Կորոնավիրուսի պատճառով որոշ ապրանքների թանկացումը տեսականորեն բացառված չէ

Կորոնավիրուսի պատճառով որոշ ապրանքների թանկացումը տեսականորեն բացառված չէ

Շաբաթ լույս կիրակի առավոտ  անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բերանից Հայաստանում  կորոնավիրուսի 1-ին դեպքի հաստատման լուրը (սպասված՝ այնքանով, որ բոլորը վստահ էին, որ այն արդեն Հայաստանում է ), միանգամից գոլորշու նման բաց թողնվեց  այն ներքին անհանգստությունը, որ կար Չինաստանից  դուրս եկած և իր ճանապարհին մի քանի հազար մարդու կյանք խլած այս անծանոթ  հիվանդության հանդեպ։Հեռուստացույցից ու կայքերից  լսվող «կորոնավիրուս» բառը  հիմա արդեն կարելի է լսել նաև մայրաքաղաքի  փողոցներում  տարբեր մարդկանց խմբերի մոտով անցնելիս։ Այսօր հեռախոսով ընկերուհու հետո խոսող բժշկուհին անհանգստություն էր հայտնում, որ «տեստերը շատ քիչ են»։ Մարդիկ էլ խորհուրդ են տալիս հեռու գնալ հասարակական վայրերում հազացող ու փռշտացող մարդկանցից։

Հայաստանում  կորոնավիրուսի  առկայության լուրը նաև որոշ մարդկանց խուճապային տրամադրությունները վերհանեց։ Մանսավորապես, երեկ մայրաքաղաքի կենտրոնում՝ Պուշկինի 43 հասցեում գտնվող մթերային խանութներից մեկում անսովոր տեսարանի ականատես եղանք․ դիմակներով ընտանիքը՝ մայր, դուստր, որդի կամ փեսա, գնեցին 60 հազար դրամի ձեթ, ալյուր, շաքարավազ, ձավարեղեն, ձու ու կարագ։ Մարդիկ ակնհայտորեն պարենի պաշար էին տեսնում։ Վերջում էլ, երբ այդ գնումները դրամարկղի միջով անցկացնելու պատճառով խանութում հսկա հերթ էր գոյացել, մայրը հարցրեց՝ մառոժնի առե՞լ եք։ Գնեցին նաև խանութի ողջ պաղպաղակը։ Հերթում կանգնած մի տղամարդ հեգնանքով նետեց՝  «մառոժնին կորոնավիրուսին հեչ լավ չի»։ Դեհ, իսկ խանութի աշխատողներն էլ ակնհայտորեն ուրախացել էին անսպասելի առևտրից։

Նաև բժիշկ Արմեն  Աստվածատրյանն էր ուղիղ եթերով պատմել, որ ինչ-որ մարդիկ սրբել էին  «Աքաղաղ» խանութը։ Այստեղից «Հրապարակի»-ին  հայտնեցին, որ, այո,  առաջին օրը մի թեթև խուճապ է եղել ու մարդիկ գնել են իրենց մսամաթերքը, թռչնամիսն ու մսային այլ տեսականին։ Միայն այդքանը։ Երեկ առավոտյան արդեն ցուղափեղկում կար պահանջարկված մսամթերքը։ Այլ խանութներում՝ ևս  «Պարմա», «Սաս» այսօր ևս պարենային ապրանքների սովորական տեսականին էր՝ սովորական քանակներով։ Իհարկե, սրանք առանձին դեպքեր են։

Հարցրեցինք նաև մասնագետի կարծիքը՝ ինչպե՞ս ենք մենք՝ հայերս, մեզ պահում մեր համար անհասկանալի ու անգամ արտակարգ իրավիճակում։ Հոգեբան Սամվել Խուդոյանը,  որը հայերին ու հրեաներին համարում է առավել «տագնապային ժողովուրդ», այս անգամ հաճելիորեն զարմացած է, քանի որ նրա գնահատմամբ՝ ավելի շատ զգուշավորություն է, քան խուճապ։ Երեկ նա մարդկանց վարքագծի դիտարկումներ է արել  «Սիթի»-ում,  «Քարֆուրում», «Կրպակում» և երկու  «Զովք» սուպերմարկետներում։ Ասում է․ «Բացարձակ անտարբեր, սպասողական վիճակ,  զգուշություն ոնց որ,  որը կարծում եմ՝ գնալով բարձրանում է, բայց էլի որ նայես՝ դիմակով մարդկանց չես տեսնի, շատ քիչ։ Միակ բանը էդ դիմակների դեֆիցիտն է, որը շատերն էլ ասում են անիմաստ է»։

Տեսականորեն կարող են առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներ լինել

Այնուամենայնիվ, վիրուսի տարածման դեպքում տանից դուրս չգալու համար մթերքի մեծ պաշարներ տեսնելը պարենային խնդիրներ առաջացրել է Իտալիայի հյուսիսում։ Իսկ կա՞ վիրուսի սահմանների ընդլայնման դեպքում ներկրման սահմանափակումների հավանականություն։ Հարցն ուղղում ենք տնտեսագետ Վահագն Խաչատրյանին, որը հարցին պատասխանեց նաև հոգեբանական տեսանկյունից՝ ասելով․ «Կարծում եմ՝ այդ տեսարանները միայն Երևանում չեն կամ Հայաստանում։ Այս ընթացքում նման տեսարաններ հենց Չինաստանում ենք տեսել, հետո՝ Եվրոպայում, նույն Իտալիայում։ Դա մարդկային վարքագծի հետ է կապված որ երկրում ուզում է լինի։ Վտանգ է տեսնում, միանգամից մտածում է, որ ավելի լուրջ խնդիրներ չունենալու համար շուկայում սկսում է իրեն ակտիվ,կամ՝ ագրեսիվ դրսևորել ու առաջին անհրաժեշտության ապրաքնների գնումներ է կատարում»։ Պարզվում է՝ շուկայում սպառողի ագրեսիվ դրսևորելը մասնագիտական՝ տնտեսագիտական ձևակերպում է։

Այնուամենայնիվ, Վահագն Խաչատրյանը այնքան էլ հաճելի բաներ չունի ավելացելու։ Ասում է, որ հաշվի առնելով հարևան երկրներում՝ Վրաստանում ու Իրանում կորոնավիրուսի առկայությունը, և այն, որ Իրանի հետ այսօր արդեն մտածում ենք վիզային ռեժիմը փոխելու մասին, կան սպառողների ագրեսիվ պահվածքի համար նաև օբյեկտիվ մտավախություններ։  «Քանի որ այդ խնդիրը կարող է առաջանալ, որ մատակարարները դադարեցնեն, դա էլ որոշակի ապրանքների դեֆիցիտ առաջացնի և որն էլ մարդկանց մոտ հասկանալի պատճառներով անհանգստություն առաջացնի։ Բայց կարծում եմ՝ կարևորը, որ համապատասխան մարդիկ՝ բիզնես ներկայացուցիչներն ու պետական պաշտոնյաները մարդկանց հանգստացնեն ու համապատասխան հայտարարություններ անեն, որովհետև հակառակ դեպքում կունենանք էն պատկերն, ինչ-որ այս դիմակների։
Մի քանի անգամ գները կարող են թանկանալ և խուսափելու համար, նորից եմ կրկնում՝ բիզնես ու պետություն համատեղ գործողություններով քաղաքացիներին ուղղություն տալն է։ Կարծում եմ՝ էդ ուղղությամբ էլ գնում են իրենց գործողությունները»,-ամփոփեց տնտեսագետը։

Այնուամենայնիվ,  հաշվի առնելով դիմակների դեֆիցիտն ու մի քանի հարյուր անգամ թանկացված գները, Վահագն Խաչատրյանը, գոնե  տեսականորեն չի բացառում որոշ ապրանքների թանկացման հնարավորությունը։

Կորոնավիրուսն ու Ֆեյսբուքը

Կորոնավիրուսի թեման, բնականաբար, Ֆեյսբուքում էր։ Առողջապահության նախարարի հրաժարականը պահանջող գրառումներից մինչև հումոր, թե «ինչքան նավս կար «Գոլդեն Փելեսի»
վրա» ու նաև քաղաքական սև հումոր սահմանադրական «այո»-ի կողմնակիցների կողմից, որ «Գնանք հազանք Սահմանադրական դատարանի պատերի վրա»։