Ատելությունը ծնում է ոչ թե հաղթանակ, այլ՝ սպանդ

Ատելությունը ծնում է ոչ թե հաղթանակ, այլ՝ սպանդ

Ես չգիտեմ՝ արեւմտյան ժողովրդավարության մեջ ընդունվա՞ծ է, արդյոք, պետության ղեկավարության կողմից քաղաքական հակառակորդի նկատմամբ այնպիսի վերաբերմունք, ինչպիսին մենք տեսնում ենք այսօր Հայաստանում: Չգիտեմ՝ քրիստոնեական քաղաքակրթության տարածքի երկրներում ներքին փոխհարաբերություններում կա՞ն, արդյոք, ինստիտուցիոնալ արգելքներ՝ դիմացինին գոտկատեղից ցած հարվածելու առումով, թե՞ չկան: Բայց ես տեսնում եմ, որ այդ չափանիշներով, ինչպիսին ես եմ դրանք պատկերացնում, մենք չենք համապատասխանում ո՛չ արեւմտյան ժողովրդավարության եւ ո՛չ էլ քրիստոնեական քաղաքակրթության դրվածքներին: 

29 տարի առաջ մենք ձեռք ենք բերել անկախություն, այդ տարիների ընթացքում ոչ միայն պատերազմել ենք արտաքին թշնամու դեմ, այլեւ ինքներս մեր դեմ՝ ներքին թշնամիներ կամ տականքներ, կամ սեւեր ու վնգստացնողներ փնտրելով ու գտնելով: Այդ դեպքում մեր երկրի ղեկավարները պետք է վարվեն ճիշտ այնպես, ինչպես վարվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ այժմ էլ՝ Նիկոլ Փաշինյանը: Երբ 2018-ի գարնանը մենք դուրս եկանք փողոցներ, ինձ թվում էր, որ բազմաթիվ կարեւոր այլ հարցերի հետ մեկտեղ  կփակենք ներքին ատելության էջը, սակայն հեղափոխությունից հետո իշխանության եկած ուժն անընդհատ այդ առումով ցույց է տալիս «հակամաստեր կլաս»՝ պետական ինստիտուտները դարձնելով «քուչի բազար»:

29-ամյա անկախության մեր պատմությունը ոչինչ չսովորեցրեց մեր երկրի ղեկավարությանը՝ ներքին ատելությունը չի տանում որեւէ կողմի մշտական հաղթանակին, ատելությունը միտում ունի ավարտվելու սպանդով. ատելությունը ծնում է ոչ թե հաղթանակ, այլ՝ սպանդ, վկա՝ մեր հայրենիքի ոչ վաղ անցյալը: Իսկ դա ոչ թե զարգացման, բարեկեցության գրավական է, այլ դրա հակառակը: Սա պետք է առաջին հերթին իմանա երկրի ղեկավարը, հետո՝ նրա շրջապատը եւ ամենավերջում՝ ընդդիմությունը, քանի որ երկրի ղեկավարն է տոն տալիս կամ փակում ատելության խոսքն ու վարքագիծը: Ես չեմ կարծում, որ եթե նա տոն է տալիս, ուրեմն հզոր է, եւ հակառակը: Հենց իրապես հզոր ղեկավարը կարող է փակել ատելության խոսքը եւ չդիտարկվել որպես թույլ, իսկ իրապես ոչ հզորը միշտ էլ կարող է շարունակել ատելության խոսքը, քանի որ նրա ձեռքի տակ է գտնվում իրավապահ համակարգը: 

Կանգ առե՛ք, պարոնայք, դուք այսօր կաք, վաղը չեք լինի, սակայն ձեր վարքագծով հարցականի տակ եք դնում երկրի եւ հայոց պետականության վաղվա օրը: Եվ դրա համար ձեր մասին 50 կամ 100 տարի անց կխոսեն ոչ թե հիացմունքով, այլ՝ ատելությամբ ու անեծքով: Խելքը գլխին ոչ մի անձ, էլ չեմ ասում՝ երկրի ղեկավար, չի ցանկանա, որ սերունդները նրան հիշատակեն անեծքով: Մենք պետք է դաս քաղենք գոնե մեր պատմությունից՝ 100 տարի առաջ մենք տարածքներ կորցրինք ու, ի վերջո՝ նաեւ պետականություն, հենց ներքին ատելության պատճառով: