Փորձաքննությունը պետք է պարզի տեղի ունեցածի պատճառները

Փորձաքննությունը պետք է պարզի տեղի ունեցածի պատճառները

Կիրակի օրը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից անցել է շուրջ չորս օր: Ըստ պաշտոնական տեղեկությունների` ունենք ավելի քան 16 զոհ և 2 անհետ կորած: Թեև նման սարսափելի դեպք է տեղի ունեցել, խեղվել են բազում ճակատագրեր, սակայն գործով չկա ոչ մեղադրանք, ոչ էլ` մեղադրյալ: Ինչո՞ւ: Ի՞նչ և ո՞ւմ են փորձում «փրկել» Իրավապահները եւ ինչու մինչ օրս մեղավորների մոտավոր շրջանակը դեռ գծագրված չի: Փորձեցինք զրուցել փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ, ով քրեական գործերով է իրավական աջակցություն ցուցաբերում եւ ամենափորձառու փաստաբաններից է:

«Այն, որ չկա ոչ մեղադրանք և ոչ էլ մեղադրյալ, դեռ ոչ մի վատ բան չի նշանակում: Մեղադրյալներ և մեղադրանք պետք է լինի միայն այն դեպքում, երբ քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներն առկա կլինեն այս կամ այն անձին ինչ-որ բանում մեղադրելու համար: Թե որքան կտևի գործի քննությունը, ոչ ոք ասել չի կարող: Այն կարող է տևել այնքան ժամանակ, քանի դեռ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել: Եթե հետագայում կծանոթանանք գործի նյութերին և կիմանանք, որ ողբերգությունից օրեր անց անհրաժեշտ գործողություններ չեն կատարվել, այդ ժամանակ էլ կարող ենք հստակ տալ գնահատականներ: Այս պահի դրությամբ բնականաբար քննությունն ընթանում է գաղտնի և մենք այդ մասին դեռ ոչինչ չգիտենք: Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ ամենակարևորը` պետք է նշանակված փորձաքննություն լինի: Փորձաքննության ընթացքում պետք է առաջին հերթին պարզ դառնան տեղի ունեցածի պատճառները: Համոզված եմ, որ փորձաքննություն նշանակված է, բայց թե որքան ժամանակ կպահանջվի կոնկրետ եզրակացություն ներկայացնելու համար, ես հստակ ոչինչ ասել չեմ կարող», - իր խոսքը եզրափակեց փաստաբանը:

Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ գործի մանրամասներին ծանոթ չէ, սակայն իրավապահները պետք է նախաձեռնեն վարույթ: «Նոր քրեական օրենսգրքով քրեական գործ հարուցելու ընթացակարգ գոյություն չունի, սակայն վարույթ պետք է որ նախաձեռնված լինի», - ասում է փաստաբանը: «Մեկնաբանելու շատ բան չկա, սակայն կարծում եմ, որ վարույթային գործողություններ ամեն դեպքում ընթանում են», - իր խոսքը եզրափակեց փաստաբանը: