Ապաքաղաքական գործընթաց

Ապաքաղաքական գործընթաց

Հայաստանում իշխանությունը ձեւավորում է ոչ թե ժողովուրդը, այլ՝ մի քանի մարդ։ Եթե հաշվի առնենք, որ մեր երկրում խորհրդարանական կառավարում է, եւ միակ ուղղակի ընտրություններն ԱԺ ընտրություններն են, եւ մենք՝ ընտրողներս, ընտրում ենք մեզ ներկայացված ցուցակներից, իսկ դրանք կազմվում են բացառապես այդ ուժերի լիդերների կողմից, ապա փաստ է, որ Հայաստանում իշխանություն ձեւավորում են այն 5-6 հոգին, ովքեր կազմում են նախընտրական ցուցակները։ Ըստ այդմ՝ այս անգամ իշխանությունը ձեւավորելու են Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանն ու Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, գուցե նաեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Էդմոն Մարուքյանը։

Ընդ որում, քաղաքական ուժերի լիդերները ցուցակները կազմում են միանձնյա եւ առանց թիմերի հետ խորհրդակցելու, անգամ՝ առանց քաղաքական տարբեր իրողություններ հաշվի առնելու։ Դրանք հիմնականում լիդերների ճաշակի ու նախասիրությունների, անձնական որակների եւ մերձավորների շրջանակի հայելային արտացոլումն են։ Ցավալի է, բայց ստիպված ենք արձանագրել, որ ոչ մի լիդեր ցուցակը կազմելիս չի առաջնորդվում երկրի շահով, թեկնածուների՝ քաղաքական համար մեկ մարմնում ներկայացված լինելու համար անհրաժեշտ որակներով, նրանց՝ օրենսդրական աշխատանքի փորձով, հռետորական ձիրքով, հմուտ մասնագետ կամ կազմակերպիչ, հայրենասեր անձ եւ կրթված անհատականություն լինելու փաստով։ Այդ ցուցակները դարձել են լիդերի կողմից իրեն նվիրված մարդկանց խրախուսելու, պարգեւատրելու միջոց։

Ցուցակում հայտնվում են մարդիկ, ովքեր մարզերում ձայներ ունեն եւ ընտրություն կազմակերպելու փորձ։ Ովքեր փող ունեն եւ մեծ շրջապատ։ Այսինքն՝ դեր են խաղում բացառապես ապաքաղաքական գործոններ, եւ արդյունքում ունենում ենք ապաքաղաքական խորհրդարան։