Բնականաբար, որոշակի դժգոհություն մնաց «Գազպրոմի» մոտ

Բնականաբար, որոշակի դժգոհություն մնաց «Գազպրոմի» մոտ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր որոշմամբ՝ հուլիսի 19-ից գազը կթանկանա մոտ 4.5 տոկոսով։ Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» հայտ էր ներկայացրել 11 տոկոսով գազը թանկացնելու վերաբերյալ, սակայն հանձնաժողովը նպատակահարմար է գտել 4.5 տոկոսով թանկացնել։ Բայց այդ թանկացումը, ըստ հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի, բնակչության վրա ազդեցություն չի ունենալու, այլ միայն խոշոր տնտեսությունների վրա։ Նշենք, որ «Գազպրոմ Արմենիային» ՀԾԿՀ-ի այս որոշումն այնքան էլ չի գոհացրել, բայց ստիպված է եղել համակերպվել։

«Եթե կոնկրետ թվերով եք ուզում, 242 դրամը դառնում է 255.9 դրամ, սա՝ մեծ արդյունաբերության ձեռնարկությունների դեպքում՝ 10 հազար խմ եւ ավելի գազ օգտագործողների, եւ ջերմակայանների դեպքում, ընդ որում՝ ջերմակայաններինն էլ օգոստոսի 1-ից է ուժի մեջ մտնում։ Իսկ ջերմոցների եւ գյուղատնտեսական վերամշակող կազմակերպությունների համար 212-ից դառնում է 224 դոլար»,-ասաց պարոն Բաղրամյանը։

Հարցին՝ այս թանկացումը, վերջին հաշվով, բնակչության վրա չի՞ անդրադառնալու, ի վերջո, գազի թանկացմամբ նաեւ ապրանքների ինքնարժեքը կթանկանա, Բաղրամյանն ասաց․ «Էներգետիկայի մասով հենց այսօր որոշում է կայացվելու, որ ներքին ռեսուրսների հաշվին չի թանկանալու, այսինքն՝ ջերմակայանների գները բարձրանում են, բայց ատոմակայանի հզորության որոշակի նվազեցման արդյունքում էդ հարցը փակվում է մինչեւ առնվազն փետրվարի 1-ը։ Իսկ փետրվարի 1-ից արդեն շատ գործոններ են փոխվում․ դա առանձին պետք է նայվի։ Ինչ վերաբերում է տնտեսության մյուս ճյուղերին, դա չեմ կարող ասել։ Այսինքն՝ էդ բարձրացումը չեմ կարծում, որ տենց մեծ տոկոս է»։
Իսկ կարողացա՞ն սակագնի հարցում հեշտ կոմպրոմիսի գալ «Գազպրոմ Արմենիայի» հետ։
«Կոմպրոմիսի խնդիր չունենք, մենք մեր հաշվարկներն ենք ներկայացնում, վերջնական խոսքը հանձնաժողովի որոշմամբ է կայանում, բնականաբար, որոշակի դժգոհություն մնաց «Գազպրոմի» մոտ, բայց հիմա թե ինչքանով, դա չեմ կարող ասել։ Համենայնդեպս, մեր աշխատակազմի ներկայացրած արգումենտներն իրենց այդքան էլ համոզիչ չեն եղել։ Ինձ թվում է՝ քննարկվել է էդ հարցը»,- ասաց ՀԾԿՀ նախագահը։