«Իմքայլական ազգընտիրների» անձնականի եւ«պաշտոնականի» խնդիրը

«Իմքայլական ազգընտիրների» անձնականի եւ«պաշտոնականի» խնդիրը

Վերջերս «իմքայլական ազգընտիրներից» մեկը խոստովանել էր, որ իր անձնական դիրքորոշումները կարող են չհամընկնել պաշտոնական, այսինքն՝ պատգամավորական դիրքորոշման հետ: Անկեղծորեն՝ արդեն վստահ չեմ, թե որ մեկն էր, բայց հիշում եմ զարմանքս, քանի որ ասողը հազվադեպ գրագետ պատգամավորներից մեկն էր: Որեւէ մեկի անունը տալ չեմ ցանկանում, որպեսզի ոչ մեկը չմտածի, թե խոսքն իր մասին է, ու չստացվի, որ իմքայլական խմբակցությունը բաղկացած է համատարած գրագետ պատգամավորներից: Շարունակեմ. այդ մեկը նրանցից է, որ հաստատ գիտի, որ պատգամավորը գործում է եւ այդ թվում՝ նաեւ քվեարկում է խղճի մտոք, եւ ինքը մահվանից հետո դրախտ ընկնելու համար պետք է պատասխանի հրեշտակի այն հարցին, թե իրո՞ք խղճի մտոք է քվեարկել խորհրդարանում: Ինչեւէ: Այդ պատգամավորը միաժամանակ հաստատ տեղյակ է, որ եթե խղճի մտոք եւ զանգվածային քվեարկության դիրքորոշման միջեւ առկա է հակադրություն, ապա դա նշանակում է, որ զանգվածային քվեարկության գործընթացը ոչնչով չի տարբերվում փողոցային ամբոխի վարքագծից:

Ինքը, ենթադրում եմ, չէր ցանկանա, որպեսզի որեւէ մեկը դիտարկեր նրան որպես տվյալ դեպքում կառավարելի ամբոխի մաս: Այդ պատգամավորը նաեւ գիտի, որ քաղաքականապես չնչին չափով անգամ հիմնավորված չէ նույն անձին, որը ներկայանում է որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, առաջին անգամ մերժելուց հետո երկրորդ անգամ չմերժելը: Եվ դա այն դեպքում, երբ առաջին եւ երկրորդ քվեարկությունների արանքում երկրում, իր կամ նրա կյանքում չի կատարվել որեւէ լուրջ փոփոխություն, ինչը կարդարացներ սեփական դիրքորոշման փոփոխությունը: 

Ի վերջո, այդ պատգամավորը հաստատ հիշում է, որ բազմիցս հենց «խղճի մտոքի եւ պաշտոնականի» հակադրությամբ էր ինքն իրեն արդարացնում նախկին իշխանության օրոք գործող խորհրդարանների անդամների մեծ մասը, ու հեղափոխություն պատահեց հենց նաեւ այդ երեւույթը վերացնելու նպատակով: Հիշում է, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հոգնել էինք կեղծիքից, որ շրջապատում էր մեզ ամենուրեք, ամեն քայլափոխի, հոգնել էինք իրականի ու պաշտոնականի հակադրության դրսեւորումներից, որ ցանկանում էինք մեր փոքրիկ երկրում ապրել իրական կյանքով՝ զերծ կեղծ եւ իմիտացիոն արժեքներից ու գործընթացներից: Ու հենց այդ պատճառով մենք «ոչ» ասացինք այն ժամանակվա գործող իշխանությանը՝ դարձնելով նրան նախկին, «ոչ» ասացինք այն ամենին, ինչը մեզ մեր երկրում դարձնում էր երկրորդ սորտի քաղաքացիներ: Ու հենց այդ պատճառով ինքը եւ իր նմանները (կամ իրեն չնմանվողները) հայտնվեցին այնտեղ, որտեղ կան այսօր, ու որոշում են կամ գոնե ձեւ են անում, թե որոշում են մեր բոլորի ճակատագրերը: Ցավում եմ, բայց ստացվել է, որ մեր ճակատագրերը մենք չենք հանձնել նրանց, ովքեր կլինեին իսկապես արժանի:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ