստեղծում, որ ՈՉ ՄԵԿ չենթարկվի ձեզ։ Եթե ձեզ համար սա է օրհասական պահ, ապա դուք անմարդկային էակներ եք, ում համար հակաիրավական կապրիզն ավելին արժե, քան մարդկային կյանքը»։

Ի՞նչ է ասում օրենքը․ Նախ տալիս է «Ինքնամեկուսացում» եզրույթի սահմանումը, այն է՝ «ինքնամեկուսացում» համարվում է անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի, կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով: Արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանք՝ 100-250 հազար դրամի չափով, իսկ եթե դրա ընթացքում անզգուշությամբ վարակել են այլ անձի, պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչեւ 2 տարի ժամկետով, մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։