Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը խրվում է պարտքերի մեջ

Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը խրվում է պարտքերի մեջ

Եվրոպայի խոշորագույն տնտեսություն ունեցող Գերմանիան որոշել է վերջնականապես հրաժարվել «սեւ զրոյի» քաղաքականությունից եւ ռեկորդային ծավալի պարտքեր վերցնել։ Այս մասին հայնում է Reuters լրատվական գործակալությունը։ Մասնավորապես, 2021 թվականին Բեռլինը մտադիր է պարտք վերցնել 100 միլիարդ եվրո եւ այն ուղղել կորոնավիրուսային համավարակի հետեւանքների հաղթահարմանը։ Դա արվելու է պետական արժեթղթերի թողարկման միջոցով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախատեսվում էր թողարկել 80 միլիարդ եվրոյի պետական արժեթղթեր, սակայն այժմ կարծես թե այդ թիվը որոշել են եւս 20 միլիարդով ավելացնել։

Նշենք, որ համավարակով պայմանավորված, գերմանական տնտեսությունը այժմ ամենամեծ անկումն է ապրում, սկսած 1970-ական թթ։ Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում այն կրճատվել է 10,1 տոկոսով, հունվար-մարտ ամիսների համեմատությամբ։ Կառավարությունը այսպիսով ստիպված է սկսել աջակցության լայնածավալ ծրագիր, որն արտահայտվելու է ընկերություններին սուբսիդիաների վճարման տեսքով, պայմանով, որ վերջիններս կպահպանեն աշխատատեղերը։