Դուխ եմ ասել

Դուխ եմ ասել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Գագիկ Ծառուկյանի գրառմանը. «Պարոն Ծառուկյանն առաջարկում է սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան բարձրագույն պաշտոններ զբաղեցնել։ Լիովին համաձայն եմ։ Կարծում եմ՝ պետք է ֆիքսել նաեւ մտավոր եւ ինտելեկտուալ լուրջ խնդիրներ ունեցող անձանց պարագան։ Իսկապես արժի»: Աներձագ Հրաչի այս գրառումն ինձ հիշեցրեց Ալեն Սիմոնյանի եւ նույն աներձագ Հրաչի ակցիան՝ կապված Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող պաստառի հետ: Ի՞նչ է պատահել իմքայլականներին, այս ի՞նչ համերաշխություն են դրսեւորում ընդդիմության նկատմամբ՝ պրոպագանդում են ԼՀԿ-ի պահանջը, իրենց համաձայնությունն են հայտնում ԲՀԿ առաջնորդի կարծիքին… Չլինի՞ իրավիճակ է փոխվում: Իշտահիդ քացախ, Էդիկ Անդրեասյան… Իմքայլականները պարզապես մայմունությամբ են զբաղված, ուրիշ ոչինչ:

Այսուհանդերձ՝ փորձենք մտորել աներձագ Հրաչի փայլուն գրառման շուրջ: Բայց նախ՝ մի նկատառում: Ճիշտ է, այդ գրառումը երեւացել է աներձագի ֆեյսբուքյան էջում, բայց ես մտահոգություն ունեմ, որ դա նրա խելքի բանը չէ, ոչ էլ գրագիտության դրսեւորումը: Կա՛մ Նիկոլն է գրել՝ ձեռը տվել, կա՛մ «ՀԺ»-ի «օտարանդի» գրագետներից մեկը: Ինչ որ է, կարեւորն այստեղ բովանդակությունն է: Եվ, ուրեմն, իշխող խմբակցության «մտավոր եւ ինտելեկտուալ» ամենալուրջ խնդիրներով հայտնի ներկայացուցիչներից մեկն առաջարկում է սահմանադրությամբ «ֆիքսել», որ մտավոր եւ ինտելեկտուալ լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան բարձր պաշտոններ զբաղեցնել: Բայց քանի որ ՀՀ քաղաքական դաշտում ցայժմ հստակեցված չեն անձի մտավոր եւ ինտելեկտուալ զարգացման աստիճանը որոշող չափորոշիչները, կուզենայինք իմանալ՝ իրավունք ունե՞ր, արդյոք, չստացված դերասանն իր մտավոր եւ ինտելեկտուալ կարողություններով հայտնվել խորհրդարանում, եթե նա վարչապետի աներձագը չէ: Իրավունք ունե՞ր բանջարաբոստանային կուլտուրան զբաղեցնել ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը, եթե չունի այնքան մտավոր եւ ինտելեկտուալ կարողություն, որ Թումանյանից մի քառյակ անգիր անի, իրավունք ունե՞ր մի ծաղրածու, որ ասպիրինն անալգինից չի տարբերում, հռչակվել ՀՀ առողջապահության նախարար…

Վերջապես՝ իրավունք ունե՞ր մի մարդ, որ իր երեկվա հայտարարություններն անգամ չի մտապահում եւ պատեհ առիթով հրաժարվում է իր ասածներից, նստել ՀՀ վարչապետի աթոռին:
Հաշվի առնելով այս իրողությունները՝ մեծ սիրով միանում եմ Գագիկ Ծառուկյանի եւ աներձագ Հրաչի գրառումներին: Այո, մեր Սահմանադրությունը հոգեկան, մտավոր եւ ինտելեկտուալ խնդիրներ ունեցող մարդկանց պետք է արգելի բարձր պաշտոններ զբաղեցնել: Դա մեզ կօգնի շատ խնդիրներից ազատվել: Այլապես ինչի՞ նման է, երբ մարզպետը չգիտի, թե հեկտարն ինչ է կամ՝ ցենտները: Մեզ պե՞տք է այդպիսի մարզպետ կամ մարզպետներ: Գնացեք Լոռու մարզ: Այդ մարզում երկու խնդիր կա ընդամենը՝ մեկը կորոնավիրուսն է, մյուսը՝ մարզպետը, որ գյուղերը թրիքի միջից հանելու փոխարեն Վանաձորի քաղաքապետի դեմ է պայքարում:

Երեւանի քաղաքապետից դժգոհելու պատճառ, կարծում եմ՝ չունենք: Այդ պաշտոնը բարձր պաշտոն համարելն էլ ճիշտ չէ, քանզի Հայկոն ընդամենը վարչապետի հայելային արտացոլանքն է՝ նույն մոռացկոտը, նույն թեթեւսոլիկը, նույն լպիրշը, նույն լկտին, նույն անդաստիարակը: Աշխարհի շատ երկրներում Երեւանի պես մի քաղաքի խորհրդապահական քաղաքապետ կարող են ընտրել այծին, եւ այդ քաղաքը կբարգավաճի, որովհետեւ տվյալ երկիրն ունի նորմալ կառավարություն եւ նորմալ վարչապետ: Երեւանի պարագայում, ինչպես տեսնում ենք, քաղաքապետը կարծես իսկական է, բայց նույնիսկ խորհրդանիշ-այծի արժեք չունի: Հուսանք, սակայն, որ ապագա սահմանադրությամբ Երեւանի քաղաքապետը եւս կհամարվի բարձրաստիճան պաշտոնյա, եւ նրա վրա եւս կտարածվեն վերը նշված պահանջները, այն է՝ չլինել հոգեկան հիվանդ, չունենալ մտավոր եւ ինտելեկտուալ խնդիրներ:

ՀԳ. Մի մտահոգություն ունեմ միայն: Եթե այնպես ստացվի, որ Սահմանադրության մեջ այսօր-վաղը ֆիքսվի քննության առարկա դրույթը, չի բացառվում, որ «Իմ քայլը» խմբակցությունում եւ ՀՀ կառավարությունում բազմաթիվ թափուր տեղեր առաջանան, գուցե մնանք նաեւ առանց իշխանության: Եվ ես ուղղակի զարմանում եմ աներձագ Հրաչի համարձակության վրա, որով նա գնդակը «տշում է» դեպի իրենց կիսադաշտ: