Վազգեն Մանուկյանը մեր թեկնածուն չէ

Վազգեն Մանուկյանը մեր թեկնածուն չէ

«Հրապարակի» զրուցակիցը «Ալյանս» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է։

- Պարոն Ուրիխանյան, Դուք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես գալի՞ս եք։ 

- Դուք հարցը տալիս եք մարդու, որն Ազգային ժողովում դատարկ թուղթ՝ բլանկ տվեց վարչապետին՝ հրաժարականի դիմում գրելու համար։ Հիմա դրանից ավելի պատկերավոր ներկայացնել հրաժարականի պահանջը, կարծում եմ, դժվար է։ Այդուհանդերձ, կուսակցության ներքին վերակառուցման նպատակով տարվա վերջում հրավիրված համագումարի ժամանակ հռչակվեց շատ պարզ, շիտակ եւ ուղիղ, որ պայմանավորված ժողովրդի կենսամակարդակի վիճակով, չկատարված խոստումներով, խաբեությամբ, բնականաբար՝ նաեւ համազգային եւ համապետական աղետով, իշխանությունը պետք է հեռանա։

- Դուք ի՞նչ եք անում, որ նա հեռանա։

- Հունվարի 30-ին կազմակերպված ակտիվի մեծ համաժողովին հրաժարականի պահանջը վերահաստատվեց, ներկայացվեց նաեւ մեր քաղաքական պլատֆորմի շրջանակներում։ Այն, ինչ մենք առաջարկում ենք․․․, նախեւառաջ նոր քաղաքական կուրս ներսում եւ նոր քաղաքական կուրս՝ առավել եւս դրսում՝ արտաքին հարաբերությունների ուղղությամբ։ Առաջին քայլը պետք է լինի իշխանությունների հրաժարականը, ապա նոր այնպիսի իշխանություն ձեւավորելը, որը կարող է դա անել, ցանկանում է եւ ունակ է։ «Ալյանսն» ընդդիմադիր քաղաքական ուժ է, ինչպիսին որ եղել է ստեղծման օրվանից, վերջին 6 տարվա ընթացքում, եւ մեր գործողությունները հենց հրաժարականին էլ ուղղված են։ Մեր ամենօրյա գործողություններն ուղղված են դրան։ Վաղը մենք կուսակցության վարչության ակտիվ կազմի որոշ ներկայացուցիչներով մեկնելու ենք մեկ, հաջորդ օրը՝ մյուս մասնաճյուղի բացմանը, հանդիպելու ենք համապատասխան բնակավայրերում մեր ներկայացուցիչների հետ եւ խոսելու ենք հենց սրա մասին։ Իշխանափոխությունից հետո պետք է ձեւավորվի համապատասխան օգտակար գործողության գործակից, միտք, խելք, փորձառություն, հմտություն, նաեւ սիրտ ու հոգի, հայրենասիրություն ունեցող կաբինետ, կառավարություն, իշխանություն։ Վերջապես՝ մի իշխանություն, որը կգնա նոր միութենական ձեւաչափի ստեղծման ճանապարհով, այսինքն՝ բանակցային նոր գիծ ու ճանապարհ կբռնի, որպեսզի Հայաստանի հարատեւ եւ կայուն անվտանգության հարցը երաշխավորվի, եւ տնտեսական աճի թռիչքային հնարավորություն լինի, որովհետեւ մեզ, բացի այս աղետից, սպասվում է մեծ սով, մեծ տնտեսական ու սոցիալական աղետ, դա էլ սարերի հետեւում չէ, արդեն երեւում է իրավիճակը։

- Հայրենիքի փրկության շարժումը ցույցեր, հանրահավաքներ է անում, դուք ինչո՞ւ չեք անում։

-  Գնալ առանձի՞ն, թե՞ գնալ իրենց հետ։

- Կա՛մ իրենց հետ, կա՛մ առանձին։

- Իրենց հետ գնալու նպատակահարմարություն չկա, որովհետեւ իրենց հետ չկա առնչություն, որովհետեւ մեզ համար հասկանալի չէ անելիքը իշխանություն վերցնելուց հետո։ Լավ, այն, որ այս իշխանությունից պետք է ազատվել, դա միանշանակ է, ազատվեցինք, հետո ովքե՞ր են ձեւավորելու հաջորդ կաբինետը։

- Վազգեն Մանուկյանը։

- Մենք չունենք այդպիսի թեկնածու։

- Ո՞վ է ձեր թեկնածուն։

-  «Ալյանսը» չունի թեկնածու, «Ալյանսը» չի խոսում թեկնածուի մասին, մենք ընդամենը հայտարարել ենք, որ ընտրությունների պարագայում մասնակցելու ենք սեփական ցուցակով, ինչը, ըստ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի տրամաբանությամբ նշանակում է, որ սեփական թեկնածուով, բայց Վազգեն Մանուկյանը չէ այն թեկնածուն, որին մենք կհռչակենք։ Հիմա դա լավ է, վատ է, դա ոմանց դուր է գալիս, թե ոմանց դուր չի գալիս՝ այսպիսին է մեր դիրքորոշումը։ Հայաստանում կան մարդիկ, որոնք ճիշտ նույնկերպ չեն մտածում, ինչպես մտածում են կա՛մ ընդդիմության ներկայացուցիչները, կա՛մ իշխանության ներկայացուցիչները։ Այո՛, կա իշխանություն, կա՛ ընդդիմություն, բայց եւ կա «Ալյանս», ու կան այլ ուժեր, եւ թող մեր ընդդիմադիր գործընկերները գոհացած լինեն այն ընդդիմադիր գործունեությամբ, որն իրականացնում ենք մենք, կամ առնվազն չվերաբերվել խանդով, մրցակցությամբ եւ այլն։