Հայտերը ներկայացվեցին․ ով ինչ հավակնություններ ունի

Հայտերը ներկայացվեցին․ ով ինչ հավակնություններ ունի

Երեկ՝ մայիսի 26-ին, լրացավ նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը։ Մինչեւ երեկ որեւէ քաղաքական ուժ իր ցուցակը հանձնաժողով չէր ներկայացրել, բոլոր քաղաքական կուսակցությունները, դաշինքները իրենց ցուցակները ԿԸՀ ներկայացրին միայն վերջին օրը՝ ժամը 13։00-ից սկսած, եւ դա տեւեց մինչեւ ժամը 18:00-ն։ 

Առաջինը ԿԸՀ ժամանեցին իշխանական կուսակցության՝ «Քաղպայմանագրի» ներկայացուցիչները։ «Մեր միակ ակնկալիքն այն է, որ ժողովրդի իշխանությունն այս ընտրություններում վերահաստատվելու է: Թե ժողովուրդն ում միջոցով կիրացնի իր իշխանությունը՝ որպես կառավարող ուժ, դա թողնում ենք ժողովրդի ընտրությանը: Շատ շուտով, մեկ ժամվա ընթացքում կհրապարակենք ՔՊ ցուցակն ամբողջությամբ»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ով եկել էր ՔՊ ցուցակը հանձնելու, եւ ում մարդիկ հիշում են որպես ուսապարկերի մասին հայտնի հայտարարության հեղինակ ու գլխավոր «ուսապարկ»։ 

«Ցուցակը շատ ներառական է, ներառված են թե՛ գործադիրից, թե՛ ԱԺ-ից: Այո, Տիգրան Ավինյանը չկա: Մի քանի գործիչներ, որոնք գործադիրում են, չկան ցուցակում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 161 թեկնածու, որոնցից 4-ն ազգային փոքրամասնության ներկայացուցիչ թեկնածուներն են, մնացած 157-ը՝ համապետական ցուցակում ընդգրկվածները»,- ասաց նա։

«Հայկ Մարությանը պետք է քաղաքապետությունից դուրս գար, դառնար պատգամավո՞ր: Թեկնածու լինելն ինքնանպատակ չէ»,- ասաց պատգամավորը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու ցուցակում չկա քաղաքապետ Հայկ Մարությանի անունը։ Լրագրողների մեկ այլ հարցին, թե Ավինյանի՝ ցուցակում չլինելը պայմանավորված է նրանով, որ ցուցակում է գործարար Խաչատուր Սուքիասյա՞նը, որը կարող է հետագայում զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը, ՔՊ ներկայացուցիչը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե որտեղից վերցրիք այն ամենը, ինչը նոր ասացիք: Դեռ պետք է ընտրություններ լինեն, դեռ պետք է կառավարություն կազմվի այդ ընտրություններից հետո, որից հետո միայն կընտրվեն վարչապետ ու փոխվարչապետներ»։ Լրագրողների դիտարկումներին, թե ժամանակին Փաշինյանն էր պնդում, որ գործարարները չպիտի զբաղվեն քաղաքականությամբ, սակայն այսօր նույն ՔՊ ցուցակում են թե՛ Խաչատուր Սուքիասյանը, թե՛ Գուրգեն Արսենյանը, պատգամավորն արձագանքեց. «Ես չեմ պատկերացնում մի քաղաքական ուժ, որի ընտրական ցուցակում չլինեն գործարարներ։ Շատ հաճախ համաշխարհային պատմության մեջ գործարարները գնում են քաղաքականություն, բայց ՀՀ օրենքները դնում են որոշակի սահմանափակումներ: Ես անհնար եմ համարում, որ մեր ցուցակով պատգամավոր դարձած գործարարը շարունակի զբաղվել իր գործարարությամբ»։ Լրագրողների հարցին՝ արդյոք գործարար Խաչատուր Սուքիասյանն իրենց փոխվարչապետի թեկնածո՞ւն է, նա պատասխանեց. «Նման հարցերը պետք է քննարկել ընտրություններից հետո, որովհետեւ նախ պետք է հասկանալ, թե քաղաքացիներն ում են ընտրում»։ 

ՔՊ ցուցակի առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի․

1. Նիկոլ Փաշինյան,

2. Արարատ Միրզոյան,

3. Լիլիթ Մակունց,

4. Սուրեն Պապիկյան,

5. Խաչատուր Սուքիասյան,

 6. Լենա Նազարյան,

7. Ալեն Սիմոնյան,

8. Արայիկ Հարությունյան,

9. Արփի Դավոյան,

10. Արսեն Թորոսյան։

Հաջորդը «Բարգավաճ Հայաստանն» էր․ ԿԸՀ ժամանած Արման Աբովյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ ցուցակում ընդգրկված է 90-ից  ավելի թեկնածու։ «Ես հորդորում եմ սեւ կատու մութ սենյակում չփնտրել, գոյություն ունի հստակ գաղափար՝ մենք ԲՀԿ-ի մեր անդամների հետ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Վահե Էնֆիաջյանը մեր թիմի անդամ է»,- ասաց Արման Աբովյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ցուցակում չկա ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։ «Գոյություն ունի սերնդափոխության տրամաբանություն, յուրաքանչյուր քաղաքական ուժ եթե ուզում է լինել լիարժեք, պետք է միշտ այդ փոփոխությունները լինեն, պետք է ճանապարհ հարթվի երիտասարդների համար»,- պնդեց Աբովյանը։ 

ԲՀԿ ցուցակի առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի․

1. Գագիկ Ծառուկյան,

2․ Միքայել Մելքումյան,

3․ Իվետա Տոնոյան,

4. Դավիթ Սիմոնյան,

5․ Կարապետ Գուլոյան,

6․ Շաքե Իսայան,

7․ Քաջիկ Գեւորգյան,

8․ Արման Աբովյան,

9․ Լուիզա Սարգսյան,

10․ Հրանտ Դավթյան։ 

«Վերջին հարցումները փաստում են մի բան, որ ներկայիս իշխանության վարկանիշն ընկնում է, իսկ «Հայաստան» դաշինքի վարկանիշը կտրուկ աճում է։ Եվ մենք դեռ չենք սկսել լիարժեք նախընտրական քարոզարշավ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վադեւանյանը, որը ԿԸՀ էր բերել «Հայաստան» դաշինքի ցուցակը։ Լրագրողների հարցին, թե կա՞ն ուժեր, որոնց հետ բացառում են հետընտրական կոալիցիա կազմելը, Վարդեւանյանը պատասխանեց․ «Ներկայիս իշխանության եւ այդ ուժը ներկայացնող քաղաքական միավորի հետ բացառվում է որեւէ տեսակի համագործակցություն։ Դա առավել քան ողջամիտ ու տրամաբանական արձագանք է՝ հաշվի առնելով, թե մենք ինչ են տեսնում այս երեք տարիների ընթացքում եւ հատկապես ինչ ենք տեսնում 2020թ. նոյեմբերի 9-ից հետո»։ 

«Հայաստան» դաշինքի առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի․

1. Ռոբերտ Քոչարյան,

2. Իշխան Սաղաթելյան,

3. Աննա Գրիգորյան,

4. Վահե Հակոբյան,

5. Արմեն Գեւորգյան,

6. Լիլիթ Գալստյան,

7. Արմեն Ռուստամյան,

8. Սեյրան Օհանյան,

9. Էլինար Վարդանյան,

10. Արծվիկ Մինասյան։ «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված է պատգամավորի 153 թեկնածու։

«Հանրապետություն» կուսակցությունից Անի Խաչատրյանն էր եկել ԿԸՀ, որը տեղեկացրեց, որ իրենց ցուցակում ընդգրկված է պատգամավորի 103 թեկնածու։ Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, երկրորդը արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանն է, երրորդը՝ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

Ապա՝ 4. Ռոմիկ Մխիթարյան,

5. Բորիկ Նազարյան,

6. Անահիտ Ադամյան,

7. Մանվել Ղազարյան,

8. Ալբերտ Հովասափյան,

9. Հայկանուշ Ղշյան,

10. Տավրոս Սափեյան։ 

Լրագրողների հարցին, թե ՔՊ-ի հետ համագործակցություն պատկերացնո՞ւմ են, Խաչատրյանը պատասխանեց. «Ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից, առհասարակ՝ խորհրդարանական մոդելն իր մեջ կոալիցիաներ է պարունակում։ Ոչինչ չեմ բացառում։ Միայն բացառում եմ, որ կհամագործակցենք այն ուժերի հետ, որոնք հոկտեմբերի 27-ը զուտ 5 ռոմանտիկների գործողություն են համարում»։ 

Փաստաբան Նորայր Նորիկյանի գլխավորած «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները տեղեկացրին, որ իրենց ցուցակում 85 պատգամավորի թեկնածուի անուն են ընդգրկել, սակայն գոնե առաջին տասնյակի հետ կապված որեւէ մանրամասն չներկայացվեց, ասացին, որ առաջիկայում կազմն ամբողջական կհրապարակեն։ «Քաղաքականության մեջ ոչինչ պետք է չբացառել, բայց, ինչպես տեսնում եք, մենք մասնակցում ենք առանձին, մենք գործում ենք առանձին։ Մեր շանսե՞րը։ Շանսերն ուղիղ համեմատական են ժողովրդի գիտակցության հետ։ Շանսերը բարձր ենք գնահատում, քանի որ մենք իրոք մարտական ենք տրամադրված»,- ասաց «Արդար Հայաստանի» ներկայացուցիչը։ 

«Ազատ հայրենիք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորելու է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց դաշինքի անդամ Անդրիաս Ղուկասյանը։ «Վարչապետի թեկնածուն ես եմ։ Պարույր Հայրիկյանը չի առաջադրվում, բայց նրա գլխավորած կուսակցությունն ակտիվ դերակատարություն ունի այս քաղաքական նախաձեռնության մեջ»,- ասաց Ղուկասյանը։ \

Նա նշեց, որ հետընտրական փուլում իրենց դաշինքը կոալիցիա չի կազմի ո՛չ ՔՊ-ի, ո՛չ էլ «Հայաստան» դաշինքի հետ։ «Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիների զգալի մասը դեռեւս կողմնորոշված չէ։ Մեր նպատակն է՝ քաղաքացիների համար ստեղծել արժանի ընտրություններ»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը։ Հարցին՝ հաջողության չհասնելու դեպքում կրկին հացադուլային պայքա՞ր է հայտարարելու, Ղուկասյանն ասաց. «Հասկանում եմ Ձեր հեգնանքը, բայց հիշեցնեմ, որ 2013-ին գրեթե բոլորը պառկած էին Սերժի տակ, եւ միայն ես դուրս եկա այդ ռեժիմի դեմ։ Այդ հացադուլը դրան էր ուղղված, որովհետեւ դրա պահանջն էր՝ դադարեցնել շինծու ընտրությունները»։ «Ազատ հայրենիք» դաշինքի մաս են կազմում «Ազգային ինքնորոշում միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական հայրենիք», Հայ կառուցողական եւ Պահպանողական կուսակցությունները։

«Պատիվ ունեմ» դաշինքից ԿԸՀ էին ներկայացել Վանեցյանի կուսակցության մամուլի պատասխանատու Սոս Հակոբյանն ու ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանը։ Լրագրողների հարցին, թե ինչու ցուցակում չկան ո՛չ Շարմազանովը, ո՛չ Աշոտյանը, Մկրտչյանը պատասխանեց, որ վերջիններս այդ հարցին բազմիցս պատասխանել են։ «Մենք մասնակցում ենք այս ընտրություններին՝ երկիրն այս աղետից, այս ճգնաժամից հանելու համար»,- ասաց Հակոբյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը հետեւյալ տեսքն ունի․

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյան, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան, Սերժ Սարգսյանի օգնական Աննա Մկրտչյան, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյան, ՀՀԿ երիտթեւի նախագահ Հայկ Մամիջանյան, ԱԺ նախկին գումարման անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյան, նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյան, քաղաքագետ Տիգրան Աբրահամյան, Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյան, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյան։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակն էլ հետեւյալ տեսքն ունի՝

1. Էդմոն Մարուքյան,

2. Արտյոմ Գեղամյան,

3. Անի Սամսոնյան,

4. Գեւորգ Գորգիսյան,

5. Դավիթ Խաժակյան,

6. Կարինե Ղուկասյան,

7. Սարիկ Մինասյան,

8. Լեւոն Մարտիրոսյան (Կանադայում ՀՀ նախկին դեսպան),

9. Սրբուհի Գրիգորյան,

10. Ստեփան Ստեփանյան։

ՀԱԿ ցուցակը ԿԸՀ ներկայացրեց իրավաբան Արմեն Խաչատրյանը։ 101 թեկնածու է ընդգրկված, գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ համարը կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն է, երրորդը՝ Ինեսա Գաբայանը։ Խաչատրյանն ասաց․ «Երբ ցուցակին ծանոթանաք, կհասկանաք, որ, ըստ էության, անհատների լայն դաշինք է, եւ մեր կուսակցական այն անձանցից, ովքեր տարիներ ի վեր եղել են կուսակցության շարքերում»։

Բացի վերը թվարկված ուժերից, հայտ ներկայացրին նաեւ «Սասնա ծռերը»՝ Ազգային ժողովրդավարական բեւեռը, «Քաղաքացու որոշումը», 5165 ազգային պահպանողական շարժում կուսակցությունը՝ Կարին Տոնոյանի գլխավորությամբ, «Զարթոնք» կուսակցությունը՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ղեկավարությամբ, «Իմ տունը Հայաստանն է» դաշինքը՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գլխավորությամբ։
Թվով 29 հայտ է ներկայացվել, թեեւ ԿԸՀ-ից խոստացան այսօր հայտնել դիմողների թիվն ու այլ մանրամասներ։